Գառնիկ Իսագուլյանը պատրաստ չէ «աբիժնիկների» հետ նույն դաշինքում լինել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշման մեջ ոչ մի «արտառոց» բան չկա։ Այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, անկախ նախկին զբաղեցրած պաշտոնից՝ ազատ է որոշում կայացնելու՝ իր հետագա ճակատագրի հետ կապված, ինչը վերաբերում է նաև Հովիկ Աբրահամյանին։

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ իրենց ներկուսակցական խնդիրներին՝ ասելով, որ «մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»:

– Պարոն նախագահը մեջբերել է բնության օրենքերից մեկը, այնպես որ, ես այնտեղ որևէ բան չեմ տեսնում, ով ինչպես ուզում՝ հասկանում է, մարդը հստակ ասում է՝ եթե գետից առանձնացվում են որոշակի վտակներ, այդ վտակները կարող են և ցամաքել։ Այնպես որ, չեմ կարծում, որ այդտեղ որևէ բան մենք պետք է փնտրենք, հասկացրեց, որ ՀՀԿ-ն մեծ գետի նման հոսող կուսակցություն է, և նրանից անջատվողները, եթե նորից հետ չեն վերադառնում դեպի այդ նույն գետը, ապա կա՛մ ցամաքում են, կա՛մ շատ բարակ հունով շարունակում են իրենց ճանապարհը։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում։

Այսօր Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց Սերժ Սարգսյանի այդ խոսքերին՝ ասելով, որ «ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:  Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»։

– Ես, ցավոք սրտի, պատասխանը չեմ կարդացել, բայց ինչի՞ է մարդն իր վրա վերցրել և պատասխանել, դժվար է ասել։ Որևէ մեկնաբանություն այդ առումով չեմ կարող ասել, բայց եթե գետն աղտոտված է, ցանկացած անջատված վտակ էլ նորից աղտոտված է մնում։ Եթե գետն աղտոտված է, վտակն ինչպե՞ս կարող է անարատ ու մաքուր մնալ, ուրիշ բան՝ եթե նա ակունքից տարանջատվել է։

Ձեր մասով ի՞նչ կարող եք ասել։ Այս պահին ի՞նչ բանակցություններ են ընթանում Ձեր և այլ ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

– Այնպես չէ, որ բանակցություններ չենք վարում, բայց ես ասել եմ, որ ինձ համար առաջնահերթը Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելն է, և ցանկացած իմ որոշում անպայման պետք է համաձայնեցված լինի ԼՂՀ նախագահի հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բոլոր դաշինքները, որ հիմա ձևավորվում են, զուտ տեխնիկական են, առայժմ հստակ ասել, թե մենք ի՞նչ կանենք՝ դժվար է, չեմ թաքցնում, որ տեխնիկական միավորումների պարագայում, եթե այնտեղ չկա գաղափարական, ծրագրային, մեր ապագայի նկատմամբ ընդհանրական պատկերացումների համախմբում, ապա նման դաշինքներում հայտնվելը լինելու է բացառապես ինքնանպատակ: Եվ հատկապես, եթե հիմա ձևավորվող դաշինքների մեջ պարզվի, որ հայտնվում են «աբիժնիկներ», նախկին այլ կուսակցությունների անդամներ, որոնք զրկվելով իրենց հնարավորություններից, գալիս են մի ուրիշ դաշինք, որի հետ հույս են կապում, որ հետագայում զբաղեցնեն նույն պաշտոնը, որ ունեցել են նախկինում… Նախկինում թող գործ անեին, այսինքն՝ այն ժամանակ թալանել են, հիմա հայտնվել են իշխանությունից դուրս, արագ գնում են նոր դաշինքների մեջ՝ իրենց հնարավոր ձայները վաճառելու, ու դրա արդյունքում՝ նորից  տեղ զբաղեցնելու իշխանական բուրգում։

Ո՞ւմ նկատի ունեք։

– Ցանկացածին, որևէ մեկի չեմ առանձնացնում, ցանկացած դաշինք, որ այսօր ձևավորվում է, եթե իրենց շարքերում պատեհապաշտությունն այդ մակարդակի հասնի, ապա  մենք հարկ չենք համարի նման դաշինքներում ընդգրկվելու։

Հաշվի առնելով Ձեր անձնական համակրանքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, կարելի՞ է ենթադրել, որ Դուք հենց Գագիկ Ծառուկյանի և իր շուրջ ձևավորվող դաշինքի հետ եք բանակցում։

– Չէ, այդպես միանշանակ ասել չի կարելի. այն, որ հանդիպում եմ, զրուցում եմ՝ դա միանշանակ է, բայց, միևնույն է, դա կլինի պարոն Ծառուկյա՞նը, թե՞ կլինեն մյուս դաշինքները, եթե այն սկզբունքները, որ մենք ասում ենք՝ չհամապատասխանեն, և պատեհապաշտ մարդիկ հայտնվեն կամ «աբիժնիկները» (կլինեն ՀՀԿ-ից, ՀՀՇ-ից, ուրիշ տեղից), կգան, կլցվեն այնտեղ, մենք նման դաշինքներում մեզ չենք տեսնում։

Ովքե՞ր են այդ «աբիժնիկները»։

– Չէ, ես ընդհանուր եմ ասում, կոնկրետ դաշինքի չի վերաբերում։

Տեսանյութեր

Լրահոս