«Հայաստանն ունի զսպիչ մեխանիզմներ ռուս-ադրբեջանական զենքի գործարքների դեմ, որոնք կարող են կիրառվել». Ստեփան Գրիգորյան
«Եթե հայկական կողմը դժգոհ է Մոսկվայի վարած այս քաղաքականությունից, ապա առաջին հերթին պետք է դիտարկի իր քաղաքականությունը»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն, անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի նոր գործարքները վերահսկելու ՀՀ գործիքակազմին։
Հիշեցնենք, որ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ։ «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- նշել է նա:
Սրան զուգահեռ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը նորագույն զինտեխնիկա է ստացել Ռուսաստանից, ապա ձևավորել հայ-ռուսական միացյալ զորախումբ, որի շրջանակում շարունակվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացումը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը փորձեց բացատրել, թե ինչու հայկական կողմի դժգոհությունները չեն հասնում Կրեմլին և ինչու է Ռուսաստանին հաջողվում ռազմականացնել առանց այն էլ սպառազինված տարածաշրջանը։
Գրիգորյանն ասաց, որ զարմանում է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհում է զենքի վաճառքից, քանի որ նաև նրա քաղաքականության պատճառով է բարձրանում տարածաշրջանի ռազմականացման մակարդակը, հենց նրա քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում, ամրապնդվում և ընդլայնվում է, ինչն էլ հանգեցնում է հակամարտության գոտու ռազմականացման։ Վերլուծաբանի խոսքով, այս հարցում կա նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության մեղքը. Ադրբեջանը ցանկանում է ուժով լուծել ԼՂ հակամարտությունը, որի համար սպառազինություն է գնում Պակիստանից, Իսրայելից, Ռուսաստանից և այլ երկրներից։
«Եթե հայկական կողմը դժգոհ է Մոսկվայի վարած այս քաղաքականությունից, ապա առաջին հերթին պետք է դիտարկի իր քաղաքականությունը։ Ի՞նչ է անում Հայաստանը։ Հայաստանը ստորագրում է ռազմական համագործակցությանը վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ, որը բերում է Ռուսաստանը, խոսքը ՀՕՊ համակարգի, հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին է։ Այսինքն՝ այստեղ կա հենց ՀՀ իշխանությունների լուման։ Մյուս կողմից կա Ադրբեջանի լուման։ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ուժով լուծել ԼՂ հարցը, գնում են զենքեր, դա հանգեցնում է նրան, որ հայկայան կողմը ևս ձգտում է զինվել, որից հետո դիմում ենք Ռուսաստանին, որպեսզի ռուսական կողմն աջակցի, այդ կողմն էլ աջակցում է կիսատ, այս ողջ գործընթացը հանգեցնում է տարածաշրջանի ռազմականացման։
Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, միջնորդ, ռազմականացնում է հակամարտության գոտին, զենք վաճառելով և Հայաստանին, և ԱԴրբեջանին։ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները պաշտոնական որոշումներ ունեն Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություն չվաճառելու վերաբերյալ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն չկարգավորված հակամարտություն, ի տարբերություն այս դիրքորոշման, Ռուսաստանը վաճառում է զենք»,-նշեց Ստեփան Գրիգորյանը։
Նրա համոզմամբ, դժվար է վերահսկել այս գործընթացը, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սուվերեն երկրներ են, որոնք կարող են առանց երրորդ կողմերի ստորագրել պայմանագրեր նաև ռազմական ոլորտում։ Բայց, ըստ նրա, կան զսպիչ մեխանիզմներ։ «Դրանցից մեկը ՀԱՊԿ-ն է, որի անդամ են և Հայաստանը, և Ռուսաստանը։ Նման դաշինքի անդամները ստանձնում են պարտավորություններ միմյանց հանդեպ, համաձայն որոնց, եթե անդամ երկրներից մեկը վտանգի մեջ է , ստանում է մյուսների աջակցությունը։ Բայց այստեղ հակառակն է ստացվում, փոխանակ Ռուսաստանը մեզ աջակցի, վաճառում է զենք Ադրբեջանին։ Մեխանիզմներից մեկն այս հարթակում հարցեր բարձրացնելն ու պահանջներ առաջադրելն է։ ՀԱՊԿ-ը պետք է մտածի Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու մասին։
Հարցն այն է, որ անկախ արդյունքից, մենք պետք է անընդհատ բարձրացնենք այս հարցը։ Մյուս մեխանիզմը ԵԱՀԿ-ն է, որի շրջանակում կա սովորական սպառազինությունների վերահսկման պայմանագիր, պարզ է, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով զինվում է, ուրեմն այդ շրջանակներում պայմանավորվածությունները սահմանափակումները խախտում են, այս մեխանիզմի միջոցով ևս Հայաստանը կարող է հարց բարձրացնել։ Թե որքանով կազդի դա այլ խնդիր է բայց կան մեխանիզմներ։ Եթե ՀԱՊԿ-ի կարգավորումները չեն գործում, ուրեմն հայկական կողմն այնպես պետք է անի, որ գործեն դրանք։ Եթե մեկ անգամ բարձրացրինք հարցը, չստացվեց, ապա պետք է երկրորդ, երրորդ անգամ բարձրացնել։ Մենք բոլորս հասկանում ենք ՀԱՊԿ-ի թերությունները, բայց այնուամենայնիվ անդամ ենք, ուրեմն պետք է փորձենք հնարավորինս կիրառել այդ անդամությունը։
Պետք է հերթական գագաթնաժողովի ժամանակ հարց բարձրացնել կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի միջոցով դժգոհություն արտահայտել Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ։ Կամ եթե Ադրբեջանի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել, հայկական կողմը ՀԱՊԿ-ի միջոցով հարց պետք է բարձրացնի, թե ի՞նչ զենք է Ռուսաստանը ծրագրում վաճառել, արդյո՞ք այդ անդրադարձը համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ մենք գործիքակազմն ունենք, թույլ են մեր դիրքերը, քանի որ մենք առկա այս հարցերը չենք բարձրաձայնում, չենք մատնանշում, որ սխալներ են թույլ տրվում։ Մենք կարող ենք ակտիվ աշխատել, հարցեր ուղղել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, եթե դա չենք անում, ապա դժգոհություններն անտեղի են»,-նման տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը։