Իրավիճակ է եղել, որը չպետք է լիներ. Գզոյանին գնահատում եմ որպես գիտնականի՝ կառավարումը կոնկրետ օղակ է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով թանգարան–ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելու հարցին։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ըստ շրջանառվոող լուրերի, նրան պարտադրել են հրաժարականի դիմում գրել:
Նիկոլ Փաշինյանը լրագողների հետ զրույցում հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
«Գզոյանին գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում` թանգարան-ինստիուտում։
Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, սակայն կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,- հայտարարեց նա։
Անդրեասյանի խոսքով` թանգարան-ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը։
«Բոլոր հացրերը ստացել են իրենց պատասխանները։ Ես հարց եմ բարձրացրել կառավարման մասով, ու հանդիպման ժամանակ չի խոսվել Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման աշխատանքների մասին»,- վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է թանգարան-ինստիուտի «Արցախի» բաժինը փակելու մասին խոսակցություններին, ապա Անդրեասյանն ուղիղ չպատասխանեց. «Ես աշխատակիցներին ասել եմ, որ վերադառնան իրենց գիտահետազոտական աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական աշխատանքում որևէ բան չի փոխվում»։
Նա ավելացրեց, որ թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացվել է պետության կողմից, և երբեք պետությունն այս չափի աջակցություն չի տրամադրել կառուցին, որքան վերջին տարիներին։



