Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրաքի անվտանգության աղբյուրները հարձակումը որակել են որպես ամենաուժեղը ԱՄՆ-ի և Իսրայել-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։
Տեղեկությունների համաձայն՝ C-RAM հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ներից երկուսը, սակայն երրորդը հարվածել է դեսպանատան տարածքին։
Իրաքի անվտանգության ուժերը տեղակայվել են մայրաքաղաքի տարբեր մասերում և փակել են Բաղդադի ամրացված «Կանաչ գոտին», որտեղ գտնվում են կառավարական շենքեր և դիվանագիտական առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը։
BBC-փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը մոտ վեց ժամ առաջ անվտանգությանը վերաբերող նոր նախազգուշացում էր տարածել Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ նշելով, որ Իրանին աջակցող աշխարհազորայինները բազմիցս հարձակվել են Բաղդադի կենտրոնում գտնվող Միջազգային գոտու վրա։
Իրանին աջակցող աշխարհազորայինները հարվածներ են հասցնում Իրաքում ԱՄՆ թիրախներին՝ ի պատասխան փետրվարի 28-ին սանձազերծված պատերազմի։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։



