Տեսչական ստուգումների համակարգի նորարարությունները կարող են օգնել Հայաստանին դառնալ բիզնես անելու առավել բարենպաստ երկիր
Արսեն Նազարյանը, Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար, որը իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտուր և մրցունակություն Գլոբալ նախաձեռնություն դեպարտամենտի ներքո:
Պետությունը տեսչական ստուգումների բարեփոխումները որդեգրում է որպես գործարար միջավայրի բարելավման հանրահայտ և արդյունավետ գործիք։ Տեսչական ստուգումների բարեփոխմամբ Հայաստանում ներդրվել է միանգամայն նոր՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մոտեցում, որը կառավարությանը հնարավորություն է տալիս կրճատել տեսուչների հաճախակի այցերը տնտեսվարողներին և միջոցները կենտրոնացնել առավել ռիսկայինների վրա՝ այդպիսով խնայելով տնտեսվարողների և՛ ժամանակը, և՛ միջոցները։ Այս ոլորտի նորարարություններից է տեսուչների սեփական հայեցողության կիրառման սահմանափակումը, որն էլ նվազեցնում է կոռուպցիայի հնարավորությունը։ Նոր մոտեցումը տեսուչից պահանջում է դառնալ «ուղեցույց և խորհրդատու», այլ ոչ թե «վերահսկիչ և պատժող»։
Տեսչական ստուգումների օգնությամբ կառավարությունը պետական վերահսկողություն է իրականացնում իրավական պարտավորությունների կատարման նկատմամբ։ Այն նպատակ է հետապնդում պաշտպանել հանրության իրավունքները և օրինական շահերը՝ ընդսմին ապահովելով անվտանգություն և կարգապահություն։ Սակայն տեսչական ստուգումները կարող են կլանել տնտեսվարողների միջոցներն ու ժամանակը։ Ի լրումն, տեսուչների՝ իշխանության և իրավունքի չարաշահման հակումը կարող են տեսչական ստուգումների գործընթացն անարդյունավետ դարձնել։
Անարդյունավետ կազմակերպված և իրականացված տեսչական ստուգումները կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ ընդհանուր գործարար միջավայրի համար, ինչպես նաև սահմանափակել ներդրումները, միևնույն ժամանակ ձախողելով կառավարության կողմից՝ իր իսկ միջոցների հաշվին հիմնախնդիրների լուծման ջանքերը։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, մասնավորապես, պետությունները որդեգրել են տեսչական ստուգումների բարեփոխումներ՝ իբրև հանրահայտ և արդյունավետ գործիք գործարար միջավայրի բարելավման համար, ինչպես նաև իրենց երկրի՝ որպես բիզնես անելու առավել բարենպաստ վայրի ընկալում ձևավորելու, արտաքին և ներքին ներդրումների խրախուսման նպատակով։ Բազմաթիվ երկրներ բարեփոխել են իրենց տեսչական ստուգումների համակարգը, այդ թվում Մեքսիկան՝ 1995 թվականին, մեծաթիվ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նախկին խորհրդային պետություններ՝ 1990-ականների վերջին, ինչպես և օրինակելի դարձած ՄԹ-ն (UK) և Նիդեռլանդները՝ համապատասխանաբար 2005 և 2006 թթ..-ից սկսած։ Համեմատաբար վերջերս՝ 2010 թվականից Լիտվան է ձեռնարկել այդ բարեփոխումները, իսկ Իտալիան՝ 2011 թ.-ից։ Հայաստանը, ևս, ընդգրկվել է տեսչական բարեփոխումների գործընթացի մեջ։
Այս ոլորտի բարեփոխումներին կանաչ լույս տրվեց 2009 թ.-ից։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ի Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» ծրագիրը, որն իրականացվում է« Համաշխարհային բանկի խմբի Առևտրի և գլոբալ մրցունակության» նախաձեռնության կողմից, աջակցել է կառավարության՝ երկրում գործող բիզնեսների տեսչական ստուգումների համարգի բարեփոխման ջանքերին, վերջինններիս համար առավել հեշտացնելով կանոնակարգերի պահանջների կատարումը։
IFC-ն ՀՀ կառավարությանը տրամադրած խորհրդատվությամբ աջակցել է իրավական դաշտին առնչվող հարցերով, որպեսզի ներդրվի Հայստանում միանգամայն նոր մոտեցում, այն է՝ ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումներ։ Այս մոտեցումը կառավարությանը հնարավորություն է տալիս կրճատել տեսուչների կատարած այցերը տնտեսվարողներին և միջոցները կենտրոնացնել առավել ռիսկայինների վրա։ Օրենքը, միաժամանակ, գործընթացն առավել թափանցիկ է դարձրել, ըստ որի տեսուչները պարտավոր են կիրառել ստուգման ենթակա հարցաշար պարունակող ստանդարտ ստուգաթերթ։ Սրանով սահմանափակվում է տեսուչի սեփական հայեցողության կիրառությունը, այդպիսով նվազեցնելով կոռուպցիայի հնարավորությունը։ Յուրաքանչյուր տեսչական մարմին պետք է մինչև ստուգումների նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատի տարեկան տեսչական ստուգումների պլանը և եռօրյա ժամկետում հրապարակի իր վեբ կայքում՝ փոքրացնելով չնախատեսված այցերի հավանականությունը։ Բարելավված իրավական դաշտը սահմանում է նաև տեսուչների և ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչը խնայում է տնտեսվարողների և կառավարության ժամանակն ու միջոցները։
2015 թվականի սեպտեմբերը նշանավորվեց ևս մեկ առանցքային հենանիշի հաստատմամբ, երբ բարեփոխումների արդյունքում Հայաստանում ստեղծվեց նոր սկզբունքներով գործող առաջին տեսչական մարմինը՝ Շուկայի վերահսկողության տեսչությունը։ IFC-ն իր աջակցությունն է տրամադրել բարեփոխումների սկզբից մինչև վերջ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կարևորագույն դեր ունի սպառողական ապրանքների անվտանգության գործում։ Շուկայի արդյունավետ ստուգումները և մոնիտորինգը կարևոր են ոչ միայն սպառողին վտանգավոր ապրանքներից պաշտպանելու, այլև հեղինակություն վայելող բիզնեսների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու հարցերում։
Այսուհանդերձ, շարունակական բարեփոխումները կարող են խաղի կանոնները փոխել միայն այն դեպքում, երբ բոլոր առանցքային մասնակիցները տեղեկացված են այդ փոփոխությունների մասին։ Ուստի, բարեփոխումներն իրականում կյանքի կոչելու համար մեծապես կարևոր է արդյունավետ հանրային իրազեկման արդյունավետ քարոզարշավի դերը։ IFC ծրագիրն օժանդակել է ՀՀ կառավարությանը 2016 թվականի ամռանը Հայաստանի 10 մարզերում կազմակերպել հարկային իրազեկման քարոզարշավներ և վերապատրաստումներ, որոնց նպատակն էր մեծացնել տեսուչների և բիզնեսների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկությունը՝ նվազեցնելով կոռուպցիայի հնարավորությունը և ապահովելով արդար ու վստահելի կարգավորիչ միջավայր։
Չնայած այս նշանակալի առաջընթացին, դեռևս շատ անելիքներ կան։ Առանց կոնսոլիդացված ՏՏ համակարգի առկայության անհնար է կազմակերպել ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումներ, քանի որ համապատասխան տեղեկատվական համակարգերն ապահովում են ռիսկի վերլուծության նպատակով բիզնեսների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, պահպանումը և տեսչությունների միջև փոխանակումը։
IFC ծրագիրն իրականացրել է տեսչական ստուգումների գործող համակարգի տեխնիկական ֆունկցիոնալության և ՏՀՏ կարողությունների գնահատում, մշակել դրանց բարելավման առաջարկություններ, ինչպես նաև առաջարկել համակարգչային ծրագրի կայուն ինտեգրում կազմակերպելու համապատասխան համակարգի նախագիծ։
Համապատասխան օրենսդրությունը և առաջադեմ տեխնոլոգիաներն առանցքային նշանակություն ունեն արդյունավետ ստուգումների հարցում, սակայն այդ ամենն ի չիք է դառնում առանց գիտելիքներով և նոր կանոնների կիրառման հմտություններով զինված տեսուչների։
Նոր մոտեցումը տեսուչներից պահանջում դառնալ բիզնեսի «ուղեցույցն ու խորհրդատուն», այլ ոչ թե «վերահսկիչն ու պատժողը»։ Եթե նախկին տեսչական համակարգն առաջնորդվում էր զսպման մեխանիզմով, որը ներառում էր հաճախակի այցեր, վախ և տույժ-տուգանքներ, ապա նոր մոտեցումը բնութագրվում է խրախուսման տարբեր ձևերի հավասարակշռմամբ, որն առաջարկվում է բիզնեսին՝ ի պատասխան օրենքի պահանջների կատարման։ Նոր սկզբունքների կիրառման գիտելիքների բացակայությունը կարող է խոչընդոտել տեսուչների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացմանը։
Հաջակցություն տեսուչների կարողությունների հզորացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, IFC-ն պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության կառավարության՝ կանոնակարգումների կիրարկման և ստուգումների հարցերով փորձագիտական կազմակերպության՝ Կանոնակարգային լավագույն ծառայություններ մատուցող մարմնի հետ, որպեսզի վերջինս կրթական նյութեր մշակի և կանոնակարգման հիմնական հմտությունների և շուկայի վերահսկողության թեմաներով վերապատրաստումներ կազմակերպի։
2016 թվականին շուրջ 80 հայ տեսուչներ մասնակցել են վերապատրաստումների, որոնց նպատակն էր օգնել նրանց ավելի լավ պատկերացում կազմել բիզնեսին աջակցելու առավելությունների վերաբերյալ։ Նոր համակարգում տեսուչները պետք է կարողանան հստակ և արդյունավետորեն հաղորդակցվել բիզնեսի հետ, միևնույն ժամանակ տրամադրել արդի տեղեկություններ, կողմնորոշում և նրանց կարիքներին արձագանքող խորհրդատվություն։ Տեղական առանձնահատկություններին համահունչ մշակված և համապատասխանեցված ուսումնական նյութերը կօգտագործվեն քաղաքացիական ծառայողների հետագա վերապատրաստումների ժամանակ՝ որպես նրանց շարունակական մասնագիտական զարգացման բաղկացուցիչ մաս։
Սակայն, դեռևս շատ անելիքներ կան։ Կանոնակարգային բարեփոխումները երբեք մեկ օրում իրականություն չեն դառնում, և, սովորաբար, մարդկանց մտածելակերպը փոխելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Ինչևէ, ունենալով համապատասխան օրենսդրությունը, անհրաժեշտ գործիքներն ու հմտությունները, տեսուչները կազմ-պատրաստ են անցում կատարել ռիսկի վրա հիմնված ստուգումների։ Բոլոր շահագրգիռ կողմերի համակարգված գործողությունները կարող են նպաստել, որ այս նորարարական, առավել արդյունավետ համակարգը համընդհանուր շահերին ծառայի։
IFC