Հայացք 2016-ին` 2017-ից
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու տնտեսագետներն ամանորյա տոներից հետո անհամբեր սպասում են վիճակագրական նոր տվյալների հրապարակմանը, որոնք թույլ կտան լիարժեք պատկերացում կազմել անցնող տարվա մասին։
Այդ տվյալները, իհարկե, ոչ թե միանգամից են հրապարակվում, այլ մաս-մաս։ 2017-ի ընթացքում դեռ մեկ աշխատանքային շաբաթ ենք ունեցել, և այս ընթացքում դեռևս 2016 տնտեսական տարվա մասին պատմող ցուցանիշների մի փոքր մասն է հրապարակվել։ Ամեն դեպքում, դրանք բավականին կարևոր ցուցանիշներ են, որոնց առանձին-առանձին կանդրադառնանք։
Կանխատեսվածից ցածր տնտեսական աճ
Դատելով 2016 թվականի առաջին 3 եռամսյակների ՀՆԱ-ի ցուցանիշներից և 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշից (0.6%)` դժվար չէր ենթադրել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ աճը կանխատեսվող 2.1%-ից շատ ավելի պակաս կլինի։ 2016 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, Ազգային վիճակագրական ծառայությունը այն կհրապարակի փետրվարից ոչ շուտ։ Սակայն 2016 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, կարելի է ասել, հայտնի է։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` հունվարի 17-ի ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանվեց կառավարության գործունեության 100 օրվան նվիրված հաշվետվությունը, որտեղ, ի թիվս այլ ցուցանիշների` նշված էր նաև 2016 թվականի ՀՆԱ աճի ցուցանիշը` 0.5%։ Ընդ որում, նշված չէ, որ դա կանխատեսում է։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ կառավարությունը ներկայացրել է օպերատիվ տվյալը, որը դեռևս հրապարակված չէ։ Իսկ եթե սա անգամ կանխատեսում է, ապա ամենաթարմ կանխատեսումն է, և փաստացի ցուցանիշը դժվար թե զգալիորեն շեղվի 0.5%-ից։ Ի դեպ, օրեր առաջ ԿԲ-ն հրապարակեց դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունը, որի ժամանակ որոշվել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով (մինչև 6.25%)։
Արձանագրության մեջ նշվում էր, որ 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը 1.1 տոկոսային կետով ցածր է եղել նոյեմբերին ԿԲ-ի կողմից արված գնահատման համեմատ։ ԿԲ-ն այդ շեղումը պայմանավորել է հիմնականում գյուղատնտեսության, շինարարության և անուղղակի հարկերի` սպասվածից ավելի մեծ կրճատումներով։ Ուստի, տնտեսական աճի գնահատումներն ու կանխատեսումները վերանայվել էին դեպի ներքև, որի արդյունքում 2016թ.-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը ԿԲ-ն կանխատեսել էր 0.8-1.2% միջակայքում` նախորդ կանխատեսման 1.2-1.7% միջակայքի դիմաց։
6 մլրդ դոլարին մոտեցող պետական պարտք
3 օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակեց պետական պարտքի ամսական տեղեկագիրը` 2016 թվականի դեկտեմբեր ամսվա համար։ Պարզ դարձավ, թե որքան պարտք է կուտակել Հայաստանի Հանրապետությունը` 2016-ի վերջի դրությամբ։ Այսպես, ՀՀ պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ կամ 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար։ Պետական պարտքը տարվա սկզբի համեմատ աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Ուշագրավն այն է, որ միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքն աճել է 185.3 մլրդ դրամով կամ 342.5 մլն դոլարով։ ՀՀ արտաքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 482.1 մլն դոլարով և 2016 թվականի վերջին կազմել 4 մլրդ 798.3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքն աճել է 303.3 մլն դոլարով։ Նշենք, որ արտաքին պարտքից 504.7 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։ ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 181.6 մլրդ դրամով և կազմել 550 մլրդ դրամ։
Միգրացիայի դրական սալդո` օդային ճանապարհով
Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած մարդկանց թիվը, իսկ ավելի ճիշտ` դրանց տարբերությունը, ամենակարևոր թեմաներից մեկն է։ Միգրացիայի ամբողջական պատկերը նախորդ տարվա համար դեռ չունենք (ըստ բոլոր տրանսպորտային միջոցների), սակայն ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արդեն հրապարակել է օդային ճանապարհով Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած անձանց տվյալները։ Ըստ այդմ, 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 1063215 մարդ (1057387-ը` «Զվարթնոց» օդանավակայանով, 5828-ը` «Շիրակ» օդանավակայանով)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 1054746 մարդ (1048153-ը` «Զվարթնոց» օդանավակայանով, 6593-ը` «Շիրակ» օդանավակայանով)։
Ստացվում է` օդային ճանապարհով Հայաստան ժամանածների թիվը 2016 թվականին 8469-ով գերազանցել է մեկնածներին (դրական սալդոն ապահովվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքի գծով)։
Սա ուրախալի ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին այս հաշվեկշիռը բացասական էր։ Օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը 11083-ով քիչ էր մեկնողների թվից (953956-ը` 965039-ի դիմաց)։
Երկու օդանավակայանների միջոցով ընդհանուր ուղևորահոսքը 2016 թվականին կազմել է 2177961 մարդ, որը շուրջ 200 հազարով կամ 10.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի գծով ուղևորահոսքն աճել է 12%-ով, իսկ «Շիրակ» օդանավակայանի գծով` նվազել 68%-ով։
Գնանկումային տարի
Թեպետ 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ` պայմանավորված պարենային ապրանքների 3.1% գնաճով, 2016 թվականին ամբողջ տարվա համար ունեցել ենք գների անկում։ Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%։ Սա հենց 12-ամսյա գնաճն է, որը թիրախավորվում է ԿԲ-ի կողմից։
Այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)` 0.2%, ոչ պարենային ապրանքներինը` 3.4%, ծառայությունների սակագները` 0.7%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար` 1.4%, 3%, 2.5% անկում է եղել, միայն ծառայությունները թանկացել են 1.8%։
Լա՞վ է սա, թե՞ վատ։ Առանձին վերցրած սպառողի տեսանկյունից` միգուցե և լավ է (կարճաժամկետ հեռանկարում)։ Ի վերջո, հունվարի 13-ին պատասխանելով շաքարավազի և մենաշնորհային այլ ապրանքների գների մասին աճին` վարչապետ Կարեն Կարապետյանը հենց գնանկման վիճակագրության օգնությանը դիմեց, ասելով` ձեր գնողունակությունը չի ընկել։
Սակայն գնանկումը նույնքան մտահոգիչ է, որքան չափից դուրս բարձր գնաճը, քանի որ վկայում է տնտեսության ստագնացիոն վիճակի մասին։
Մյուս կողմից` հենց գնանկումը Կենտրոնական բանկին թույլ տվեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2016-ի դեկտեմբերին այն սահմանել 6.25% բավականին ցածր մակարդակի վրա։ Սակայն առայժմ հնարավոր չէ ասել` ինչպես դա կազդի վարկավորման ակտիվացման և տնտեսական աճի վրա։
Այս պահին հայտնի է առայժմ այսքանը։ Ընդամենը մի քանի օրից Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար, որտեղ կերևա տնտեսական ակտիվության ցուցանիշը, տարբեր ոլորտների դինամիկան, աշխատավարձերի փոփոխությունը և արտաքին առևտրի տվյալները։