«Եթե ամեն սփյուռքահայ տարեկան գոնե 1-2 շիշ հայկական գինի գնի, ապա մեր խաղողը չի հերիքի, բայց նույնիսկ այդքան չեն գնում». Ավագ Հարությունյան
Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին 7 տարում նկատվում է՝ հայ ժողովուրդն ավելի շատ գինի է խմում, քան օղի: Մինչև 2011թ. հայերը գտնվում էին աշխարհի ամենաշատ օղի խմող ազգերի ցանկի 3-4-րդ տեղում: Իսկ այս տարի Ամանորի սեղանին ավելի շատ հայկական գինի կար, քան անցած տարի: Այսինքն՝ մոտավորապես 30%-ով ավելացավ հայկական գինու սպառումը ծավալային առումով, իսկ արժեքի առումով՝ մոտ 15% աճ ունեցանք»:
Նա ընդգծեց, որ 2013թվականից նվազում է արտասահմանյան գինիների մասնաբաժինը մեր ներքին շուկայում: «Նախորդ տարիների 500 հազար շշի փոխարեն՝ հիմա ունենք մոտ 200 հազար շիշ արտասահմանյան գինի, որից վրացական գինին կազմում է 5 հազար շշից ոչ ավելի: Վրացական գինին մեր շուկայում այդքան էլ հարգի չէ, բայց նրա հաղթարշավն այլ շուկաներում շարունակվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե նախկինում հայկական գինու մեկ շիշն արժեր 1200-1300 դրամ, ապա հիմա մեկ շիշ գինին վաճառվում է 1700-1900 դրամով:
Գիներգործների միության նախագահը նշեց, որ մի քանի պատճառ կա, թե ինչու է արտասահմանյան գինիների սպառումը Հայաստանում նվազել: «Տնտեսական ակտիվության նվազման հետ կապ ունի, թանկ գինի էր, և շերտը պակասեց, բացի այդ, հինգ տարի առաջ մենք չունեինք դրանց մրցակից, հայկական գինի չկար: Վերջին հինգ տարում արտադրողներ հայտնվեցին, որոնք 7-10 դոլարի շերտի սպառման համար գինի արտադրեցին: Հայկական գինու մշակույթը կամաց-կամաց բարձրանում է, և ժողովուրդն արդեն համոզված առնում է հայկական լավ գինի և գիտի, որ խաբված չէ»:
Նա ընդգծեց, որ, երբ Հայաստանն ընդգրկվեց ԵՏՄ կազմում, իսկ Վրաստանը՝ ոչ, աշխարհը վերջինիս ավելի քաղցր աչքով նայեց, և այսօր, ըստ նրա՝ Վրաստանը ստանում է տարեկան մի քանի միլիոն դոլար գրանտներ՝ վրացական գինու առաջմղման համար.
«Վրաստանը 34-35 մլն շշի է հասցնում արտահանումը ռուսական շուկա, իսկ Հայաստանը՝ 2 մլն: ԵՏՄ շուկան էժան ապրանքի շուկա է, Հայաստանը ռեսուրս չունի՝ էժան ապրանք արտադրելու: Այսինքն՝ մենք անհավասար մրցակցության մեջ ենք ադրբեջանական, վրացական, մոլդավական գինիների հետ: Եթե Հայաստանը հրաշքով կարողանա արտադրել 1-1.5 դոլարանոց գինիներ, ապա ԵՏՄ-ն մեզ համար հրաշք շուկա է»:
Ա. Հարությունյանի խոսքով՝ ռուսական շուկան «սխալ շուկա է» ու չպետք է դոմինանտ լինի. «Վրաստանը պայմանագիր կնքեց՝ առանց քվոտաների ու լավ պայմաններով, որ մինչև 70 մլն շիշ գինի արտահանի, իսկ մենք իրավունք չունենք Չինաստանի հետ առանձին պայմանագիր կնքել, որովհետև ԵՏՄ անդամ ենք: Մենք ունենք սփյուռք, և եթե ամեն սփյուռքահայ գոնե տարեկան 1-2 շիշ հայկական գինի գնի, ապա մեր խաղողը չի հերիքի, բայց նույնիսկ այդքան չեն գնում»: