Հայաստանի որոշ մարզերի դպրոցներում դասաժամերը կկրճատվեն
Ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի որոշ մարզերի դպրոցներում դասերի ժամերը կկրճատվեն: «Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում եղանակը տաք է և դպրոցներում կարելի է հանգիստ դաս անել, սակայն Արարատի, Արմավիրի և մի քանի այլ մարզերում կան դպրոցներ, որոնք լիարժեք չեն ջեռուցվում: Նման դպրոցները կարող են ազատ գրաֆիկով աշխատել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Վարչության պետի խոսքով` իրենք հորդորում են երևանաբնակ երեխաներին դասի գնալ, քանի որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները տաք են:
Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ հունվարի 9-ի դրությամբ տարբեր դպրոցներում բացակայություններ են եղել` պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: «Մարզերի որոշ դպրոցներում դասերը գուցե սկսվեն ժամը տասին և երեսուն րոպե տևեն»,-ասաց վարչության պետը:
Դպրոցներում բավարար ջերմաստիճանային պայմանները ԿԳՆ ուշադրության կենտրոնում են: ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղա րկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր: