Ամերիկան սպասում է Ռուսաստանի հարցերով զեկույցի նկատմամբ Թրամփի վերաբերմունքին

Ամերիկայի հետախուզության գլխավոր հրամանատարն ասում է, թե այսօր, ավելի քան երբեւէ, ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակում: Նա նաեւ դատապարտել է հետախուզական գործակալություններին վարկաբեկելու հարցում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, հանդես գալով Սենատում, ասել է, թե Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում իրականացված կիբերհարձակումների մասին զեկույցը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: Նա համոզված է, որ Մոսկվայի նպատակն ընտրությունների վրա իր ազդեցությունը գործելն է եղել:

«Սա ամբողջ այդ արշավի միայն մի մասն է եղել: Ռուսաստանը, բացի այդ, իրականացրել է ուժեղ քարոզարշավ, տարածել ապատեղեկատվություն եւ սուտ լուրեր»:

Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակումները համարել է պատերազմական գործողություն` դա համարելով Միացյալ Նահանգներում այս բնագավառում բացթողումների արդյունք:

«Այսօր մենք չունենք այդ ուղղությամբ մշակված ռազմավարություն, ինչի արդյունքում էլ` չենք տալիս պատասխան»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հարցականի տակ է դրել հետախուզական գործակալություններից պարբերաբար տեղեկություններ ստանալու կարեւորությունը` մատնանշելով Կենտրոնական հետախուզական վարչության կողմից նախկինում թույլ տրված սխալները:

Ազգային հետախուզության պետ Ջեյմս Քլեփերն ասում է, թե «Տարբերություն կա վատատեսության ու արհամարական վերաբերմունքի միջեւ»:

Մինչեւ հունվարի 20-ին Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, Կապիտոլիումում աճում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցում երկու կուսակցությունների կողմից ցուցաբերվող համաձայնությունը:

Այսօր, ասում են նրանք, եթե ռուսներն են իրականացրել հաքերային հարձակում, վաղը դա կանեն Իրանն ու Չինաստանը: Դա արել են դեմոկրատների օրոք, ու կարող են անել նաեւ հանրապետականների կառավարման տարիներին:

Իսկ Թրամփը շարունակում է հայտարարել, որ այս ամբողջ աղմուկն ԱՄՆ-ում ունի զուտ քաղաքական դրդապատճառներ: Զեկույցը նրան էր հանձնվելու ուրբաթ օրը: Սակայն շատ փոքր է հույսը, որ ամիսներ շարունակ դատապարտելով հետախուզական գործակալություններին, նա կարող է փոփոխություն իրականացնել իր դիրքորոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս