«Համոզված չեմ, որ Բաքվում կան նման ապացույցներ»

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հույս ունի, որ Բելառուսը խոհեմ կգտնվի Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի խնդրանքը վերանայելու հարցում:

«Իշխանությունները Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզություն էին հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքի, ինչպես նաեւ Ադրբեջանի միգրացիոն օրենսգրքի խախտման պատճառով: Սա Բելառուսում նրա ձերբակալման պաշտոնական հիմնավորումն էր:  Կարծում եմ, որ դերակատարում ունեցավ նաեւ այն, որ Լապշինը, չնայած Ադրբեջան մուտք գործելու արգելքին, 2015 թվականին, այնուամենայնիվ, մուտք էր գործել Ադրբեջան ուկրաինական անձնագրով: Ադրբեջանի արտգործնախարարության անցանկալի անձանց ցուցակում, որում ընդգրկված մարդիկ մոտ 500-ն են, կան համաշխարհային աստղեր, ականավոր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ եւ այլն: Ադրբեջանը նրանցից ոչ մեկի նկատմամբ մինչ այսօր հետախուզություն չէր հայտարարել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանն այս անգամ դիմեց նման ծայրահեղ քայլի, ինչու Բելառուսի իշխանությունները արձագանքեցին Ադրբեջանի այդ խնդրանքին, եւ ի վերջո ինչով սա կարող է ավարտվել:

«Լապշինը, իրոք, խախտել է Ադրբեջան մուտք գործելու արգելքը, բայց նրա նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու համար պետք են լուրջ փաստեր՝ պետական անվտանգությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Համոզված չեմ, որ Բաքվում կան նման ապացույցներ:  Առավել իրական պատճառը, իմ կարծիքով, ադրբեջանական սահմանապահ ծառայությունների եւ այլ պետական գործիչների մտավոր ունակությունների վերաբերյալ Լապշինի՝ ոչ այնքան դուրեկան արտահայտությունն է: Նման խայտառակությունը հատկապես համաշխարհային ցանցեր տարածելու դեպքում բլոգերին ներել չկարողացան»,- ընդգծեց իսրայելցի նախկին պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի արտգործնախարարությունը, միանալով գործընթացին, կբացատրի Ադրբեջանի ղեկավարությանը այս միջադեպը խորացնելու եւ բլոգերին արտահանձնելու աննպատակահարմարությունը:

«Կարծում եմ՝ այժմ անհրաժեշտ է հստակ դադար տալ նաեւ լրատվամիջոցներում եւ համապատասխան մարմիններին թույլ տալ իրենց միջոցներով լուծել Լապշինի ազատման հարցը»,-նշեց Ալեքսանդր Ցինկերը:

Հարցին, թե զարմանալի չէ՞ր, արդյոք, Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից անմիջապես մի քանի օր հետո, եւ սա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ դրա մասին խոսելը մի փոքր վաղ է: Կցանկանամ լավատես լինել»:

Իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում դեկտեմբերի 14-ին: Իսրայելական Haaretz պարբերականը տեղեկացրել էր, որ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով՝ Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատական գրառումներ կատարելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը, բացի Իսրայելի քաղաքացի լինելուց, նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի է: Բելառուսն այժմ ուսումնասիրում է բլոգերին արտահանձնելու հարցը:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս