«Իմ 365 օրերն էլ փոփոխական էին՝ հուզականից մինչև գիտակցական». Էռնա Էլիզբարյան
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի կապուտաչյա և շիկահեր հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը մեզ հետ զրույցում պատմել է անցնող՝ 2016 թվականի ձեռքբերումների և կորուստների մասին:
«Ինչպես ցանկացած տարի, այս տարին ևս բացառություն չէր՝ իր վառ և մռայլ գույներով: Կարելի է ասել՝ գունապնակն իր ողջ գույներով ակնառու էր իմ կյանքում: Հարաբերական անդորրը պահպանվեց, բայց եղավ նաև մեծ կորուստ: Հոկտեմբերին մահացավ տատիկս: Մինչ օրս շատ ծանր եմ տանում: Կուզենայի մոռանալ ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրա հետևանքները: Խաղաղություն եմ ուզում: Ուզում եմ, որ ոչ մի տան սյուն չքանդվի, ոչ մի ընտանիքում սևը չիշխի»,- նշում է Էռնան:
Յուրաքանչյուր տարվա և յուրաքանչյուր ընտանիքի ձեռքբերումը, ըստ Էռնայի, հարազատների առողջությունն ու ներկայությունն է:
«Տարվա ձեռքբերում, որպես այդպիսին, չի եղել: Շոշափելի կամ առարկայական բացթողումներ՝ նույնպես: Նրանց, ում սիրում եմ, իմ կողքին են և առողջ, և ուրեմն՝ արդեն իսկ ձեռքբերում է: Մի լավ ճշմարտություն կա.«Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի նրանից, որ երջանիկ ես»»,- մեջբերում է Էռնան:
Տարին ամփոփելով՝ հաղորդավարուհին հետաքրքիր զուգահեռներ տարավ Հրե Կապիկի կենսակերպի հետ:
«2016-ը Հրե Կապիկի տարի էր և նման էր տիրոջ կենսակերպին: Կապիկի վարքագծում նույնպես կայունություն չկա: Նա կարող է լաց լինել, իսկ մի քանի վայրկյան անց՝ բարձր ծիծաղել: Միևնույն ժամանակ, չնայած նրա էմոցիաների մշտական փոփոխությանը, նրա գործողությունները գրեթե միշտ հստակ են և մտածված: Իմ 365 օրերն էլ, կարելի է ասել, փոփոխական էին՝ հուզականից մինչև գիտակցական»,- ասում է Էռնան: