«Աստոր Պիացոլայի հետ ես ծանոթացա, երբ 18-19 տարեկան էի»
19-րդ դարի վերջին լավ կյանք փնտրելու նպատակով Բուենոս Այրես ժամանած էմիգրանտների մշակութային «խառնարանում» տարբեր պարերի համադրումից ու միախառնումից սկիզբ է առնում սեր, կիրք ու ատելություն խորհրդանշող` զգացմունքային և հուզական տանգոն, որ ի սկզբանե պարում էին միայն տղամարդիկ։
«168 Ժամը» հանդիպել և զրուցել է Աստոր Պիացոլայի ժամանակակից, արգենտինական տանգոյի լեգենդար կատարող, բանդոնեոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Կարլոս Բուոնոյի հետ, ում հետ զրույցը, այսպես ասած, երկու մասից էր բաղկացած։ Մենք սկսեցինք համերգի մեկնարկից առաջ և շարունակեցինք մեր զրույցն անմիջապես դրանից հետո, թեև մաեստրոն զգուշացրել էր` համերգից հետո բոլորս մի քիչ «գժված» ենք լինում…
1930-ականների տանգոյի ոսկեդարը խորհրդանշող Աստոր Պիացոլան հավանաբար շատերին է ոգեշնչել, բայց, որ դրանցից մեկի հետ մենք առիթ կունենայինք դեմառդեմ զրուցելու` դժվար հավատալի էր, մոտավորապես նույնքան, որքան 70-ն անց Կարլոս Բուոնոյի կենսախինդ տրամադրությունն էր։ Պարզվում է` Մաեստրոն ակտիվ է ոչ միայն բեմի վրա` մշտապես ժպտադեմ բանդոնեոն նվագելիս, այլև առօրյայում և միշտ, ով միայն անցյալ տարվա ընթացքում աշխարհի ավելի քան 27 երկրում 98 համերգ է ունեցել ու առաջիկա երեք ամիսներին էլ պատրաստվում է թվով 21 համերգի:
– Ինձ երբեմն ասում են` տանգո կատարելիս` շատ եք ժպտում, որին ես նույն ժպիտով հակադարձում եմ` թանկ գին եմ վճարել, զրկել եմ ինձ շատ բաներից, այնպես որ, տանգոն իմ կյանքն է, և ես ամեն անգամ նվագում եմ այնպես, կարծես վերջին անգամ։ Պատկերացրեք` շատ կուզենամ կարդալ այս զրույցը, և, եթե ձեզ համար մեծ անհանգստություն չի լինի, խնդրում եմ` փնտրեք ինձ Ֆեյսբուքում և ուղարկեք դրա թարգմանված տարբերակը, որի համար ես լայն ժպիտով շնորհակալ կլինեմ ձեզանից։
– Փաստորեն, Դուք օգտվում եք նաև Ֆեյսբուքից, Մաեստրո, ինչպիսի՜ անսպասելի, բայց նաև հաճելի բացահայտում էր…
– Այո, որովհետև դա արդեն անխուսափելի իրականություն է դարձել մեզ համար, և ես կարծես բարեկամական հարաբերությունների մեջ եմ դարաշրջանի նորագույն տեխնիկաների հետ։ Ֆեյսբուքը, սկայպն արդեն անհրաժեշտություն են, առանց որոնց կյանքը մի տեսակ կիսատ է մնում։
– Նորագույն տեխնոլոգիաներից անցում կատարե՞նք հնագույն տանգոյին։
– Կատարենք, հատկապես, եթե ես առավել շատ բան կարող եմ ասել այդ մասին, քան, անկեղծ ասած, համակարգիչների մասին (ժպտում է.- Ն.Մ.)։ Հայտնի է, որ տանգոն սկիզբ է առել հասարակաց տներում և առավել հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տարածվել է Եվրոպայում, ու մեծ հաջողությունների է հասել։ Տանգոյի ուժն ու հզորությունը նրա ակունքների մեջ է։ Սկզբում տանգոն, նույնիսկ նրա անվանումները բավականաչափ գռեհիկ էին, հասարակությունը լավ չէր վերաբերվում այդ պարին, բայց եկեք ընդունենք, որ սա միակ պարն է, որը մտերմություն է հաստատում կնոջ և տղամարդու միջև։
– Իսկ Դուք սիրում եք պարել։
– Արգենտինացիներն ասում են, նա, ով նվագում է, չի պարում։
– Մաեստրո, որքա՞ն տարիների պատմություն ունի Ձեր և Ձեր գործիքի` բանդոնեոնի միջև ընկերությունը։
– Օ՜, դուք այնպիսի՜ հարց եք տալիս, որին պատասխանելու համար ես ստիպված կլինեմ հետ վերադառնալ ավելի քան 50 տարի։ Իմ գործիքը շատ բարդ է, բայց միևնույն ժամանակ` ինձ շատ հարազատ է։ 7 տարեկանից նվագում եմ։ Իմ ծննդավայր քաղաքը` Խունինը, Բուենոս Այրեսից բավական հեռու էր։ Ստացվեց այնպես, որ կարիերայի բարդ ճանապարհով անցնելու համար 17 տարեկանում տեղափոխվեցի Բուենոս Այրես։
– Լսել եմ, որ Դուք անձամբ ծանոթ եք եղել Աստոր Պիացոլայի հետ։ Ինչպե՞ս է տեղի ունեցել Ձեր ծանոթությունը։
– Աստոր Պիացոլայի հետ ես ծանոթացա, երբ 18-19 տարեկան էի։ Չափազանց երիտասարդ էի ու, բնականաբար, իր ֆանատն էի, ումից չափազանց շատ բան սովորեցի։ Բախտ ունեցա աշխատելու նաև շատ հայտնի երաժիշտներ Հորցիո Սալգանի, Մարիոանո Մորեսի, Աթիլոս Տամպոնեի հետ, բայց Պիացոլայի երաժշտությունը և նրա ազդեցությունն իմ մասնագիտական կյանքում, իհարկե, հիմնարար տեղ ունի։ Ցավալի է, բայց մինչև հիմա Արգենտինայում Պիացոլային դեռևս բոլորը չէ, որ ըստ էության ճանաչում են։ Դե՛, գուցե դրա պատճառներից մեկն էլ ժամանակին Արգենտինայում նրա արգելված լինելու հանգամանքն էր։ Իմ երաժշտական կարիերան ես սկսել եմ Պիացոլայի արվեստն ամբողջ աշխարհին ներկայացնելով։
– Ասացիք, որ Աստոր Պիացոլան ֆունդամենտալ նշանակություն է ունեցել Ձեզ համար։ Իսկ Դուք աշակերտներ ունե՞ք, դասավանդո՞ւմ եք։
– Ոչ, ցավոք, դասավանդելու համար ես ժամանակ չունեմ, որովհետև Արգենտինայում տանգոյի երկրպագուների գեղագիտական, մշակութային պահանջները բավարարելու համար մենք ստիպված ենք լինում ողջ գիշերն անցկացնել ակումբներում աշխատելով։ Իսկ մեր առավոտը սկսվում է կեսօրից հետ միայն։ Ֆլամենկոն, ֆադոն, տանգոն հատկապես գիշերային երաժշտություն են` այստեղ կիրք կա, սեր, զգացմունքներ, որ առավել հաճախ գիշեր են պահանջում…
– Իսկ եթե ես Ձեզ խնդրեի տալ երեք ամենակարևոր խորհուրդները երաժշտությունն ընտրած սկսնակ երաժիշտներին, որո՞նք կլինեին դրանք։
– Շատ մեծ աշխատասիրություն, մեծ զոհաբերություններ, այդ թվում` նաև անձնական բնույթի, ու շատ լավ կյանքի ուղեկից` կին կամ ընկերուհի, ընդ որում` երրորդն ամենակարևոր խորհուրդս կլիներ … (ժպտում է.- Ն.Մ.)։ Ես չեմ կարողանում մոռանալ Գերմանիայի իմ ունեցած համերգներից մեկը, իսկ ինչո՞ւ հենց դա, որովհետև հոգի չկար այդ համերգի մեջ։ Դա իմ կյանքի առաջին ու, կարծում եմ, միակ «առանց հոգի» համերգն էր, պարզապես ուժ չունեի, եռանդ չկար։ Կնոջս ասացի, որ սա ինձ համար համարյա անհնարին մի բան էր` նվագել այնպես, ինչպես ես նվագեցի։ Կինս լսեց, լսեց ու ոչինչ չասաց։ Երբ վերադարձա տուն` սենյակիս պատին մեծ տառերով փակցված էր` առանց կիրք կյանքում ամեն բան անիմաստ է դառնումգ Ես շնորհակալ էի նրան այդ խորհրդի համար։
– Անցյալ օրը` Աստոր Պիացոլայի «Maria de Buenos Aires» օպերա–տանգոյի ավարտին, հենց բեմից հայտարարեցիք, որ Արգենտինայում Ձեզ է սպասում Ձեր «Մարիան»։ Հենց ա՞յդ «Մարիան» է Ձեզ սպասում այնտեղ` օվկիանոսի այն կողմում։
– Այո՜-այո՜, դուք իրավացի եք (ժպտում է.- Ն.Մ.)։
– Մաեստրո, առաջի՞ն անգամն եք Հայաստանում։
– Ո՛չ, երկրորդ։ Առաջին անգամ Հայաստան եմ այցելել Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով և մի հրաշալի համերգով եմ ներկայացել հայ հանդիսատեսին, բայց իմ կապը հայերի հետ վաղեմի պատմություն ունի։ Սկսենք նրանից, որ իմ ամենամտերիմ ընկերը հայ է` Բրազիլիայում` Սան Պաուլոյում ապրող ու աշխատող պրոդյուսեր Մանուել Փոլադյանը։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, պարզվեց` ինձ այստեղ մեծ անակնկալ էր սպասվում։ Ընկերներս, այդ թվում` նաև Մանուել Փոլադյանը, այստեղ ընկերակցեցին ինձ։ Բացի այդ, ես Հայաստանում արդեն հայաստանցի լավ ընկերներ ձեռք բերեցի, ինչպես, օրինակ, Արման Փադարյանն է, որ մարդու լավագույն մի տեսակ է։
Հավանաբար չհարցնեք, բայց ասեմ նաև, որ Արգենտինայում ճանաչում եմ հայկական համայնքին, շատ եմ հավանում հայկական ուտեստները, հասցրել եմ սիրել Հայաստանն ու հայկական երաժշտությունը։
– Այսպիսի տարածված տեսակետ կա, թե արվեստում այլևս նորարարություններ չեն գրանցվում, և, որ համաշխարհային մակարդակով` լճացման ժամանակներ են։ Դուք համամի՞տ եք այդ կարծիքի հետ։
– Օրերս ես եղա Մատենադարանում, տեսա ձեր ձեռագիր հաստափոր գրքերըգ Ես պարզապես զարմացած էի այն ամենով, որ տեսա այնտեղ, միաժամանակ հենց այնտեղ ես հասկացա, որ դուք այն եզակի ազգերից եք, որ դեմք ունեն։ Հավանաբար դուք էլ հիանում եք Գաբրիել Գարսիա Մարկեսի կատարած աշխատանքով, բայց կարո՞ղ ենք մենք երևակայել, որ այդպիսի արժեքներ ստեղծելու համար նրանք թողել են ամեն բան ու օրերով միայն գրել, ուղղակի գրել։ Հիմա պատկերացնո՞ւմ եք` մարդիկ թողնեն ամեն բան, ու հատկապես` համացանցը, և օրերով միայն գրեն։
Դա արդեն իրատեսական չի թվում ոչ միայն առօրյայի, այլև նյութական` ֆինանսական տեսակետից, որովհետև մարդկանց ապրելու համար գումարներ են հարկավոր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ կյանքն անհավատալի արագ տեմպերով առաջ է գնում ու զարգանում է, և, եթե նախկինում մարդիկ կարողանում էին ապրել համեստ, այդ թվում` նաև համեստ նյութական պայմաններում, ապա այսօրվա կյանքի ընթացքը բոլորովին այլ արժեքներ է ստիպում, և առավելապես` նյութական արժեքներին տուրք տալու սովորություններ, ինչը և անկասկած իր ազդեցությունն էր թողնելու ինչպես` կյանքի, այնպես էլ` արվեստի որակի վրա։ Մարդիկ սկսում են վազվզել։ Հուսով եմ` ինձ հաջողվեց պատասխանել ձեր հարցին։
– Այո, և բավականին հաջող դիտարկում էր…
– Տեսե՛ք, դուք կարո՞ղ եք գրել մի գիրք։
– Չգիտեմ, եթե ցանկանամ կամ ունենամ նման նպատակ, հավանաբար կկարողանամ։
– Ուրեմն, տանգոյի մասին մի գիրք գրելու համար ես մեկ տարի շարունակ աշխատել եմ, իսկ միայն առաջիկա երեք ամիսների համար ես արդեն աշխարհի տարբեր երկրներում 21 պլանավորված համերգներ ունեմ։ Անհնարին է, հասկանո՞ւմ եք, ես արդեն հոգնում եմ…
Լուսանկարները՝ ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆԻ