«Տեր-Պետրոսյանը խորամանկություն է անում». Աղասի Ենոքյան

«Բացառում եմ, որ Ռուսաստանը ցանկանա համագործակցել հենց Տեր-Պետրոսյանի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում հայտնվել է քաղաքական դաշտի, փորձագիտական հանրության քննարկումների, մասնավորապես՝ քննադատությունների թիրախում։ «Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցն ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղաադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի վարած երկակի քաղաքականության ֆոնին, որը, մի շարք փորձագետների համոզմամբ, ևս նպաստեց ապրիլյան պատերազմի բռնկմանը, բավականին ուշագրավ էր նաև առաջին նախագահի անդրադարձը ԼՂ խնդրում Ռուսաստանի դերակատարությանը։ «Անցյալը մի կողմ դրած՝ ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։

Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերը, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Աղասի Ենոքյանը գտնում է, որ ՀՀ առաջին նախագահի ելույթի հասցեատերը ո՛չ Ադրբեջանն էր, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՀՀ իշխանությունները։ Նրա համոզմամբ, այդ անդրադարձի հասցեատերը հայ հասարակությունն էր։ «Լ. Տեր-Պետրոսյանը փորձեց, իր կարծիքով, օրիգինալ կարծիք արտաբերելով, նախընտրական փուլ սկսել, այսինքն՝ ձայներ շահել իրեն քաղաքական դաշտում դիրքավորելով՝ որպես խաղաղության ուժ, խաղաղության կողմ։ Ուստի ինձ թվում է, որ հասցեատերը հայ հասարակությունն էր լայն առումով»,- ասաց Ենոքյանը։

Նրա պնդմամբ, կարևոր էր ելույթի այն հատվածը, որը վերաբերում է ԼՂ խնդրում Ռուսաստանի դերի շեշտադրությանը։ «Կարևոր էր, բայց Լ. Տեր-Պետրոսյանը սխալ շեշտադրում կատարեց՝ ասելով, որ կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, քանի որ Ռուսաստանի ձեռքում է չկարգավորման բանալին, պատերազմի բանալին, և նա երբեք չի զիջի իր այդ դերը։ Ռուսաստանն այստեղ մնում է՝ որպես ապակայունացնող գործոն։ Այս ելույթի ամենամեծ խնդիրն այն էր, որ այս ամենը շատ լավ հասկանալով, Տեր-Պետրոսյանն իր հրաժարականից հետո, մասնավորապես՝ վերջին ութ տարիների ընթացքում, անընդհատ փորձել է ամրացնել Ռուսաստանի դերը Հայաստանում։ Շատ լավ հասկանալով նաև այն, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այսինքն՝ հաշվի առնելով իր գործունեությունն ու ելույթը, ակնհայտ է դառնում, որ սա զուտ մանիպուլյացիոն ելույթ էր»,- ասաց Ենոքյանը։

Քաղաքագետը նաև գտնում է, որ իր ելույթներով Տեր-Պետրոսյանը մշտապես Մոսկվային իր հետ համագործակցելու առաջարկ է անում։ Այս անգամ ևս, նրա պնդմամբ, բացառություն չէր։ «Հարցն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում աշխատել նրա հետ, ՌԴ-ն այստեղ ավելի լուրջ գործընկերներ ունի, որոնց հետ է աշխատում, հատկապես, որ այդ գործընկերները հաճախ չեն էլ թաքցնում, որ իրենց խնդիրը ԼՂ հակամարտության չկարգավորումն է։ Իսկ Տեր-Պետրոսյանը խորամանկություն է անում, մի կողմից՝ ցանկանում է, որ իր հետ աշխատի, մյուս կողմից՝ խոսում է կարգավորման մասին»,- ասաց Ենոքյանը։ Հարցին, թե ի՞նչ հանգամանքների պարագայում Մոսկվան կցանկանա աշխատել Տեր-Պետրոսյանի հետ, Ենոքյանը պատասխանեց. «Բացառում եմ, որ Ռուսաստանը ցանկանա համագործակցել հենց Տեր-Պետրոսյանի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս