Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան հայտարարեց, որ նախագծով առաջարկում է մասնավորեցման ընկերությունների ցանկում ընդգրկել ՀՀ առողջապահության ենթակայության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։
«Նշված ընկերությունը 2013 թվականից գործում է՝ որպես ռադիոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն, և հանդես է գալիս՝ որպես լիովին ինտեգրված ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի առաջին բաղադրիչ։ Առողջապահության նախարարության կողմից ներկայացրած մասնավորեցման առաջարկը պայմանավորված է նման նորագույն բժշկական կենտրոնի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ պետական միջոցների բացակայությամբ։ Կարող եմ վստահեցնել մեր պատգամավորներին, որ պետությունն այս գործարքի արդյունքում ոչ մի լումա չի կորցնի»,- նշեց Ա. Սահակյանը։