
Ադրբեջանը նավթի արդյունահանումը կկրճատի օրական մինչև 42 հազար բարելով

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության 2017թ. համար արված կանխատեսումը ենթադրում է երկրում օրական 35-42 հազար բարել նավթի արդյունահանման կրճատում՝ այս տարվա համեմատ, ինչը համապատասխանում է ՕՊԵԿ-ի և մյուս արտադրողների հետ պայմանավորվածությանը։
Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությանը։
«Ադրբեջանում 2017թ. նավթի արդյունահանումը, հաշվի առնելով նավթարդյունահանման ծավալների կրճատման վիեննական պայմանավորվածությունները, կազմում է 800-807 հազար բարել օրական, ընդ որում, ընթացիկ տարում այն կկազմի 842 հազար բարել։ Ընդհանուր առմամբ՝ կանխատեսումներում հաշվի է առնվել արդյունահանման նվազեցումը, համաձայն ՕՊԵԿ-ի որոշման, այդ թվում՝ 2017թ. պետբյուջեի նախագծում»,- ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի կառավարությունը 2017թ. կանխատեսում է նավթարդյունահանում 39.8 մլն մակարդակում, ինչը 3,7%-ով ցածր է 2016թ. ցուցանիշից։
2016թ. արդյունքներով՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը սպասվում է 41,3 մլն տոննա, գազի արդյունահանումը՝ 29,2 մլն խմ մակարդակում։