«Հասկանում եմ՝ նախընտրական ժամանակահատված է, կրքերը տանում են դեպի նախընտրական ժամանակահատված». Սահակյանը՝ Պողոսյանին
Այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը։
Պատգամավոր Թևան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին՝ համատեղ լավ աշխատանքի, իրենց առաջարկները քննարկելու և ընդունելու համար։
«Սա կանոնակարգ-օրենքն է, եթե հարգում եք, ապա ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այսօրվա դրությամբ գործող կանոնակարգ-օրենքի խախտումներին։ Ինձ հետաքրքրում է՝ որպես Պետաիրավական հանձնաժողովի նախագահ՝ ձեր վերաբերմունքը. դատապարտո՞ւմ եք ուրիշի տեղ գրանցվել և քվեարկել գործընթացը՝ որ խմբակցության կողմից էլ դա լինի, և արդյոք համարո՞ւմ եք, որ հիմա, ըստ օրենքի, եթե նման դեպք եղել է, դա էթիկայի կանոնների խախտում է, և պատգամավորը պետք է կարգազանց համարվի, ու Ազգային ժողովի նախագահն ունի պարտավորություն՝ օգտագործել իր լիազորությունները և համապատասխան սանկցիա կիրառի»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին՝ հարցրեց Թ. Պողոսյանը։
Հ. Սահակյանը նախ նշեց, որ իր կարծիքով՝ ինքը Թ. Պողոսյանին որևէ անգամ առիթ չի տվել, որ նա կասկածի՝ ինքն իր կատարած աշխատանքը հարգո՞ւմ է, թե՞ ոչ. «Որպես պատգամավոր, որպես Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որպես Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ՝ մշտապես նշել և դատապարտել եմ նման դրսևորումները։ Դա պատգամավորի վարքագիծն է, պետք է Էթիկայի հանձնաժողովը վերաբերմունք հայտնի»։
Թ. Պողոսյանը կրկին հարցրեց՝ «Դուք կոչո՞վ կդիմեք ԱԺ նախագահին, որ ամեն ինչ արվի, որովհետև այդ մշակույթով ենք դնելու հարգանքը նոր կանոնակարգ-օրենքի հանդեպ»։
«Ես հասկանում եմ՝ նախընտրական ժամանակահատված է, կրքերը տանում են դեպի նախընտրական ժամանակահատված։ Ազգային ժողովի նախագահը նիստը վարողն է, և ԱԺ աշխատանքները բնականոն կազմակերպողն ու անցկացնողը, ես կարծում եմ՝ հարցն ավելի շատ այս քաղաքական հարթության մեջ է»,- պատասխանեց Հ. Սահակյանը։