Մոտ 10 տոննա բանան երկու շաբաթ է՝ կայանված է Լարսի անցակետի ռուսական հատվածում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Արարատ տրանս» ընկերության բեռնատարները, որոնցից մեկը Հայաստան պետք է տեղափոխեր մոտ 10 տոննա բանան, մոտ երկու շաբաթ է Լարսի անցակետի ռուսական հատվածում կայանված են։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Ռաֆայել Մանուկյանը։

Նրա խոսքով Լարսի փակվելու պատճառով և՛ վրացական, և՛ ռուսական կողմում կայանված իրենց մեքենաները տասն են։

«Բանանի մեքենան, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 2-ից կանգնած է Լարսում։ Ջերմաստիճանային պահպանման ռեժիմը +13 +14 է: Մենք ամեն ինչ անում ենք, որ տվյալ ապրանքի պահպանման ռեժիմը պահենք անկախ որսի ջերմաստիճանից։ Լարսում օր է եղել, որ -15, -12 աստիճան է եղել»,- ասաց Ռաֆայել Մանուկյանը նշելով, որ յուրաքանչյուր մեքենայի համար ջերմաստիճանային ռեժիմը պահպանելն 50-70 լիտր դիզվառելիք է ծախսվում։

«Եթե բազմապատկենք օրերով, կստանանք մոտ 1 տոննա, դրան գումարած վարորդի հավելյալ աշխատավարձը, օրապահիկը, տաքանալու համար վառելիքով ապահովելը։ Դրանք մենք փորձում ենք ապահովել, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»,– ասաց ընկերության ղեկավարը։

Հարցին այդ դեպքում ապրանքի պատվիրատուների համար տեղափոխման գինը փոփոխվո՞ւմ է, նա ասաց, որ նման դեպքերում քննարկում են պատվիրատուների հետ, քանի որ սովորաբար պահպանման ծախսերի մեծամասնությանը մշտապես փոխադրող ընկերությունն է իրականացնում, իսկ մյուս մասը՝ պատվիրատուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս