
Պուտինը և Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերն արծարծել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, ներառյալ էներգետիկայի ոլորտը:
Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրների, կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է իրականացնել Հալեպում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծել են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչներին ու զինյալներին տարհանելու կարեւորությունը: Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին եւ նրանց ապահովել ժամանակավոր կացարանով: