«Ես նույն ձեր Գոռն եմ. Նույնիսկ մի քիչ ավելի հասարակ եմ դարձել». Գոռ Մինասյան
2016 թվականն իր ուրույն հետքը թողեց հայկական օլիմպիական պատմության մեջ: Օլիմպիական Ռիոյում հայկական պատվիրակությունը 24 ժամվա ընթացքում նվաճեց 4 մեդալ` 3 արծաթե և մեկ ոսկե: 4 մեդալակիրներից մեկը ծանրորդ Գոռ Մինասյանն է: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հիմնական անդամներից մեկը` Գոռը, ծնունդով գյումրեցի է` գյումրեցուն բնորոշ հումորի նուրբ զգացողությամբ, պարզ, հասարակ մարդ, ով համեստ է, բայց գիտի իր ներուժի մասին: Մեր հեռանկարային մարզիկի համար 2016-ը անասելի հաջողակ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը խոսեց 31-րդ առամային խաղերի, Բրազիլիայից ստացած տպավորությունների, իր ապագայի և առաջիկա անելիքների մասին:
– Գո՛ռ, պատմիր խնդրում եմ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր ծանրամարտով զբաղվել:
– Ծանրամարտով սկսեցի զբաղվել, երբ 10 տարեկան էի: Ինձ փորձել եմ մի քանի այլ մարզաձևերում, բայց չէր ստացվում, և ես էլ չէի սիրում: Ծանրամարտով էլ սկսեցի զբաղվել շատ պատահաբար: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչիս առաջարկով եմ սկսել զբաղվել այս մարզաձևով:
– 2016 թվականի հաջող ստացվեց քեզ համար` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
-Եթե խոսենք արդյունքների լեզվով, ապա սա իմ լավագույն տարին է` չհաշված պատանեկան տարիներին գրանցած արդյունքները (խմբ.- 2011 թվական երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն): Յուրաքանչյուր մարզիկի համար Օլիմպիական մեդալը երազանք է: Ու իմ երազանքը կատարվեց, բայց` մասամբ: Մնաց, որ հասնեմ գերագույն նպատակիս` Օլիմպիական չեմպիոն դառնամ:
– Խոսեցիր խաղերից. ի՞նչ կարծիքի ես մրցակիցներիդ մասին: Ինչպիսի՞ հակառակորդներ են նրանք:
– Օլիմպիական խաղերի այս տարվա չեմպիոնը, կարող եմ ասել, որ «մի գլուխ» ինձանից բարձր էր: Բայց դա միայն ժամանակի խնդիր է: Ամեն ինչ` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբական խոչընդոտները հաղթահարելու եմ և հասնելու եմ նրան: Հաջորդ խաղերում անցնելու եմ նրան:
– Քառամյակի ամենասպասված մրցումները` Օլիմպիական խաղերը, արդեն անցյալում են: Ի՞նչ տվեցին քեզ և ի՞նչ խորհուրդ ունեցան այդ խաղերը քեզ համար:
– Օլիմպիական խաղերն ամեն ինչով, բացարձակ ամեն բանով տարբերվում են մյուս մրցաշարերից: Այս հուզմունքն այլ է, երկրպագությունն ուրիշ է, միայն ծանրամարտը չէ: Հաղթում են մարզիկները նրանց հետ հավասար ուրախանում ես նաև դու:
– Օլիմպիական խաղերում մենք բավականին երկար ժամանակ հաջողության չէիք հասնում և ինչ որ տեղ լարվածություն կար ընդհանուր թիմում: Ինչպե՞ս էր դա անդրադառնում ձեզ վրա:
– Հավաքականի ամենաուժեղ մարզիկները մնացել էին մրցումների վերջին օրերին: Գուցե դա էր պատճառը: Ամեն ինչի սկիզբը Սիմոնը դրեց: Նրա արծաթե մեդալից հետո մենք ունեցանք Օլիմպիական չեմպիոն և երկու փոխչեմպիոն: Պարզապես անհաջող էր մեկնարկը:
– Գո՛ռ, ի՞նչ տպավորություն ստացար Օլիմպիական խաղերից, ինչպիսի՞ն էր կազմակերպվածությունը և ի՞նչ կասես Ռիոյի և բրազիլացիների մասին:
– Շատ վատ էր: Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի առաջնություններն ավելի լավ են կազմակերպվում, քան այս Օլիմպիական խաղերը: Սնունդն անտանելի վատն էր, սենյակներն` անհարմար, գողությունը` շատ: Վախենում էինք սենյակներում արժեքավոր իրեր թողնել: Ռիոն շատ լավ քաղաք է, բայց բրազիլացիներն չէին տիրապետում օտար լեզուների: Սակայն այս բոլոր թերություններն ու բացերը փակում էր Հիսուսի արձանը, որն իսկապես հրաշալիք է:
– Հաճախ ստացվում է, որ մեծ բարձունքների հասնելով մարզիկները, և ոչ միայն նրանք, տառապում են այսպես կոչված «աստղային հիվանդությամբ»:
– Դա ես չէ, որ պիտի ասեմ, ինքներդ պետք է այդ գնահատականը տաք: Բայց ես նույն ձեր Գոռն եմ: Նույնիսկ մի քիչ ավելի հասարակ եմ դարձել:
– Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել ծանրամարտիկների շուրջ: ՄՕԿ-ը վերանայում է 8 տարվա վաղեմության դոպինգ թեստերը: Արդյոնք այս քայլն արդարացի ես համարում :
– Ես մի խնդիր եմ տեսնում այս ամենի մեջ: Եթե ստուգվում են առաջին երեք մեդալակիրները, ապա ինչու չեն ստուգում 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Արդյոք նրանք ոչ մի խնդիր չունեն կապված դոպինգի հետ: Չեմ կարող ասել, որ սա սխալ է, բայց չեմ կարող ասել, որ սա ճիշտ քայլ է:
– Մենք նման խնդրի առաջ 8 տարի հետո չե՞նք կանգնի:
– Ոչ: Միանշանակ ոչ: Երկար տարիներ է, որ Հայաստանում վերացել է դոպինգ ասվածը:
–Գոռ, մեր ծանրորդ ների հիմնական մասը Գյումրիից է: Ո՞րն է այս մարզաձևում գյումրեցիների հաջողության գաղտնիքը:
– Երևի ուրիշ զբաղմունք չկա, կամ էլ մարզադպրոցներն են շատ: Մոտ 8 ծանրամարտի մարզադահլիճ կա: Եվ, իհարկե, Գյումրու հողի ու ջրի մեջ է (ծիծաղում է):
– Առաջիկայում պլաններ ունե՞ս:
– Հանգստի շրջանն ավարտվեց, նախապատրաստվում եմ ապրիլին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվ, իհարկե, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի