Բաժիններ՝

ՁԻՀ VS ՎՊ. Բագրատ Ենգիբարյանը Վերահսկիչ պալատի գործողություններում միտում է տեսնում

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) շուրջ ստեղված աղմուկն անհիմն է, և այս ամենը շատ լուրջ հարված է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտին ու երկրի միջազգային վարկանիշին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Նմանատիպ հարցերում պետք է բավականին զգույշ լինենք, որովհետև գործ ունենք ներդրումների և երկրի վարկանիշի ձևավորման հետ։ Արդեն որոշ ծրագրեր մեզ խնդրել են ժամանակավորապես դադար տալ»,- ասաց ՁԻՀ տնօրենը՝ հիշելով, որ տարիներ առաջ, երբ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն էին մեկնարկում, Ադրբեջանի կառավարությունը նոտա էր հղել «Մայքրոսոֆթ» և HP ընկերությունների ղեկավարությանը, իբր թե՝ ձեր գումարները վատնում է այս ընկերությունը։

Վերահսկիչ պալատը (ՎՊ) Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում հիմնականում 3 ուղղություններով՝ «Սորսիո» կազմակերպության բաժնեմասը 20% հավելումով վաճառելու, կազմակերպության կողմից աշխատակիցներին տրվող փոխառությունների և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության հետ կապված, չարաշահումներ ու թերացումներ էր հայտնաբերել, որոնք սակայն, ըստ Բ.Ենգիբարյանի, զուրկ են որևէ հիմնավորումից։

Ուշագրավն այն է, որ չնայած ՎՊ-ն իրավունք չունի ՁԻՀ-ում անմիջական ստուգումներ անելու, առավել ևս՝ ոչ պետական միջոցների մասով, նախկինում ևս՝ «Սորսիոյի» վաճառքից հետո, ուսումնասիրել էր հիմնադրամի գործունեությունը և ոչ մի չարաշահում չէր գտել։ Բ.Ենգիբարյանն այժմ ՎՊ գործողություններում հստակ միտում է տեսնում, թեև պնդում է, որ անձնական որևէ խնդիր չկա։ Նա նշեց, որ ՎՊ-ն ընթացիկ զեկույցներն է ներկայացրել իրենց, որոնցից յուրաքանչյուրի տակ իրենք առարկություններ են գրել, իսկ վերջնական զեկույցն այդպես էլ չի ներկայացվել. «Ինձ թվում էր՝ նրանք կքննարկեն մեր առարկությունները և, դրանք հաշվի առնելով, վերջնական զեկույց կներկայացնեն, բայց՝ ոչ»։

ՎՊ այս հաշվետվությունը հատուկ ուշադրության է արժանացրել Գլխավոր դատախազությունը և, գտնելով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, Քր.օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով («առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցել քրեական գործ: Սակայն կազմակերպության որևէ աշխատակցի որևէ մեղադրանք առայժմ ներկայացված չէ։

«Քրեական գործ է հարուցված, սակայն որևիցե դատավարական կարգավիճակով ներգրավված չէ որևէ անձ: Թե կոնկրետ ո՞ր դրվագով է հարուցված քր. գործը, նույնպես հայտնի չէ»,- ասաց ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը։

Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը վստահեցրեց, որ ՁԻՀ-ում ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Նա նկատեց, որ իրենց ընկերներից շատերն աշխատում են ՏՏ ոլորտում, և, եթե նրանցից որևէ մեկն էլ ստացել է ՁԻՀ-ի աջակցությունը, ապա դրանում որևէ մեղավորություն չկա. «Դեռևս ոչ մեկս ներգրավված չենք եղել որևէ քրեական գործում, հուսով եմ՝ պատվով դուրս կգանք այս ամենից»:

168.am-ի հարցին ի պատասխան` Բ.Ենգիբարյանը նշեց, որ կախված քր. գործի ելքից, կդիմեն դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս