Բաժիններ՝

Ցինկի պակաս. պատճառներն ու հետևանքները

Ցինկը մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր միկրոէլեմենտներից է: Չնայած ցինկի կարիքին՝ օրական մոտ 12-15 մգ, այս հանքանյութը չափազանց անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, առանց որոնց անհնար է բջիջների կիսումն ու աճը, այդ թվում՝  արյան ֆերմենտային էլեմենտների:

Ցինկը մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման, իմունային բջիջների ձևավորման գործընթացներին և համարվում է հակաօքսիդանտ:

Ցինկի անբավարարությունը հանգեցնում է հորմոնների արտազատման խախտումների, կենսական ուժի իջեցման, նյարդային իմպուլսների հաղորդման թուլացման և այլ առողջական խնդիրների, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների, մեծահասակների և երեխաների համար: Հենց այդ պատճառով էլ պակասի դեպքում անհրաժեշտ է ընդունել վիտամինային կոմպլեքսներ և ցինկային հավելումներ:

Ինչի՞ց է առաջանում ցինկի անբավարարությունը

Կարդացեք նաև

Օրգանիզմում ցինկի պակասը, որի նախանշանները կարող են ի հայտ գալ հանկարծակի, կարող է զարգանալ մի քանի տարիների ընթացքում՝ սննդի միջոցով անհրաժեշտ միկրոէլեմենտների չստացման արդյունքում:

Այս հանքանյութի պաշարի սպառումը կարող է առաջանալ մի քանի պատճառներով՝

  • Անորակ սննդամթերքի օգտագործման
  • Վնասվածքների, վիրահատությունների,
  • Դեղամիջոցների օգտագործման, օրինակ՝ կորտիկոստերոիդների
  • Օրգանիզմում փոխանակման գործընթացների խախտումների, այդ թվում՝ շաքարային դիաբետի
  • Թեյի, սուրճի և ալկոհոլային խմիչքների չարաշահման
  • Հաճախակի սթրեսների, ֆիզիկական ծանր աշխատանքների:

Մինչև բուժումը՝ չափազանց կարևոր է ցինկի անբավարարության պատճառը հայտնաբերելը, որից հետո միայն բժշկի կողմից նշանակվում են որոշակի դեղամիջոցներ, որոնք իրենց բաղադրության մեջ ցինկ են պարունակում, օրինակ՝ ցինկիտ:

Անհանգստացնող նախանշաններ՝ ցինկի պակասի ժամանակ

  • Մաշկի չորություն, մարմնի վրա ցանի առաջացում, վերքերի երկարատև վերականգնում:
  • Տեսողության վատացում, աչքի լորձաթաղանթի հաճախակի բորբոքումներ:
  • Ախորժակի կորուստ, թուլություն, ցածր աշխատունակություն:
  • Մազերի, եղունգների որակի վատացում:

Այս բոլոր նախանշանները ոչ միայն բուժզննում անցնելու, այլև՝ սննդակարգի և կենսաոճի փոփոխության առիթ են:

Ցինկի չափաբաժինն օրգանիզմում վերականգնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ցինկ պարունակող մթերքներ ավելացնել, օրինակ՝ միս, ձու, ծովամթերքներ, լոբազգիներ, ընկուզեղեն, սերմեր (դդումի կամ քունջութի), սունկ և այլն:

Դեղամիջոցների ընդունումը՝ համադրված ճիշտ սննդակարգով, առավել արդյունավետ  է դարձնում և արագացնում է բուժումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս