«Մեր թիրախը լինելու է Սերժ Սարգսյանը` իր իշխանական թիմով»
Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, խոսակցություններ կան, որ տարբեր դաշինքների ստեղծման շուրջ բանակցություններ եք վարում` «Քաղաքացիական պայմանագրի», «Ժառանգության» հետ: Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում` չէիք բացառել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ համագործակցությունը, նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության հետ եք բանակցում։ Ինչպիսի՞ն է իրական վիճակը։
– Ո՛չ ՀԱԿ-ի մասով, ո՛չ «Ազատության» մասով ես չեմ ասել, որ բանակցում եմ, չկա նման բան։ Ես ասել եմ, որ քաղաքական դաշտում բոլոր այն ուժերը, որոնք Մարտի 1-ի հետ կապ չեն ունեցել, կամ դրանից հետո չեն կիսել իշխանության հետ գործունեությունը` իշխանության հետ մաս դառնալով, և գաղափարական առումով շատ հեռու չեն մոտեցումները, այդ ուժերի հետ կարող ենք համագործակցել։ Ինչ վերաբերում է` ՀԱԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եմ, թե՞ ոչ, ասել էի, որ միանշանակ համարում եմ։ «Ազատություն» կուսակցության մասով հարց չի եղել, որևէ բան չեմ ասել։
– Այսինքն` «Ազատության» հետ չե՞ք բանակցում։
– Ընդհանրապես` քաղաքական դաշտում այսօր որոշակի միավորման միտումներ կան, և այդ առումով հանդիպումներ են լինում, որոնք շատ հեռու են բանակցություններ կոչվելուց։ Իմ խորին համոզմամբ` այսօրվա ՀՀ-ում ձևավորված քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչում ձախողել են։ Ձախողել են արտաքին քաղաքական հարաբերություններում` մաս կազմելով այնպիսի միության, որի անդամները նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ աջակցեցին մեր հակառակորդին, ոչ թե մեզ, իսկ դա մեր արտաքին քաղաքական կողմնորոշման, այսքան տարիների արտաքին քաղաքական աշխատանքի կոպիտ սխալն էր։
Անհաջողություն են ունեցել տնտեսության մեջ, որտեղ վերջին 3-4 տարում որևէ աշխատատեղ չի բացվել, և գներն օր օրի թանկանում են, և ինչքան էլ ուզում է խոսեն տնտեսական որոշակի աճից, այդ աճը հավանաբար իրենք էլ չեն տեսնում, ուղղակի իրենց հույս տալու համար են ասում։ Չեն հաջողել նաև Ղարաբաղի հիմնահարցում, ռազմական ոլորտում, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ խաղաղության այն ժամանակը, ինչ մենք ունեինք, պարզվեց, որ ճիշտ չենք օգտագործել, և այդ ժամանակում ձեռքբերումներ չունենք, որով կարող էինք Ադրբեջանին տանել այն խնդրին, որ իրենք չմտածեին պատերազմի միջոցով խնդիրը լուծելու մասին։
Այս իշխանությունները ձախողել են նաև բարոյական մթնոլորտի առումով, որովհետև այն Ազգային ժողովի պատգամավորները, այն թիմերը, որոնք իրենք ունեն, այն երկխոսությունը, որ կար այս տարիներին, մշտապես տհաճ է եղել հանրության համար, վստահություն չի ներշնչել։ Ավելին` սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենք հայտարարեցին, որ դրանից հետո գործող նախագահը որևէ պաշտոն չի ակնկալում ու չի զբաղեցնի, հիմա բացարձակ այլ բան է ասում։ Այնպես որ, սա միանշանակ բարոյականության խախտում է։ Հետևաբար, եթե կան մարդիկ, որ այս ուժին` Հանրապետականին և Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, թող գնան, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին։
Մնացածը, ովքեր այլընտրանք են տեսնում, ազատ են քվեարկելու։ Ընդ որում` այդ այլընտրանքը հայաստանյան քաղաքական դաշտում փնտրելն այնքան էլ բարդ չէ, թեև այդքան էլ շատ չէ։ Այս առումով կան ուժեր, որոնց ես այլընտրանք տեսնում եմ և որոնց հետ հանդիպում եմ։ Դրանց մեջ չի մտնում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ազատությունը»։ Ես այդ այլընտրանք ուժերի հետ համագործակցություն տեսնում եմ և տեսնում եմ, որ այդ ուժերը պարտավոր են ներկայացված լինել թե՛ ՀՀ ազգային ժողովում, թե՛ հետագա իշխանություններում, որ օգուտ և փոփոխություններ կբերեն այս երկրին։
Եվ ես համոզված եմ, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Թրամփը դրա լավագույն օրինակն էր։ Իմ կարծիքով` ոչ թե հաղթում են պրագմատիկները, նրանք կա՛մ պարտվում են, կա՛մ համագործակցում են գործող իշխանության հետ, կա՛մ Իվանիշվիլի են փնտրում, այլ հաղթում են հավատավորները, երազողները և թևքերը քշտած պայքարողները։ Ես այդպիսի ուժեր ՀՀ քաղաքական դաշտում տեսնում եմ, բարեբախտաբար։ Շատ կուզենայի, որ այդ ուժերի հետ համագործակցությունը հաջողվեր, այն լիներ հնարավորինս լայն, և ես տեսնում եմ, որ նման համագործակցության պարագայում լուրջ հաջողության հասնելը հնարավոր է։
– Կնշե՞ք այդ ուժերի անունները։
– Իհա՛րկե ոչ, որովհետև երբ դու մարդու անունը տալիս ես, պարտադրում ես, որ նա էլ տեսակետ հայտնի։ Երբ համաձայնությունները կլինեն, դրանք հայտարարելու նաև ձևեր և մեխանիզմներ կան, որոնցից ճիշտ ժամանակին օգտվելը նաև երկրաչափական պրոգրեսիայով արագացնում է ազդեցությունը։ Եվ այս առումով նպատակահարմար չեմ գտնում` թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական տեսանկյունից, թե՛ փաստը կայացած դեռ չլինելու առումով, անուններ տալը։
– Իսկ կարո՞ղ եք ժամկետ նշել, թե վերջնական համաձայնության ե՞րբ կգաք։
– Գիտեք, ընտրական ցուցակները ԿԸՀ հանձնելուց առնվազն 3-4 օր առաջ դա միանշանակ հայտնի կլինի, և, հավատացնում եմ, որ դա միշտ էլ այդպես է եղել նախկինում։ Իսկ ի տարբերություն նախկին իրավիճակների, հիմա ընդդիմադիր անվան տակ հաճախորդների թիվն ավելի շատ է, և ավելի ծպտյալ են, քան նախկինում կան։
– Նախընտրական շրջանում հիմնական մրցակիցներն ովքե՞ր կլինեն` ըստ Ձեզ։
– Այս իշխանություններն Ընտրական օրենսգիրքն այնպիսի փոփոխությունների, իրավաբանական այնպիսի ճարպկությունների են ենթարկել, որ այդ ճարպիկներին դատել է հասնում ամենախստագույն ձևով, նույնիսկ ցմահ, որովհետև իրենք փորձում են մանիպուլյացիաների ենթարկել մարդկային գիտակցությունը և քվեարկելու հնարավորությունը։ Այսինքն` ընդունել են մի տարբերակ, որ յուրաքանչյուր 15000 ընտրող ունեցող տարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք պետք է 5 թեկնածու առաջադրի, որոնք պայքարեն ռեյտինգային տարբերակով, և այլն։
ՀՀ-ում 13 ընտրատարածք կա, և այս տարբերակը դիտարկելիս` երևում է, որ գործող որևէ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկն ինքնուրույն չի կարողանալու այդ 13 ընտրատարածքները լցնել։ Կա նաև մարդկային գործոնը, իհարկե, կուսակցության անդամներ ունենք, բայց ամեն անդամ չէ, որ կարող ես թեկնածու առաջադրել, և ամեն անդամ չէ, որ ինքն էլ համաձայնում է թեկնածու առաջադրվել։
Նաև շատ լուրջ է նյութական գործոնը։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակից գործում է` «ով մեր կողմից է, կարող է հարստանալ և օրենք խախտել, ով մեր կողմից չէ, պետք է չաշխատի» սկզբունքը, և ընդդիմադիր կուսակցությունները վերածվել են գրեթե գործազուրկների միության, դարձել են գաղափարի շուրջ հավաքված գործազուրկներ։
Շատ քչերն են դիմանում այդ մամլիչին, և դրա համար հաճախորդների թիվն օրեցօր ավելանում է, որովհետև չեն կարողանում զուտ սոցիալական, իրենց ընտանեկան խնդիրները լուծել։ Հետևաբար` այս պարագայում ընդդիմադիր ուժերն ու դաշինքները նյութական միջոցներ չունեն այդքան մարդու քարոզարշավ ապահովելու համար։ Այս առումով, իհարկե, առաջնահերթություն է դառնում միասնական դաշինքներով հանդես գալը։
Այս մեխանիզմը բերել է նաև նրան, որ իշխանությունները դրանով այս ընտրություններն իջեցրել են գյուղապետի և թաղապետի մակարդակի, իրենք` նախագահով ու վարչապետով, վերևից կանգնեն հետևեն… Էդպես չի լինելու, հույս չունենան։ Մեր թեկնածուների թիրախը լինելու են ոչ թե տեղում իրենց դեմ առաջադրված թեկնածուները, այլ մրցակիցը լինելու է Սերժ Սարգսյանը` իր իշխանական թիմով։ Մեր թիրախը լինելու է նա։ Այս ընտրություններով ոչ թե Պողոսը կամ Պետրոսն է պատգամավոր դառնում, այլ այս ընտրությունների արդյունքում որոշվում է, թե 2018թ. ով է լինելու երկրի առաջին դեմքը։ Համար մեկը սա է, որ մենք պետք է հասցնենք ընտրողներին։ Իհարկե, տեղերում մեր թեկնածուներն ամբողջ ուժով և եռանդով պետք է պայքարեն ՀՀԿ-ի ու նրա հաճախորդ կուսակցությունների թեկնածուների դեմ։ Այս ենթատեքստը մենք առավելագույնս օգտագործելու ենք, և իշխանություններն իրենց ճարպկությունների զոհն են դառնալու։ Այն, որ ասում է` իմաստուն աղվեսը երկու թաթով է թալաքն ընկնում, իրենք այդ իմաստուն աղվեսի կարգավիճակում են հայտնվելու։
– Այնուամենայնիվ, այսօր Հանրապետականն իր դիրքերը շատ հաստատուն է համարում, առաջիկա համագումարում նախատեսվում է «արյունափոխություն», նոր թարմ ուժերի ներգրավում։ Ի՞նչ եք կարծում` արդյոք սա կփոխի՞ Հանրապետականի դեմքը, և կկարողանա՞ն ժողովրդի մոտ վստահությունը բարձրացնել։
– ԱՄՆ-ում էլ բոլորն անվերապահորեն` մամուլը, քաղտեխնոլոգները, նույնիսկ Հանրապետական կուսակցության շատ անդամներ, համարում էին, որ հաղթելու է Հիլլարի Քլինթոնը, և Թրամփը զրոյական շանս ունի։ Այսինքն` այն, ինչ որ պրագմատիզմը, սթափ տրամաբանությունն էր ասում, որ հաղթելու հնարավորությունը միանշանակ Հիլլարի Քլինթոնինն է, Թրամփն այդ ամենը մի կողմ դրեց, տեղ առ տեղ, հատ առ հատ Րաֆֆի Հովհաննիսյանի նման պտտվեց, ու արդյունքը տեսաք ինչ եղավ։ Այսինքն` աշխարհում փոփոխությունների ժամանակ է եկել, և որևէ մեկը թող այդքան վստահ չլինի։
Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ էր շատ վստահ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ, բայց ժամանակը գալիս է, բոլորն էլ փոխվում են։ Սերժ Սարգսյանը դրանցից ոչ մեկից ավելին չի, առավել ևս` այն ժամանակը, ինչ իրեն հատկացված էր, նա այդ ժամանակն արդեն լրացրել է, և պետք չի նախորդներից տարբերվել մնալու առումով, առավել ևս, որ նախորդներն իրենց ժամանակին գոնե խոստումը պահել ու հեռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը` դեռ մի բան էլ շուտ։
– Բայց Սերժ Սարգսյանի նախկին և ներկա հայտարարությունները` պաշտոնավարումը շարունակելու մասին, այլ բան են ցույց տալիս։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։
– Դա խոսում է Սերժ Սարգսյան նախագահի բարոյականության մասին։ Մարդը ստում է իր ժողովրդին, ում նախագահն է ինքը, ում ներկայացնում է ամբողջ աշխարհով մեկ և ուզում է, որ աշխարհում և այս երկրում իրեն ու իր ասածներին հավատա՞ն։ Վաղը չէ մյուս օրն այդ համագումարում ինքը ելույթ է ունենալու, ինքն ուզում է, որ այդ ելույթին և այդ խոստումներին ես հավատա՞մ։ Ինքը ստել է, և ոչ մեկ անգամ։ Իսկ սա աններելի սուտ էր, որովհետև եթե դու սահմանադրական հանրաքվեից առաջ ասում ես, որ որևիցե` ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ այլ պաշտոնների չես հավակնում, ու հիմա ասում ես, թե ժամանակը կգա` կերևա, դեռ տեսնենք` ինչքան քվե կունենանք… Ասեիր` ես, միևնույն է` արդեն քաղաքականությունից դուրս եմ լինելու, հուսով եմ կամ համոզված եմ, որ Հանրապետականը կլինի, ես էլ կլինեմ այդ կուսակցության անդամ, և այլն, բայց ես դուրս եմ լինելու։
Դա կլիներ խոսքի տեր։ Ես հետևում եմ իր բոլոր ելույթներին, դրանք գնացող մարդու ելույթներ չեն, նա ծրագրերից է խոսում։ Այս 8 տարվա ծրագրերը վեր է առել, հիմա էլ նոր ծրագրերից է խոսում։ 8 տարին ցանկացած նախագահի համար բավարար ժամկետ է։ Ինքն այդ բավարար ժամկետն ուղղակի վատնել է` երկրին որևէ դրական փոփոխություններ չբերելով, երկրի ներքաղաքական կյանքը վերածելով այնպիսի ճահճի, որ գնալով հանրային ընկալումների մեծ մասն արդեն փոփոխությունները տեսնում է «Սասնա ծռերի» օրինակով ու մոդելով, և մեզ ասում են` կգնաք նման քայլի` կգանք ձեր հետևից, չեք գնա` չենք հավատում։ Ա՛յ, սա է իր ստեղծած քաղաքական մեխանիզմը։