«Բնակչության մոտ 80 տոկոսը բացասական է գնահատել Ոստիկանության գործունեությունը հուլիսին Սարի թաղի իրադարձությունների ժամանակ». «Գելլափ Ինթերնեյշնլ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։
Հարցումների համաձայն՝ հարցվածների 91%-ը տեղյակ է 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երևանում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու մասին։
Նա նշեց, որ հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային ﬕավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային ﬕավորներից՝ համամասնորեն:
Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում`ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում՝ 33%, մարզերում՝ 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:
Ա. Նավասարդյանը նշեց, որ իրենք քաղաքացիներին հարց են ուղղել, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, որին հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։
Հարցվածների 41 տոկոսի համար պատճառը եղել է երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առկայությունը, 32 տոկոսի համար՝ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսի համար՝ ԼՂՀ հակամարտության գործընթացում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը, 10 տոկոսի համար դա եղել է արտաքին ուժերի կողﬕց իրականացված պատվեր, իսկ 6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
«Գելլափ Ինթերնեյշնլը» նաև փորձել է պարզել տարբեր ինստիտուտների կողմից «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում գործունեության, արձագանքի գնահատականը։ Գնահատումն իրականացվել է 1-ից բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը։ Հարցվածներն ամենաբարձրը գնահատել են ԶԼՄ-ների աշխատանքը՝ 3.5 բալ, ընդդիմությանը տվել են 2.8 բալ, միջազգային կազմակերպություններին՝ 2.3 բալ, Ազգային անվտանգության ծառայությանը՝ 2.1 բալ, դեսպանատներին, Հանրային խորհրդին և անվտանգության խորհրդին՝ 2 բալ, ՀՀ նախագահին՝ 1.9 բալ, ՀՀ ոստիկանապետին՝ 1.8 բալ, ՀՀ վարչապետին՝ 1.7 բալ, ԱԺ նախագհին՝ 1. 6 բալ։
Կազմակերպությունը նաև փորձել է պարզել «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների գործունեության, արձագանքի գնահատականը, որտեղ կրկին գնահատումը 1-ից 5 բալային սանդղակով է եղել։ Այստեղ ամենաբարձր բալերը ստացել են Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը՝ 3.4 բալ, Ալեք Ենիգոմշյանը ստացել է 3.1 բալ, Անդրիաս Ղուկասյանը և Արմեն Մարտիրոսյանը ստացել են 2.8 բալ, Էդմոն Մարուքյանը՝ 2.6 բալ, Գառնիկ Իսագուլյանը՝ 2.4, իսկ Արշակ Սադոյանը՝ 2.1 բալ։
«Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցությունները վարող ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գործունեությունը հարցվածների 44.9 տոկոսն ավելի շուտ դրական են գնահատել, 15.1 տոկոսը՝ լիովին դրական, 14 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 8.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 17.3 տոկոսը դժվարացել են պատասխանել։
Հարցվածների ընդամենը 8.4 տոկոսն է պատասխանել, որ ինքն անձամբ ներկա է եղել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող հանրահավաքներին, իսկ 91. 6 տոկոսը պատասխանել են, որ չեն եղել։
Հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ոստիկանության աշխատանքը «Սասնա ծռեր» խմբավորման զինված հարձակման գործողությունների ընթացքում հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, հարցվածների 41.7 տոկոսը պատասխանել է՝ ընդհանրապես բացասական, 26.6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, լիովին դրական՝ 3.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 20.3 տոկոսը, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
ՀՀ ոստիկանության աշխատանքը Խորենացի փողոցի և Սարի թաղի ﬕջադեպերի ժամանակ հարցվածների 57.9 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատել, 23.1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, լիովին դրական են գնահատել 2.4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9.7 տոկոսը, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։