«Նախորդ տարվա համեմատ՝ Ադրբեջանում ռազմական բյուջեի ավելացում չկա». Կորյուն Նահապետյան
«Հետաքրքիր է՝ մեր անվտանգության կարիքների մեջ դուք ունե՞ք վիճակագրություն, թե մեր ռազմաարդյունաբերական համալիրը մեր ռազմական կարիքների քանի՞ տոկոսն է ապահովում, և ի՞նչ դինամիկա ինքն ունի ընդհանրապես վերջին տարիների ընթացքում կամ մեր պատմության ընթացքում ընդհանրապես»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում դիմելով Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հետաքրքրվեց, թե նա ի՞նչ կարծիքի է այն գաղափարի մասին, որ մենք գուցե օրենսդրական մեխանիզմ ձևավորենք, որ ամեն տարի պարտավորեցնենք կառավարությանը, որ բյուջեի թվի իքս տոկոսը պետք է անպայման ծախսվի ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների մշակման համար։
«Այսօր հրապարակում կար, որ չնայած Ադրբեջանի բյուջեի կրճատումներին, Ադրբեջանի ռազմական բյուջեն որոշում է կայացրել 63 տոկոսով ավելացնել, և, որ Ադրբեջանը պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել Իսրայելից, որը ենթադրաբար պատասխանն է սեպտեմբերի 21-ին մեր շքերթի ժամանակ «Իսկանդերների» ցուցադրությանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների մշակման վերաբերյալ Կ. Նահապետյանն ասաց, որ դա բավականին հետաքրքիր առաջարկ է, և կարելի է քննարկման առարկա դարձնել և հանդես գալ նաև համապատասխան նախաձեռնությամբ։
«Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և դինամիկային, իհարկե, այս ոլորտը դեռևս լուրջ խնդիրներ ունի կայացման առումով։ Ամիսներ առաջ այցելել ենք Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ՝ գնահատելու կարողությունները։ Բայց պետք է ասեմ, որ բավականին մեծ խանդավառություն կա այս ոլորոտում։ Ողջունելի է, որ արդեն ձևավորվել են ռազմաարդյունաբերական համալիրի օրենքին համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ, և առաջիկայում տեղի է ունենալու նաև ռազմաարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նիստը, որը գլխավորում է ՀՀ վարչապետը, կարծում եմ, որ այս քաղաքականության նկատմամբ հատուկ ուշադրություն է լինելու։ Մենք առաջիկայում կունենանք որոշակի ձեռքբերումներ»,- նշեց Կ. Նահապետյանը։
Նա նաև հայտնեց, որ իրենք ուշադիր հետևում են, թե ինչպիսի գործողություններ է պլանավորում և իրականացնում Ադրբեջանը. «Նաև մեր ուշադրության կենտրոնում է Ադրբեջանի 2017 թվականի ռազմական բյուջեն։ Պետք է ասեմ, որ նախորդ տարվա համեմատ՝ ռազմական բյուջեի ավելացում չկա։ Նախատեսված էր 1.7 միլիարդ դոլար, 2017 թվականի պետական բյուջեով նույնպես այս գումարն է նախատեսված»։
Ն. Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ի համար հրատապ է մտածել նաև հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունենալու մասին, «Ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք շատ թանկ են, շատ մեծ արժեք ունեն, իսկ մեր բյուջեն այդքան էլ մեծ հնարավորություններ չունի»։