Բաժիններ՝

Ինչո՞ւ է Օձունի «խոսկան տերտերը» հրաժարվում զրուցել լրագրողների հետ

Օձունի խնդրահարույց տաճարի վերականգնման աշխատանքների պատմության ստվերոտ և մութ կողմերի լուսաբանման հետքերով շաբաթ օրը 168.am-ը ուղևորվեց Թումանյանի տարածաշրջանի համանուն գյուղ` սեփական աչքով տեսնելու եկեղեցու ներկայիս վիճակը: Ըստ «Օձունի նոր կյանք» ծրագրի նախաձեռնող Մովսես Ձավարյանի և իր PR արշավը ղեկավարող կազմի, եկեղեցու վերականգնման աշխատանքները համարվում են ավարտված: Այդպես են մտածում նաև Մշակույթի նախարարության որոշ աշխատակիցներ՝ փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորությամբ:

Մինչդեռ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2014 թ. Քոբայր այցելության ընթացքում, լրագրողների և մի շարք պաշտոնյաների՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, նախարարի խորհրդական Ստեփան Ղազարյանի և Օձունի քահանա Տեր Վրթանես Բաղալյանի ներկայությամբ, անդրադառնալով եկեղեցու աշխատանքների ընթացքին, հրապարակավ բանավոր հանձնարարական տվեց տեղում ներկա փոխնախարար Արև Սամուելյանին՝ նախագծի՝ նախահաշվով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո, զբաղվել նաև եկեղեցու ջրահեռացման խնդիրներով: Քանի դեռ նախարար Հ. Պողոսյանն արձակուրդի մեջ է, հանրությանը հայտնի չէ եկեղեցու վերականգնման աշխատանքների հետ կապված ներկա իրավիճակի մասին նրա պաշտոնական կարծիքը:

Այս օրերին եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ծավալված մասնագիտական բանավեճը պարզ դարձրեց, սակայն, որ նախարար Հ. Պողոսյանի հանձնարարականն այդպես էլ մնաց օդում կախված՝ արդյունքում՝ եկեղեցու վերականգնման աշխատանքներն անավարտ են, իսկ ջրահեռացման խնդրին անդրադարձ առհասարակ չի եղել:

Այդ մասին է վկայում նաև Օձունի տաճարի վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի կողմից՝ փոխնախարար Արև Սամուելյանի հայտնի հարցազրույցից հետո  (որտեղ վերջինս անձնական բնույթի վիրավորանքներ պարունակող արտահայտություներով անդրադարձել էր ոչ միայն վերջինիս, այլև համայնքապետին և քահանային) հրատարակած, հիմնավոր փաստեր բացահայտող նամակը:

Ըստ վերականգնող ճարտարապետի 168.am-ին տված վերոհիշյալ պատասխան նամակի՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները ոչ միայն անավարտ են, այլև պարունակում են զգալի թերություններ և ճարտարապետական կոպիտ խախտումներ: Անավարտ աշխատանքները վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում է շուրջ 13 կետից բաղկացած շարքով, որոնց իսկությունը պարզելու նպատակով 168.am-ն այցելեց Օձուն՝ տեղում ծանոթանալու և ներկայացնելու իրական պատկերը:

Այսպիսով, մեր տեսախցիկն Օձունի վանական համալիրի բակում հայտնաբերեց հետևյալ պատկերը, որ ստորև ներկայացնում ենք լուսանկարների շարքով.

1. «ԵվրոՏրաստե» ԲԲԸ-ի միջոցներով գնված քարերի մի մասը դեռևս չեն օտագործվել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքների մեջ:

1

2. Այս քարերը սպասում են եկեղեցու պատերին հայտնվելու բաղձալի ժամին:

2

3. Արևմտյան սրահի քիվերը վերաշարված չեն, կատարված չեն նաև նոր տաշի ու շարի աշխատանքները:

3

4. Հարավային սրահի ամբողջ երկայնքով հիմքերի բացակայող հատվածները նոր քարերով լրացված չեն:

4

5. Հարավային սրահի կամարաշարի սյուների ստորին շարքի քարերը չկան:

5

6. Սյունը հենված է շաղախի և դատարկ տարածության վրա:

6

7. Հարավային մուտքի նիշը չի իջեցվել նախնական վիճակի, ֆաներայից դուռը ևս փոխված չէ՝ նախահաշվով նախատեսված փայտյա դռնով:

7

8. Հարավային սրահի Արևելյան ավանդատան մուտքի հատվածում նախատեսված աշխատանքները կատարված չեն:

8

9. Ահա «փրկված» թմբուկի վրա հայտնված չորս անհամաչափ լուսամուտներից երկուսը:

9

10. Արևելյան կենտրոնական լուսամուտի ներքևի հատվածը չի բերվել նախագծով նախատեսված նախնական վիճակին:

10

11. Արևելյան հիմքերի երկրորդ աստիճանի նոր քարերը տեղադրված չեն:

11

12. Եկեղեցուց Հյուսիս գտնվող կոթողի կարանախցման և ամրակայման աշխատանքներն անկատար են:

12

13. Հյուսիսային սրահի աբսիդի գմբեթարդի կախված քարերի քանդման և վերաշարման նախագծով նախատեսված աշխատանքները նույնպես կատարված չեն:

13

14. Հյուսիսային մուտքի ստորին հատվածի նախնական չափսերի բերման և կիսաբարդ փայտյա դռան պատրաստման և տեղադրման գործը ևս արված չէ:

14

15. Հյուսիսային սրահում ընդհանրապես ոչինչ արված չէ:

15

16. Կոթողի աստիճանների մի մասի նախագծով նախատեսված քանդման վերաշարման և կարանախցման աշխատանքները կատարված չեն:

16

17. Բակի խոտհունձը դժվարացել է՝ Հյուսիսային կամարակապի չվերաշարված մայր քարերի պատճառով:

17

18. Քարերից մի քանիսի վրա նշմարվում են նախկինում համարակալված, ապա վերահամարակալված թվեր:

18

19. Համարակալված մայր քար:

19

20. Տասնութ լուսամուտներից ոչ մեկը ոչ միայն փոխված չեն, այլև բաց են թռչունների երթևեկի առջև և նույնիսկ մաքրված չեն շինարարության ընթացում ծորացած բարդ կրաշաղախից:

20

21. Արևմտյան սրահի քանդման վերաշարման նախահաշվով նախատեսված աշխատանքները նույնպես թերի են:

21

Մենք Օձուն մեկնեցինք նաև այն հույսով, որ այնտեղ՝ տեղում, կհանդիպենք և իրավիճակի մասին կզրուցենք համայնքապետ Արսեն Տիտանյանի և եկեղեցու սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանի հետ: Պարզվեց, սակայն, որ համայնքապետն այս օրերին արձակուրդում է, իսկ «խոսկան տերտերը» (ըստ Ա. Սամուելյանի բնորոշման) հրաժարվեց զրուցել մեզ հետ: Քահանան առաջարկեց խոսել՝ երկնքի արքայության և հավիտենական կյանքի, բայց ո՛չ տաճարի վերականգնման անավարտ աշխատանքների մասին: Մեզ, իհարկե, զարմացրեց հոգևոր հովվի կտրուկ մերժումը, ով հայտնի է մամուլում հրապարակային ելույթներ ունենալու իր սովորությամբ: Հավանաբար նրան ստիպել են լռել, և, անկասկած, սա Մշակույթի նախարարության գործելաոճի սահմաններում է: Այնուամենայնիվ, մեր աչքից չվրիպեց համայնքապետի և քահանայի նկատմամբ օձունցիների ակնհայտ սերն ու համակրանքը:

Հատկանշական է այն փաստը, որ 13.07.2015 թ. Aravot.am-ում հրապարակված իր հոդվածով եկեղեցու բարերար համարվող Մովսես Ձավարյանը քննադատական սլաքներ է ուղղում Մշակույթի նախարարին, եկեղեցու ներկայացուցիչներին, Օձունի համայնքապետին և հասարակությանը՝ վերականգնման աշխատանքներում արհեստական խոչընդոտներ ստեղծելու և անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու համար: Այդուհանդերձ, բառացիորեն 4 օր անց՝ 17. 07.2015 թ., նույն Մովսես Ձավարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ում շնորհիվ, ըստ նրա, իրականություն դարձավ Օձունի վանքի վերակառուցումը: Հետաքրքիր է, որ նրա ամենաջերմ շնորհավորանքները բաժին են հասել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին:

Մ. Ձավարյանի կողմից շնորհակալական խոսքերից անմասն չի մնացել նաև, վերջինիս բնութագրմամբ՝ չափազանց գրագետ և հավասարակշռված PR արշավ իրականացրած և մինչև օրս իրականացնող Ալեքսանդր Մելքումյանը: Որոշ օձունցիների ենթադրությամբ՝ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած նախարար Հ. Պողոսյանի և փոխնախարար Ա. Սամուելյանի հրաժարականի պահանջը նույնպես վերջինիս սև PR արշավի մի մասն էր, որը, սակայն, 168.am-ի հետ զրույցի ընթացքում Մովսես Ձավարյանը հերքեց՝ ասելով, որ տվյալ հայտարարություն տարածած տեղեկատվական կենտրոնի մասին որևէ ինֆորմացիա չունի:

Չենք ուզում անդրադառնալ նախահաշվով նախատեսված և չկատարված աշխատանքների արժեքին, որոնք հավանականորեն կարող են համապատասխանել վերականգնման աշխատանքների ընթացքում նախահաշվով նախատեսված և չկատարված աշխատանքների գումարին: Ենթադրվում է, որ այս հարցում պարզաբանումներ մտցնելու միակ տարբերակն աուդիտի անցկացման որոշումը կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս