Ո՞ւմ է հիմարի տեղ դնում Մշակույթի նախարարությունը. Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները՝ կասկածի տակ
168.am-ը շարունակում է Օձունի Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ծավալված վիճահարույց պատմության ստվերոտ կողմերի լուսաբանումը: Նպատակին հետամուտ մեր խմբագրությունը գրավոր հարցումներ ուղարկեց վերջերս արձակուրդից վերադարձած ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, պարզելու համար՝ ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի նա՝ վերջին ամսվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած եկեղեցու վերականգնման աշխատանքների և ներկա իրավիճակի վերաբերյալ:
Ըստ Հասմիկ Պողոսյանի մեզ ուղարկած պատասխան-նամակի, սակայն, տպավորություն է, որ վերջինս ոչ միայն տեղյակ չէ սեփական նախարարությանը, մեղմ ասած, վատ իրավիճակի մեջ դրած խնդրի մանրամասներին, այլև հրապարակայնորեն հայտարարում է այդ մասին: Նախարարի հետ գրավոր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
168.am կայքի լրագրող Նվարդ Մանվելյանի՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված հարցմանն ի պատասխան
– Տեղյա՞կ եք արդյոք վերականգնված եկեղեցու շուրջ վերջին ամսվա ընթացքում ծագած խնդիրների մասին։
– Օձունի սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջը վերջերս բարձրացվող խնդիրներին տեղյակ եմ, և դրանք դիտարկում եմ միայն հուշարձանի շահերի, այլ ոչ թե դրանց հետ կապ չունեցող հարցադրումների տեսանկյունից։
– Ըստ Ձեզ՝ լիովին ավարտվա՞ծ են արդյոք սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները։
– Աշխատանքները կհամարվեն լիովին ավարտված հուշարձանի ամբողջական վերականգնման պարագայում միայն: Այս փուլում ավարտված են հուշարձան-համալիրի մաս կազմող եկեղեցու մասնակի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են տեխնիկական առաջադրանքի պահանջներով մշակված և հաստատված նախագծի ծավալներին համապատասխան. այն է՝ եկեղեցու գմբեթարդի ու թաղերի ամրացում, գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի ընդլայնումների կանխում, եկեղեցու ծածկասալերի ամբողջական նորոգում, զույգ զանգաշտարակների ամրակայում ու նորոգում, երեսապատերի խարխլված և կազմաքանդված հատվածների վերաշարում, մասնակի նոր տաշ ու շարի աշխատանքների իրականացում, պատերի ամրակայում, ներարկում կրաշաղախով և այլն։ Հարկ եմ համարում նշել, որ հարցի առնչությամբ հնչեցված մեկնաբանություններն ու ներկայացված լուսանկարները հիմնականում վերաբերում են հուշարձանի՝ վերականգնման նախագծում չներառված հատվածներին։ Հաջորդ փուլում՝ արդեն այլ նախագծով, որի էսքիզային առաջարկը պատրաստ է և քննարկվել է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում, կիրականացվեն եկեղեցու արտաքին սրահների սալարկման աշխատանքները և կլուծվեն ջրահեռացման խնդիրները։ Նշեմ, որ հուշարձանի ամբողջական վերականգնման համար (կոթող-մահարձանների ամբողջական ամրացում և վերականգնում, արևելյան գետնախարիսխների քարերի լրացում, արտաքին սյունասրահների ամրակայում և վերականգնում (որի մաս է կազմում սալարկման և ջրահեռացման խնդիրը), հուշահամալիրի տարածքի բարեկարգում) մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է ևս 110 մլն դրամ։
– Գո՞հ եք արդյոք եկեղեցու վերականգնման վերջնական արդյունքից։
– Վերականգնման այս փուլի՝ նախագծով սահմանված ծավալների իրականացման արդյունքից, այո, գոհ եմ։ Մասնավոր հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներին մշտապես հետևել են նախարարության մասնագետները, որոնք` Օձունի վերականգնվող Սբ. Հովհաննես եկեղեցի կատարած այցելությունների արդյունքում կազմել են արձանագրություններ, անհրաժեշտությունից ելնելով՝ գիտական նոր ուսումնասիրությունների հիման վրա լրամշակել նախագիծը։ Հետևաբար, հենվելով մասնագիտական կարծիքի վրա՝ կարելի է եզրակացնել, որ այս փուլի վերականգնումն իրականացվել է պատշաճ մակարդակով՝ ապահովելով հնադարյա կոթողի անխաթարությունը։ Այս հանգամանքը, կարծում եմ, բոլորի կողմից պետք է դիտարկվի որպես առաջնային խնդիր։ Միևնույն ժամանակ հույս եմ հայտնում, որ հուշահամալիրի բուն վերականգնման հետ կապ չունեցող տարաձայնությունները չեն հիասթափեցնի Օձունի եկեղեցու և այլ հուշարձանների վերականգնմանն աջակցող բարերարներին, և մենք կշարունակենք իրականացնել նմանատիպ լայնածավալ վերականգնման ծրագրեր՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ։
Գրավոր հարցազրույցը այսքանն էր: Սկսենք նրանից, որ տիկին Պողոսյանը հուշարձանի շահերի մասին դիտարկումներ անելուց առաջ մեծ ջրբաժան է տեսնում բուն հուշարձանի անավարտ վիճակի և դրանից բխող խնդիրների միջև, որի արդյունքում վերջին ամսվա ընթացքում մենք ունենք այն պատկերը, որ հստակ արտացոլված է տեղական մամուլի էջերում: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ նախախարը դրանք դիտարկում է բացառապես հուշարձանի շահերի, բայց ոչ դրանց հետ «կապ չունեցող հարցադրումների» տեսանկյունից։ Գուցե տիկին Պողոսյանի սեղանին չի հայտնվել եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի հրապարակային անդրադարձը, որում վերջինս հանգամանալից մասնագիտական գնահատական էր տալիս անավարտ եկեղեցու ներկա վիճակին՝ պարզություն մտցնելով և ներկայացնելով փաստացի կատարված, ինչպես նաև չկատարված աշխատանքները: Կամ, եթե նա, այնուամենայնիվ, ծանոթ է մասնագետի (տվյալ պարագայում՝ եկեղեցու վերականգնման միակ պատասխանտու անձի) դիտարկումներին, ապա ո՞ւմ և կամ ի՞նչ կարծիքով է առաջնորդվել նախարար Հ. Պողոսյանը՝ նախագծով սահմանված ծավալների իրականացման արդյունքից նմաօրինակ գոհունակություն հայտնելու համար:
Հակիրճ անդրադարձ կատարենք վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի հրապարակմանը, որտեղ վերջինս հանգամանալից մեկնաբանությամբ ներակայացրել էր նախագծում նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքների անվանացանկին՝
- Չեն բացված թմբուկի 4 և աղոթարանի արևելյան պատուհանների հետագայում շարված պատային զանգվածները, որի արդյունքում կունենայինք վերջիններիս իրական ուղղաձիգ չափերը:
- Հյուսիսային սրահի բաց խորանի կախված գմբեթարդի քարերը քանդված, վերաշարված չեն:
- Հարավային սրահի մկրտարանի մուտքային հատվածում նախատեսված վերակագնման աշխատանքները կատարված չեն:
- Տաճարի Հյուսիսային և Հարավային մուտքերի շեմքի աստիճանների տեղադրումը իրականացված չէ:
- Չեն տեղադրվել տաճարում նախատեսված 2 մուտքերի նոր դռներն ու 18 պատուհանները:
- Արևելյան ճակատի երկաստիճան գետախարիսխների վերականգնողական աշխատանքները կատարված չեն (քարե բլոկները թափված են շրջակայքում):
- Արևմտյան սրահի քիվերի, հարթ սրբատաշ քարերի վերաշարման, այնպես էլ նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն:
- Իրականացված չեն Արևմտյան և Հարավային սրահներում զույգ թաղակիր կամարները, ամբողջ սրահների երկայնքով տեղադրվելիք մեկ շարք թաղի քարերը, ինչպես նաև ծածկասալերը:
- Ընդհանրապես Հյուսիսային սրահում կատարվեծ չեն որևէ վերականգնողական աշխատանքներ:
- Հարավային սրահի կամարաշարի սյուների ստորին քարերի, ինչպես նաև ամբողջ երկայնքով (21 մ) ժապավենաձև գետնախարիսխների նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն:
- Սրահների սալահատակումը իրականացված չէ:
- Կոթող մահարձանում կատարված են միայն վերին հատվածներում մասնակի վերանորոգումներ:
- Իրականացված չեն թմբուկի ամրակայման աշխատանքները:
Տեղեկացնենք նաև, որ վերականգնող ճարտարապետի վերոհիշյալ դիտարկումները ուղեցույց են հանդիսացել մեր նկարահանող խմբի համար Օձուն կատարված այցելության ընթացքում, որի արդյունքում մեր տեսախցիկն արձանագրել էր հետևյալ պատկերը, որին անդրադառնալով նախարարը հարկ համարեց նշել, որ հարցի առնչությամբ հնչեցված մեկնաբանություններն ու ներկայացված լուսանկարները հիմնականում վերաբերում են հուշարձանի՝ վերականգնման նախագծում չներառված հատվածներին (նշենք, որ նախագծից դուրս կատարվել են միայն երկու ավանդատան հատակների ու ծածկերի վերականգնման աշխատանքները): Նախարարի գրավոր պատասխանները հիմք են տալիս կարծելու, որ վերջինս տեղյակ չէ նաև եկեղեցու վերականգնման նախագծով նախատեսված ծավալներին, կամ, որ առավել հավանական է՝ մեր կողմից վերջինիս հասցեագրված հարցերին պատասխանել է ինֆորմացիային բացառապես չտիրապետող անհայտ անձ: Չի բացառվում նաև, որ դա լինի գործն ամեն գնով կոծկել ջանացող փոխնախարար Արև Սամուելյանը, կամ վերջինիս համախոհ հանդիսացող որևէ անձ:
Մեզ ուղարկած գրավոր պատասխաններում նշվում է նաև այն մասին, որ հուշարձանի ամբողջական վերականգնման համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է ևս 110 մլն դրամ։ Գուցե նախարար Պողոսյանին (կամ պատասխանող անհայտ անձին) հստակ հայտնի է այն դիտարկումը, որին անդրադարձանք մենք նախորդ հոդվածում և որի շուրջ, սակայն, մենք չցանկացանք այնուամենայնիվ ծավալվել՝ նախահաշվով նախատեսված և չկատարված աշխատանքների արժեքին, որոնք հավանականորեն կարող էին համապատասխանել վերականգնման աշխատանքների ընթացքում նախահաշվով նախատեսված և չկատարված աշխատանքների գումարին, ինչը զարմանալիորեն հանընկնում է նախարարի կողմից հստակ վերոնշված 110 մլն դրամին: Պատահականությո՞ւն էր արդյոք նախարարի կողմից բարձրաձայնած գումարի հստակ չափը, թե՞ ոչ, պարզելու համար օրեր առաջ մեր խմբագրությունը նամակով դիմեց ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ խնդրանքով մեզ տրամադրել Օձունի վերականգնված Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցու նախագծով նախանշված նախահաշվի գրավոր օրինակի պատճենը, որը, սակայն, մինչ սույն հոդվածի տպագրման պահը նախարարության կողմից մնաց անպատասխան: Բարեբախտաբար մենք ունենք ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ, որի շնորհիվ կարողացանք ձեռք բերել և հրապարակել նախագծով նախանշված նախահաշվի գրավոր օրինակի պատճենը՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին:
Ավելացնենք միայն, որ ըստ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի՝ տաճարի վրա կատարված աշխատանքների ամփոփ մեկնաբանությունների ու գնահատականների («Մեդիամաքս», 12.07.2015թ.) ծրագիրն արժեցել է մոտ 300 մլն դրամ: Եթե կատարված աշխատանքների և նախահաշվով նախատեսված ու չկատարված աշխատանքներին գումարենք ևս 110 միլիոն, ապա գումարը կազմի հենց այդքան:
Ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների՝ եկեղեցու վերականգնման ընթացում ճարտարապետի կողմից աշխատանքի որոշ ծավալներ արդեն կրճատվել են, որի արդյունքում զուգահեռաբար կրճատվել են նաև ֆինանսական միջոցները: Զորօրինակ՝ Մշակույթի նախարարության հանձնարարականով՝ ճարտարապետը եկեղեցու և կոթող մահարձանի վրայից հանել է 261 քառակուսի մետր քանդման վերաշարման աշխատանքներ, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 20 միլիոն դրամ: Արդյունքում՝ 320 մլն.-ից հանվել է 20 մլն.-ի աշխատանք: Հաշվի առնելով այն, որ Մշակույթի նախարարության օժանդակությամբ Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրը ՀՀ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական ծրագիր և 2013 թվականի օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), և, որ հարկային դաշտում սույն գործարքները երևալ չեն կարող, շինարար «Լևգուկ» ընկերությունը ( տնօրեն Լևիկ Ղուկասյան), օգտվելով առիթից՝ ըստ բարերարի, ստանալով 271 մլն. դրամ կամ ըստ փոխնախարար Արև Սամուելյանի՝ 300 մլն. դրամ, կատարել է մոտավորապես 190-200 մլն. դրամի աշխատանք (չհաշված ԱԱՀ-ն)՝ զրպարտելով վերահսկող ճարտարապետին և խաղից դուրս թողնելով նրան՝ ուռճացրել է նախահաշիվը:
Ի վերջո, եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագիծն ի սկզբանե արժանացել էր գիտխորհրդի հավանությանը, որի նախագահը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էր, և, բացի այդ՝ նախագիծն անցել էր նաև համապատասխան փորձաքննությունը: Ուրեմն, եթե այսքանից հետո այն զգալի թերություններ է ունեցել, որ պատճառ դարձավ այսօրինակ քննարկման, ապա հարց է ծագում՝ ինչպե՞ս է նախագիծն առհասարակ հաղթահարել պատնեշներն ու հասել իրականացման փուլ:
Խնդրով հետաքրքրված անձինք մեզ հետ զրույցներում ՀՀ վարչապետ, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին առաջարկում էին վերահսկողություն սահմանել ավելացված արժեքի հարկից ազատված Օձունի Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցու վերականգնման ողջ գործընթացը ուսումնասիրելու համար: