Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու թնջուկը բացվում է. Վերականգնող ճարտարապետը աղաղակող փաստերով խախտում է լռությունը
Երեկ 168.am-ի խմբագրություն զանգահարեց Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանը, ում զայրացրել էր օրեր առաջ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի 168.am-ին տված հարցազրույցը, որտեղ, խոսելով խնդրի և այդ խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, փոխնախարարը անհարիր արտահայտութուններ էր հնչեցրել ինչպես եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի, այնպես էլ Օձունի համայնքապետի հասցեին: Ճարտարապետը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է խախտել լռությունն ու բարձրաձայնել եկեղեցու շուրջ առաջացած աղմուկի մասին իր տեսակետը, որի մասին, ըստ նրա համառորեն լռում են թե´ Մշակույթի նախարարության պատկան մարմինները, թե´ բարերար Մովսես Ձավարյանը: Թե ի՞նչ է իրականում կատարվել Օձունի ՍԲ Հովհանես եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացում վերականգնող ճարտարապետը բացահայտում է ստորև, որը ներկայացնում ենք առանց խմբագրման և մեկնաբանությունների:
«Անկեղծ ասած՝ մտադրություն չունեի արձագանքելու վերջին ամիսներին Օձունի եկեղեցու վերականգնման շուրջ տարաբնույթ մեկնաբանություններին, սակայն Մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մ. Ձավարյանի հրապարակումներն ու մեկնաբանությունները, որոնք լի էին բազում ապատեղեկատվություններով, փաստերի ոչ օբյեկտիվ ներկայացմամբ ստիպեցին ինձ՝ որպես նախագծի հեղինակի, պարզություն մտցնել և ներկայացնել փաստացի կատարված, ինչպես նաև չկատարված աշխատանքները և ստեղծված իրական վիճակը:
Անդրադառնանք Մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանի` տաճարի վրա կատարված աշխատանքների ամփոփ մեկնաբանություններին ու գնահատականներին («Mediamax» 12.07.2015թ.): Նշում է, որ ծրագիրը մոտ 300 մլն դրամ էր նախատեսում և այդքանի էլ գործ արվել է: Իրականության հետ ոչ մի կապ չկա: Նախ, բարերարը մատնանշում է, որ կատարել են 271 մլն դրամի աշխատանքներ, երկրորդ` մասնագիտական մեծ ունակությունների անհրաժեշտություն չկա, որպեսզի տեղում համեմատես նախագծում նախատեսված աշխատանքների կատարման համապատասխանությունը իրականության հետ: Նշենք նախագծում նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքների անվանացանկը:
1. Չեն բացված թմբուկի 4 և աղոթարանի արևելյան պատուհանների հետագայում շարված պատային զանգվածները, որի արդյունքում կունենայինք վերջիններիս իրական ուղղաձիգ չափերը:
2. Հյուսիսային սրահի բաց խորանի կախված գմբեթարդի քարերը քանդված վերաշարված չեն:
3. Հարավային սրահի մկրտարանի մուտքային հատվածում նախատեսված վերակագնման աշխատանքները կատարված չեն:
4. Տաճարի Հյուսիսային և Հարավային մուտքերի շեմքի աստիճանների տեղադրումը իրականացված չեն:
5. Չեն տեղադրվել տաճարում նախատեսված 2 մուտքերի նոր դռներն ու 18 պատուհանները:
6. Արևելյան ճակատի երկաստիճան գետախարիսխների վերականգնողական աշխատանքները կատարված չեն (քարե բլոկները թափված են շրջակայքում):
7. Արևմտյան սրահի քիվերի, հարթ սրբատաշ քարերի վերաշարման, այնպես էլ նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն:
8. Իրականացված չեն Արևմտյան և Հարավային սրահներում զույգ թաղակիր կամարները, ամբողջ սրահների երկայնքով տեղադրվելիք մեկ շարք թաղի քարերը, ինչպես նաև ծածկասալերը:
9. Ընդհանրապես Հյուսիսային սրահում կատարվեծ չեն որևէ վերականգնողական աշխատանքներ:
10. Հարավային սրահի կամարաշարի սյուների ստորին քարերի, ինչպես նաև ամբողջ երկայնքով (21 մ) ժապավենաձև գետնախարիսխների նոր տաշ ու շարի աշխատանքները կատարված չեն:
11. Սրահների սալահատակումը իրականացված չէ:
12. Կոթող մահարձանում կատարված են միայն վերին հատվածներում մասնակի վերանորոգումներ:
13. Իրականացված չեն թմբուկի ամրակայման աշխատանքները:
Հարկ եմ համարում կանգ առնել և ավելի հանգամանորեն ներկայացնել այս վերջին չկատարված աշխատանքները: Երբ 2012թ. հոկտեմբերի 16-ին Մշակույթի նախարարությանը տրվեց համալիրի ի լրումն 2011թ. հաստատված նախագծա-նախահաշվային վերականգնման լրացուցիչ փաթեթը (ի դեպ` այն այդպես էլ չհաստատվեց, տե՛ս իմ անդրադարձը «Իրատես de facto», 22.12.2014թ. «Օձունի վերականգնման լույսն ու ստվերը» հոդվածում), որտեղ ներառված էին թմբուկի և գմբեթի ամրակայման, ինչպես նաև մի շարք այլ հրատապ, չնախատեսված աշխատանքներ, որոնք ի հայտ եկան շինարարության ընթացքում, և որոնց չիրականցումը կլիներ թերի: Նախագծային արժեքը 300 մլն դրամից դարձավ 320 մլն դրամ: Բնականաբար, խնդիր առաջացավ լրացուցիչ 20 մլն դրամը հայթայթումը: Դրա պարզագույն լուծումը կարծում եմ իրականացավ նախարարության, բարեգործական հիմնադրամի և շինարարի միջև փոխհամաձայնեցմամբ, այն է` նոր մատնանշված աշխատանքները կատարել 2011թ. հաստատված հիմնական նախահաշվային գումարների հաշվին, իսկ իրավական հարթությունում ստացվեց ինքնակամ շինարարություն:
Եթե նույնիսկ գմբեթարդի ամրակայման աշխատանքները կատարված են համապատասխան նախագծի (ո՛չ տեխնիկական հսկիչն է տեսել, ո՛չ էլ հեղինակը), ապա վերջինս չի ապահովում թմբուկ-գմբեթ միասնական ամրության հասկացողությունը, քանի որ նախագծով նախատեսված թմբուկի ամրակայման աշխատանքները չեն կատարվել: Վերջին հաշվով, թմբուկը հենարան է գմբեթի համար: Թմբուկի քարերը արտաքուստ և ներքուստ տեղաշարժված են, ուստի պատերը ուժեղացնելու նպատակով, ըստ նախագծի, լայնական ուղղությամբ տեղադրվում էր միջանցիկ 50 սմ թվային երկարությամբ խարսխաձողեր, նախապես շաղափելով անցքերում պոլիմերային սոսնձով: Անցքերը իրականացվում էր շախմատային դասավորությամբ: Թմբուկի պատուհանների բացվածքների ելաքարերը, բացի լայնականից, խարսխաձողերով կապվում էր պատի հաստության հետ նաև երկայնական ուղղությամբ (կոնստր. Ս. Սիմավորյան):
Այնպես որ՝ հիմնազուրկ են այն պնդումները, որ «գմբեթը փրկել ենք և ոչ մի վտանգ չի սպառնում»:
Մեկնաբանվում է, որ տաճարի Հյուսիսային սյունասրահը կազմալուծված է եղել խորհրդային տարիներին և նախագծում այն արտահայտված չի եղել: Դարձյալ պիտի կրկնեմ, որ մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, ոչ թե խորհրդային տարիներին, այլ 1992 թվականին է կազմալուծված եղել, ոչ թե սյունասրահը, այլ՝ երկու երրորդով կանգուն վերջինիս կամարաշարը: Եվ վերջապես՝ նախագծա-նախահաշվային փաթեթում նախատեսված են եղել այդ սյունասրահի վերականգնողական աշխատանքները: Նախագծում կա նաև իմ կողմից արված մի հղում, որ սրահի կամարաշարի նախագիծը կտրվի շինարարության ընթացքում, քանի որ անհրաժեշտություն կար բեկորների չափագրմանը:
2013թ. իմ կողմից բեկորները չափագրվել են և կամարաշարի վերականգնման նախագիծը պատրաստ է:
Ինչ վերաբերվում է V-VI -րդ դարի կոթողի խնդրի մեկնաբանությանը, ապա պետք է նշեմ, որ այնպիսի տպավորություն է ստեղծում փոխնախարարը, որ վերջինիս հիմնական խնդիրը կայանում է օբելիսկների տեղում պահպանելո՞ւ, թե՞ տեղափոխելու գիտական հիմնավորմանը (կարծում եմ, որ սա արհեստականորեն ձգձգման պրոցես է):
Տեղեկացնեմ, որ 2012թ. կոթողի վերին հատվածներում կատարվեցին քանդման-վերաշարման ու ամրակայման դրվագային աշխատանքներ: Սակայն դեռևս չեն կատարվել ըստ նախագծի կոթողի ամբողջ ծավալով քանդման-վերաշարման, նոր տաշ ու շարի, ինչպես նաև կարաններում շաղախի ներարկման աշխատանքները:
Ինչ վերաբերվում է օբելիսկների ճակատագրին, իմ խորին համոզմամբ՝ այն պետք է տեղափոխել թանգարան, իսկ տեղում կրկնօրինակը տեղադրել, քանի որ վերջինս քայքայման եզրին է:
Դեռևս 1987թ. իմ կողմից կատարվել էր օբելիսկների տեղափոխման նախագիծը համապատասխան միջոցառումներով, բայց քանի որ կոթողի վերին հատվածները արդեն ամրակայված են, չեմ կարող պատկերացնել, թե տեխնիկապես ինչպես կարելի է այն տեղահանել և տեղափոխել: Չեմ կարող չանդրադառնալ նաև փոխնախարարի այն արտահայտությանը, որ իրենք լուրջ են մոտենում պետական բյուջեից տրամադրվող գումարներով կատարվող վերականգնողական աշխատանքերին:
Բերեմ մի օրինակ, որն ասում է հակառակը, Հնեվանքի VII – XIV-րդ դարերի համալիրում պետական բյուջեից հատկացված գումարներով կատարված վերականգնողական աշխատանքները (հեղինակներ՝ Մ.Հակոբյան և Ա. Ջալալյան) կրում են խայտառակ բնույթ: Ավելի լավ կլիներ, որ ոչ մի աշխատանք էլ չկատարվեր:
Ներկա պահին այն տպավորությունն է, որ կարծես թե ոչինչ էլ չի եղել:
Այժմ անդրադառնանք Օձունում կատարված վերականգնողական աշխատանքների վերաբերյալ փոխնախարարի գնահատականին: Անցյալ տարի նախարարության պահանջով ներկայացրեցի 2012 թվականից մինչև 2014թ. ապրիլի 4-ը կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ մեկնաբանված ու ներկայացված էին մի շարք կոպիտ խախտումներով (կան նույնիսկ աղաղակող օրինակներ) և անորակ կատարված աշխատանքների փաստեր:
Բերեմ ընդամենը 2 օրինակ, դեռևս 2012թ. թմբուկի Հարավային ճակատի պատուհանի պսակի քարը կոր տաշելու փոխարեն՝ վերին հատվածում ուղիղ հարթությամբ կտրել են, որը մինչ օրս էլ չուղղվեց, ավելին` 2014թ. կոր քարով փոխարինելու փոխարեն շինարարը գտավ «հանճարեղ» մի տարբերակ` ներկով կոր գիծ քաշեց քարի վրա, տալով կոր քարի իմիտացիա: Տաճարի Արևմտյան ճակատի ճակտոնը այնպես է անդարձելի խաթարվել ու ապականվել, որ այսօր որպես VI-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու Արևմտյան ճակտոն այլևս գոյություն չունի:
Այս ամենի մասին և՛ փոխնախարարը, և՛ գործակալության պետը քաջատեղյակ լինելով, բառիս բուն իմաստով, այն պարտակեցին: Եվ հիմա զարմանքս այնքան մեծ է, որ կատարված աշխատանքները փոխնախարարի կողմից բնորոշվում ու գնահատվում են բարձր մակարդակով, այն դեպքում, երբ աշխատանքների հանձնման և ընդունման հանձնաժողովում պարտադիր էր հեղինակի ներկայությունը, որը իր կողմից ստույգ կներկայացներ կատարված ու չկատարված, ինչպես նաև՝ լավ ու վատ կատարված աշխատանքների մեկնաբանումը:
Չկա շին.վարման մատյանը (շինարարը այն հանձնել է ինձ՝ մեկնաբանելով, որ այն իրեն պետք չի, բնականաբար, «հետքերը կոծկելու միտումով»), որտեղ իմ կողմից մեկնաբանվել ու բնութագրվել են կատարված աշխատանքները, չկան փակ ծածկված աշխատանքների ակտերը: Ստիպված եմ նորից հիշեցնել, որ վերականգնողական աշխատանքների ավարտման փաստագրումը և վավերացումը իրականացվում է ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն, տվյալ շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող ճարտարապետա-շինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսնված բոլոր աշխատանքների իրականացումից հետո: Թե ինչքան նախատեսված աշխատանքներ չեն կատարվել, վերը ես մատնանշել էի:
Տպավորությունն այն է, որ ավարտման ընդունման փաստագրումը իրականացվել է «տնավարի»՝ անտեսելով ՀՀ գործող քաղաքաշինական կանոնակարգը:
Եվ վերջապես՝ դիպուկ էին մեր կանխատեսումները 2014թ-ին վերակագնողական աշխատանքների ավարտման ու ընդունման վերաբերյալ: (Տե’ս «Իրատես de facto, 22.12.2014թ. «Օձունի վերականգնման լույսն ու ստվերը» հոդվածը):
Արդեն ավարտել էի Օձունի եկեղեցու վերականգնման շուրջ Մշակույթի նախարարության ու բարերարի կողմից տրված մելնաբանություննների պարզաբանումը, և երկընտրանքի մեջ էի՝ տպագրե՞լ, թե՞ ոչ, երբ 10.08.2015թ. 168.am կայքում ծանոթացա Ա. Սամուելյանի հետ հարցազրույցին, որը նախորդ մեկնաբանությունների նման լի էր ապատեղեկատվությամբ և փոխնախարարին ոչ վայել, չափի սահմանն անցնող, իր բառապաշարի «շտեմարանից» օգտագործված ժարգոնային (… մեզ մոտ ճարտարապետն էր «ցնդո» և գյուղապետն էր «ցնդո») արտահայտություններով:
Սա, իհարկե, ինքնապաշտպանության միջոց է` իրականությունը չընդունող, կամքից թույլ մարդու: Չափի զգազողությունն այնքան է կորցրել, որ մոռանում է, որ երբ ես 30 տարի առաջ սկսեցի զբաղվել Օձունի տաճարի հետազոտությամբ ու ուսումնասիրությամբ, վերջինս կարմիր վզկապով դպրոց էր հաճախում, և առավել ևս մոռացել է, որ անցյալ տարի հուշարձանների օրվա կապակցությամբ «ԱՐ» հեռուստաընկերության լրագրողի հետ հանդիմումից առաջ զանգահարեց ինձ՝ խնդրելով, որ շատ չլուսաբանեմ Հնեվանքում իրենց կողմից կատարված խայտառակ վերականգնողական աշխատանքները:
Ասում է. «Անձնապես գնում-հասնում եմ այնտեղ, բարձրանում եմ վերակառուցվող եկեղեցու «խառաչոների» վրա, որ սեփական աչքով տեսնեմ արդյունքն ու վերջնական կատարողականը ստորագրեմ»:
Այն, որ նախարարը «խառաչոների» վրա բարձրացել է (որը մատների վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ), դա իրականությանը համապատասխանում է, բայց ոչ այն առաքելությամբ, ինչի մասին մեկնաբանում է` արդյունքի և որակի: Առաջին անգամ բարձրացել է 2012թ.` արտագնա նիստի ժամանակ, 2013թ. Սանահինի վերականգնողական աշխատանքներին ծանոթանալուն զուգընթաց այցելել է նաև Օձուն, նույն թվականին վրացական պատվիրակությանն ուղեկցելու ժամանակ և վերջապես՝ 2014թ. ապրիլի 18-ին՝ տաճարի խայտառակ խաչի օծման ժամանակ` խաչի հետ լուսանկարվելու պատրվակով: Եվ եթե դա, իրոք, համապատասխաներ իրականությանը, ապա հարց կտայի փոխնախարարին՝ ունենալով իմ կողմից ներկայացված 2012-2014թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ուր մեկնաբանված են այն անորակ ու կոպիտ խախտումներով կատարված աշխատանքների անվանացանկը, ինչպե՞ս եք վերջնական կատարողականները ստորագրել:
Ստացվում է, որ կանխամտածված չտեսնելու մոտեցում է ցուցաբերել փոխնախարարը:
Կանխամտածված եմ ասում, որովհետև «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի կողմից մի քանի անգամ գրավոր փոխնախարարին առաջարկվել է ստեղծել հանձնաժողով՝ շինարարի կողմից համառորեն չուղղվող կատարված կոպիտ սխալներով ու անորակ աշխատանքների կապակցությամբ: Իսկ պատասխանը մնաց անարձագանք:
Կանխամտածված մոտեցմանը կարող եմ բերել ևս մի վառ օրինակ, որը վերաբերում է տաճարի Արևմտյան ճակտոնի բարբարոսաբար ապականմանը, որը կատարեց շինարարը 2014թ., ինչի մասին քաջատեղյակ էր և՛ փոխնախարարը, և՛ գործակալության պետը և որի մասին հաշվետվությունում ձևակերպված էր` անվերապահորեն քանդել:
Անհասկանալի կերպով փոխնախարարը 1.5 ամիս ինձ հետ կապը խզեց, անջատել էր հեռախոսը, իսկ քարտուղարուհու պատասխանն էր` «զբաղված է»: Իսկ այդ ժամանակահատվածը շինարարին հնարավորություն տվեց շարելու Արևմտյան ճակատի լանջերի ծածկասալերը, որի իրականացումը վերջնականապես անհնարին դարձրեց իմ կողմից մատնանշված Արևմտյան ճակտոննների շտկմանը: Եվ այդ աշխատանքները ավարտված լինելուց հետո՝ փոխնախարարը ինձ հրավիրում է իր մոտ և ասում. «Հիմա ի՞նչ ենք անելու»: Ահա այսպիսի բաներ:
Դե իսկ տաճարի այդ հատվածի ապականված աշխատանքների կատարողականները զերծ չեն մնացել վավերացումից:
Փոխնախարարի հաջորդ մեկնաբանությունը. «Եվ ի դեպ, հարցնում եմ բարերարին` Մովսեսին, որակի հետ կապված խնդիր ունե՞ս, ասում է՝ չէ, ասում եմ` ես էլ չունեմ»:
Ինչպես ասում են՝ «ջան ասենք, ջան լսենք»: Իրատեսական չեմ համարում այս մեկնաբանությունը, որովհետև բարերարը բնակվում է Մոսկվայում և թե ինչպե՞ս է ամիսը մեկ փոխնախարարը հանդիպել և որակի հետ փոխհամաձայնության եկել, ուղղակի չեմ պատկերացնում, առավել ևս, որ բարերարը տվյալ ոլորտի մասնագետ չէ, իսկ կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծին` ոչ մի խոսք:
Այնուհետև մեկնաբանում է. «Ինչ ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, ավարտված է: Մենք միասին կարող ենք նայել բոլոր կատարողականները` հաստատված նախահաշվով»: Էլի հերթական ապատեղեկատվություն: Թե ինչքան աշխատանքներ չեն կատարվել, ես արդեն նշել էի: Այ, իսկ հուշագրավը, որը խորհելու առիթ է տալիս, դա կատարողականների վերաբերյալ մեկնաբանությունն է: Ստացվում է, որ փոխնախարարը այդպես էլ չհաստատված, լրացուցիչ նախագծում նախատեսված և կատարված աշխատանքները (գմբեթի, թմբուկի, ավանդատների և այլ աշխատանքներ), որն իրավական դաշտում մեկնաբանվում է որպես ապօրինի շինարարություն, միանձնյա լեգալացրել է ու վավերացրել է շինարարի կողմից ներկայացված այս, ինչպես նաև տաճարի Հյուսիս-Արևմտյան պատուհանի պսակի, բոլոր ճակատներում առանց բացառության, որոշակի հատվածների քանդման-վերաշարման ու նոր տաշ ու շարի աշխատանքների կատարողականները, որոնք ընդհանրապես գոյություն չունեն հաստատված նախագծում: Դե իսկ հետևություն անելը թողնում եմ ընթերցողին:
Չեմ կարող չանդրադառնալ նաև տաճարի սրահների ամբողջականացման ծրագրի չիրականացմանը, որին անմասն չմնաց փոխնախարարը՝ իր միանձնյա ու չհիմնավորված պահվածքով:
Բարերարը պատրաստակամություն էր հայտնել սրահների ամբողջականացնելու ծրագրի ֆինանսավորմանը: Երբ էսքիզ նախագիծն իմ կողմի ներկայացվեց գիտա-մեթոդական խորհրդին, այն ձայների բացարձակ մեծամասնությամբ (2 դեմ) արժանացավ վերջինիս հավանությանը: Սակայն փոխնախարարը, խախտելով գործող կանոնակարգը, առաջարկեց մեկ անգամ ևս արտագնա նիստ անցկացնել տեղում:
Նիստը կայացավ հանձնաժողովի 16 անդամներից ընդամենը 5-ի մասնակցությամբ (դեմ արտահայտվողներից մեկը` ներկա չէր), որը խնդրի լուծմանը ոչ մի բանով չնպաստեց, այլ ընդհակառակը՝ խնդիրը թողնվեց անորոշության:
Վերջում կցանկանայի իմ մտորումներն արտահայտել հուշարձանների պահպանության գործառույթները Մշակույթի նախարարության իրավասության տակ գտնվելու վերաբերյալ: Իմ խորին համոզմամբ, այն պետք է դուրս լինի նախարարության կազմից և ներկայացնի ինքնուրույն միավոր, ինչպես 1980թ. ստեղծված Կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությունն էր:
Այժմ անդրադառնանք բարեգործական միության նախագահի մեկնաբանություններին՝ կապված Օձունի տաճարի վերականգնման աշխատանքներին: 10.04.2015թ. «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում բարերարը մատնանշում է, որ նախագծով ինչ-որ նախատեսված էր, հիմնականում կատարվել է (բացարձակ ապատեղեկատվություն, դրա պարզաբանումը ես արդեն տվել եմ) և որ մնացել է ջրահեռացման խնդիրը, սակայն նախագիծը չկա: Պարզորոշ երևում է, որ մեկնաբանությունը բարեգործական հիմնադրամի և շինարարի համատեղ «տեղեկատվությունն» է՝ հասցված Մոսկվայում բնակվող բարերարին: Եթե վերջինս տեղում տեսներ իրավիճակը, ապա իր մոտ հարց կառաջանար՝ եթե Հյուսիսային սրահում ոչ մի բան չի արվել, Հարավային սրահի կամարաշարի սյուների ստորին շարքերը և ամբողջ երկայնքով ժապավենաձև նոր գետնախարիսխներն ու սալահատակը չի իրականացվել, ի՞նչ ջրահեռացման մասին կարելի է ընդհանրապես խոսել:
Բայց կար սալահատակի նախագիծը, ինչո՞ւ դա չի կատարել, որը հանգիստ, ցանկության դեպքում կարելի էր վերածել ջրահեռացման կազմակերպման փաստաթղթի: Դե իսկ ցանկության դեպքում, եթե այդքան մտահոգված էր, կարող էր նախարարությունից վերցնել 1986թ. իմ կողմից կատարված ջրահեռացման նախագիծը:
«Ասում է, որ ոմանք ուզում են եկեղեցին եվրոռեմոնտ անեն, եկեղեցու գմբեթը քանդվում էր, մենք վերականգնեցինք»:
«Եվրոռեմոնտ» արտահայտությունը բառիս բուն իմաստով մտացածին է, քանզի նախագծում այդպիսի մոտեցում չկար և չէր էլ կարող լիներ, դե իսկ եկեղեցու գմբեթը ոնց են վերակառուցել, դրա մասին էլ արդեն մեկնաբանություն տրված է:
13.07.2015թ. «Առավոտ»-ում Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնին «Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարությունը խոչնդոտներ է ստեղծում Օձունի վերականգնման համար» հոդվածում տրված բարերարի հարցազրույցից տեղեկանում ենք, որ վերականգնողական աշխատանքները տևել են 4 տարի և որ գմբեթի վրա կար 5 ճաք, որը ամրացրել են:
Հանրությանը տեղեկացնեմ, որ ընդհանրապես հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները կրում են սեզոնային բնույթ և իրականում ոչ թե 4 տարի է տևել շինարարությունը, այլ՝ 3 տարվա կտրվածքով, ընդհանուր հաշվով՝ 1.5 տարի` 2012 թ. 3 ամիս, մյուս երկու տարիներին` յուրաքանչյուրը 7 ամիս: Անընդհատ արծարծվում է գմբեթի 5 ճաքերի ամրացման հարցը: Բայց կարող էր լինել 15 ճաք և այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ թե ինչպես է ամրակայվում այն: Եթե թմբուկի ամրակայման աշխատանքները կատարված չեն, որը գմբեթի համար հանդիսանում է որպես հենարան, ապա ի՞նչ արժեք ունի գմբեթի ամրակայումը, որը չի տալիս և չի ապահովում միասնական ամրությունը:
Թյուր կարծիք եմ համարում, երբ ասում են, որ՝ փրկեցինք գմբեթը, քանզի արդյունքում ստացել ենք թույլ, ոչ լիարժեք ամրակայված զանգված: Նշում է նաև, որ այս ժամանակահատվածում հասարակությունը ներգրավված չի եղել եկեղեցու վերականգնման գործում: Բայց ինչո՞ւ պիտի հասարակությունը ներգրավվի այդ գործում, բարեգործությունը դա հո շոու չէ՞:
Բերեմ դրա մի հակադիր օրինակը: 2010թ. Նորատուսի IX դարի վերականգնման աշխատանքները (որի վերականգնումը ավելի բարդ է, քան Օձունինը, հեղինակ` Մ. Հակոբյան) իր վրա վերցրեց ռուսաստանյան «ԱՖԻՆԱ ՊԱԼԱԴԱ» ընկերությունը, բարերար Հայկ Մաղաքելյանը:
Առաջին փուլի նախագծային արժեքը կազմեց 1 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ փուլինը` 105 հազար ԱՄՆ դոլար: Ճիշտ է՝ այստեղ ևս անմաս չի մնացել և առկա են կոպիտ սխալներով կատարված վերականգնողական աշխատանքներ (Շինարարը` Օձունի վերակագնողական աշխատանքներն իրականացնող, նույն «ԼևԳուկ» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյան), բայց կարող եմ հաստատակամ պնդել, որ հասարակության 99.9 %-ը պարզապես տեղյակ չէ, թե ով է բարերարը: Սա տիպիկ օրինակ է Ավետարանական այն խորհրդին, ուր ասվում է, որ՝ «եթե մի ձեռքը բարի գործ է անում, ապա մյուսը չպիտի իմանա դրա մասին»:
Ասվում է, որ՝ ըստ բարերարի՝ վերականգնողական աշխատանքների համար խոչնդոտ է հանդիսացել նաև «անբան» նախագծային կազմակերպությունը, որը, իր կարծիքով՝ 80-ական թվականներին կազմված նախագծի տարեթվերը փոխելով, ներկայացրել է նոր նախագիծ և չի կատարել հեղինակային հսկողության պարտականությունները:
Նախ՝ բարեգործություն անելը բարերարին ոչ մի իրավունք չի տալիս անհարգի և անպատասխանատու արտահայտություններ անելու: Չէի պատկերացնում, որ վերջինս այսչափ անտեղյակ է այս տարիներին կատարվող վերականգնողական աշխատանքներին և տիրող իրավիճակին:
Վերջին մեջբերումների սկզբնաղբյուրը հանդիսանում է բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վ. Շերմազանյանը, որը 2013թ. հիմնադրամին մշտական «կցված» մի քանի լրագրողների միջոցով, միակողմանի, ոչ պրոֆեսիանալ հարցազրույցներով («Իրատես de facto» 29.03.2013թ.) ապատեղեկատվությունների ու անհեթեթությունների «մի փունջ տպագրեց»: Պարզվում է, որ շինարարը հրավիրել է Միլանի պոլիտեխնիակական ինստիտուտի մի դասախոսի, որը, համաձայնեցնելով նախարարության ու գիտա-մեթոդական հանձնաժողովի հետ, տվել է գմբեթի ամրակայման նախագիծը:
Իսկ իրականում գործադիր տնօրենն ընդգրկված լինելով 2012թ. օգոստոսի 10-ին տաճարի գմբեթի թմբուկի ամրակայման առնչությամբ ստեղծված հանձնաժողովի կազմում, միտումնավոր շրջանցում է այն փաստը, որ տեղում փոխնախարարը ինձ հանձնարարեց երկշաբաթյա ժամանակահատվածում կազմել գմբեթի ամրակայման նախագիծը, որն իրականացվեց «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից բարեգործական հիմունքներով և տրվեց նախարարությանը:
2012թ. սեպտեմբերի 16-ին լրացուցիչ նախագծում, համաձայն նոր տեխնիկական վիճակի եզրակացության, գմբեթի ամրակայման հետ զուգընթաց ներառվեց նաև թմբուկի ու տաճարի ավանդատների կրկնահարկերի ծածկերի ամրակայման, վերջիններիս սալահատակման, տաճարի ու զանգաշտարակների խնձորակների, խաչի, վեղարի ճարտարապետական դետալների նախագծային աշխատանքները, ըստ որի էլ՝ իրականացվեցին չնախատեսված այդ աշխատանքները, բացառությամբ թմբուկի ամրակայման աշխատանքներից:
Կապված նախագծի, այսպես ասած, «կասկածելի ծագմանը», գործադիր տնօրենը մի դեպքում նշում է, որ նախագիծը արտատպված է 4 ուրիշ հեղինակների կողմից, որոնք հիմա չկան («Իրատես de facto» 06.12.2013թ.), ապա («Իրատես de facto» 24.12.2013թ.) գրում է. «Նախագիծը կազմվել է 1986թ., 4 հեղինակներն էլ այսօր չկան, ղեկավարի` Միշա Հակոբյանի անունից տրվել է նախարարություն, նրանք էլ փորձաքննություն են անցկացրել: Բայց նախագիծը չի ներառում 1988թ. երկրաշարժից հետո առաջացած փոփոխությունները, մասնավորապես՝ գմբեթի 4 ճաքերը»:
Սա մի ապացույց է, որը բնորոշում է տվյալ անձնավորության հեռու լինելը այս ոլորտից:
Պարզաբանեմ. նախագծում ես հանդես եմ գալիս և՛ որպես խմբի ղեկավար, և՛ որպես հեղինակ, և այդ 4 հեղինակներից մեկը ես եմ: Իսկ այդ գմբեթի ճաքերը ինչո՞ւ պետք է արտահայտված լինեին 1986թ. նախագծում, երբ այն բացահայտվեց 2012թ. օգոստոսին, հին վեղարի ծածկասալերի հեռացումից հետո: Քանի որ բարերարը և բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հեռու են այս ոլորտի սպեցիֆիկ գործառույթներից, ուստի ստիպված եմ լուսաբանել այս նախագծի, այսպես կոչված, «տարեթվերի» փոփոխումը: Խորհրդային տարիներին կատարված նախագծերը, որոնք ժամանակին կյանքի չեն կոչվել, ներկա ժամանակաշրջանում մնալով նախագծման որպես բազային հիմք, պարտադիր վերանայվում են համաձայն նոր կազմված տեխնիկական վիճակի եզրակացության:
Եվ քանի որ նախագիծը կատարվել էր 1986թ., ուր ամրակայման աշխատանքներն իրականացված էին բացառապես ե/բետոնով, իսկ Հայաստանի Հանրապետությունը լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, գնում էր վերջինիս սկզբունքային այն պահանջներին ընդառաջ, որպիսին է` զերծ մնալ ե/բետոնի օգտագործումից, ուստի նոր կազմված տեխնիկական վիճակի եզրակացության հիման վրա նախագիծը վերանայվեց, բնականաբար, փոփոխվեցին ամրակայման մոտեցումներն ու լուծումները:
Կապված հեղինակային հսկողության հետ` զարմանում եմ բարերարի այդչափ չինֆորմացված լինելու փաստին, ինչին, կարծում եմ, անմաս չի մնացել գործադիր տնօրենը: Պարզվում է, որ նա ընդհանրապես անտեղյակ է, որ իմ կողմից մշտապես կատարվել է հեղինակային հսկողությունը մինչև 2014թ. ապրիլի 18-ը (բացառությամբ 2 ամիսների), փաստ` շին.վարման մատյանը, որտեղ իմ ամեն այցելությունների ժամանակ արված գրառումների տակ պարտադիր ստորագրել է շինարարը` «ԼևԳուգ» ՍՊԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը: Իսկ բարեգործական հիմնադրամը միտումնավոր թաքցնում էր իրական եղելությունը վերահիշյալի կապակցությամբ:
«Իրատես de facto» 13.04.2013թ. տրված հարցազրույցում հիմնադրամի գործադիր տնօրենը մեկ տարվա վերականգնողական աշխատանքների «բարձր» գնահատական է տալիս: Ասեմ, որ միայն 2012թ. հոկտեմբեր ամսին բացահայտվեցին 3 կոպիտ սխալներ, որոնք շինարարն այդպես էլ չուղղեց: Իսկ ընդհանրապես գնահատական տվողը կատարված շինարարական աշխատանքներին՝ հեղինակային հսկողությունն իրականացնողն ու տեխնիկական հսկիչն են, որոնց մեկնաբանություններն ու դիտողությունները ֆիքսվում են շին. վարման մատյանում: Միամիտ կարող է լինել այն մարդը, որը կարծի՝ տաճարի այդ բազմաբնույթ կատարված աշխատանքները կարելի է իրականացնել առանց հեղինակային հսկողության: Թե որքան այդ ժամանակահատվածում բացահայտվեցին կոպիտ սխալներ ու ուղղվեցին, և որքանն էլ շինարարը չուղղեց, գրառված է շին.վարման մատյանում:
Փոխանակ հետևողականորեն առաջնորդվելով մատյանում իմ կողմից կատարված դիտողություններին և դրանից հետևություններ անեն (խոսքը վերաբերվում է անորակ և կոպիտ սխալներին), միտումնավոր թաքցնելով մատյանի գոյության և հեղինակային հսկողության փաստի մասին, հիմնադրամը զանազան լրատվական միջոցներով, անհեթեթությունների ու ապատեղեկատվությունների իրենց տեսակետն է ներկայացնում հանրությանը: Այ, սա է, իրոք, անբան կազմակերպությունը, որն իր գործունեությամբ ներկայացված է որպես բարեգործական հիմնադրամ:
Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եմ հիմա բարձրաձայնում այս ամենի մասին: Տեղեկացնեմ, որ 2014թ. հունվար ամսին պատրաստվում էի ասուլիս անցկացնել վերոհիշյալի մասին, սակայն Մշակույթի փոխնախարարի խնդրանքով, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա բարերարի հետ, հրաժարվեցի այդ քայլից:
Կուզենայի հանրությանը ներկայացնել հիմնադրամի տնօրենի «յուրովի» մեկնաբանություններին՝ կապված հուշարձանի (առանց հղումների) էվոլյուցիոն զարգացմանն ու նկարագրությանը («Իրատես de facto» 24.12.2013թ.), որը լի է անհեթեթություններով: Ասում է. «Եկեղեցին կառուցվել է Գր. Լուսավորիչի և Տրդատ ճարտարապետի անմիջական ներկայությամբ»: Այս մեկնաբանությանը կհանդիմաներ նույնիսկ դպրոցականը: Գր.Լուսավորիչը, որպես առաջին կաթողիկոս, հանդես է եկել IV-րդ դարում, իսկ Տրդատ ճարտարապետը` արարել է X-րդ դարում:
Մեկնաբանությունը թողնեմ ընթերցողին:
Ասում է. «Տաճարի կամարաշարը վերաշարել է Հովհաննես Իմաստասեր Օձունեցին VII-րդ դարում և որ նա հուղարկավորված է եկեղեցուց քիչ հեռու գտնվող մատուռում»:
Նախ՝ կաթողիկոսը ձեռնադրվել է 717 թ., այսինքն՝ VIII-րդ դարում, ուստի նա չէր կարող VII-րդ դարում սյունասրահը վերաշարել, երկրորդ, լինելով վերը նշված կաթողիկոսի հիմնադրամի տնօրեն, Վ. Շերմազանյանը մինչև հիմա չգիտի, որ Օձունի տարածքում ուրիշ ոչ մի մատուռ չկա, ու որ կաթողիկոսը հուղարկավորված է հարակից Արդվին գյուղի մատուռում: Այստեղ տեղին է ասել, որ «ամեն մարդ պիտի տապակվի իր յուղի մեջ»:
ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ Մ.ՀԱԿՈԲՅԱՆ
Պատրաստեց՝ ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ