Սբ. Հովհաննավանք եկեղեցու մասնակի վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացված 7.400.000 դրամը՝ Մշակույթի նախարարության «թափանցիկ» շղարշի տակ

Շաբաթներ առաջ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցու (տեղակայված Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա) քարանձավը փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված:

Ահազանգի հետքերով մենք այցելեցինք Օհանավան համայնք՝ տեղում տեսնելու և պարզելու ստացված ինֆորմացիայի հավաստիությունը: Մարզային այցելության ընթացքում մեզ դիմավորեց և դեպի Օհանավան համայնքի Սբ. Հովհաննավանք եկեղեցի ուղեկցեց Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը:

Հոգևոր հովվի հետ եկեղեցու տարածքում և բակում կատարված շրջայցի ընթացքում տեղի ունեցած զրույցից տեղեկացանք, որ Սբ. Հովհաննավանքի վանական համալիրը վերջին անգամ վերանորոգության է ենթարկվել Սովետական Միության տարիներին՝ 60-ականների վերջին:

Ըստ քահանայի՝ վերջին տարիներին եկեղեցին ենթարկվել է մասնակի վերանորոգումների, և դա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ ՀՀ Կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N 616 որոշմամբ վանական համալիրն անհատույց, անժամկետ իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Վերջինիս ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել է 4-րդ դարի եկեղեցու տանիքը, փոխվել են պատուհանները, նախկին անմխիթար վիճակում գտնվող դռները փոխարինվել են ընկույզի փայտից ձեռքի աշխատանքով փորագրված գեղեցիկ դռներով, եկեղեցին ապահովվել է ծիսական նշանակության գույքով, և այլն: Ինչ վերաբերում է վթարային վիճակում գտնվող քարանձավին (իսկ եկեղեցին տեղակայված է հերոհիշյալ քարանձավի վրա), ապա մեր զրուցակից, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը հաստատեց խնդրի առկայությունն ու ասաց միայն այսքանը.

«Ուզում եմ տեղեկացնել, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը շինարարական բնույթի յուրաքանչյուր աշխատանք իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համխորհուրդ: Տվյալ եկեղեցու հետ կապված վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու համար պետք է նախագծային աշխատանքներ կատարվեն»:

Պարզելու համար, թե իրականում ի՞նչ է նախատեսել կամ արդեն իսկ իրականացրել խնդրով մտահոգ ՀՀ Մշակույթի նախարարությունը կամ այս գերատեսչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ աշխատանքներ ծավալող բաժինը, փորձեցինք դիմել հենց իրենց:

Զարմանալիորեն մեր ամենապարզ հարցադրումներին պատասխանելու համար մի ամբողջ գերատեսչությանը՝ Մշակույթի նախարարությանը, անհրաժեշտ եղավ, ո´չ ավել, ո´չ պակաս, քան 2 շաբաթ, և այն էլ՝ մի քանի անգամ մեր հարցադրումները պնդելու կարիք եղավ: Ահա այստեղ էր, որ սկսվեց իսկական թատրոնը:

Պետական այս գերատեսչության պատասխանատուները, թերևս, մինչ օրս այդպես էլ չեն հասկացել, որ իրենք աշխատավարձ են ստանում մեր`հարկատուներիս հաշվին, որին իրենք կոչված են ծառայելու, այլ ոչ իրենց դիմած, մասնագիտական պարտականություններ կատարող լրագրողի մեջ՝ լրտես, ու յուրայինների շարքերում՝ դավաճաններ փնտրելու, տարբեր մանիպուլյացիաներ անելու, անհեթեթ պատասխաններ տալու համար: Բայց ամեն ինչ՝ հերթով:

Մեր մտքով չէր էլ անցնի, որ մի շատ սովորական թեմայից այսօրինակ ցնցող պատկեր կստանանք, թեև ՝ Օձունի վերաբերյալ հետաքննությունը վկա: Ինչևէ, հղում կատարելով ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջի ինֆորմացիային, թե´ վերջինին, և թե´ Մշակույթի նախարարությանը գրավոր նամակ հղեցինք:

Ֆինանսների նախարարության կողմից մեզ ուղարկված պաշտոնական պատասխանից պարզ դարձավ, որ 2014թ. Սուրբ Հովհաննավանք եկեղեցու տակ գտնվող վթարային քարանձավի ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական աշխատանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից ՀՀ Մշակույթի նախարարությանը հատկացվել է 4.500.000 ՀՀ դրամ: Նամակում նշվել էր նաև այն մասին, որ 2014-2015թթ. պետբյուջեով վերականգնման աշխատանքների իրականացման համար միջոցներ չեն նախատեսվել:

Մշակույթի նախարարություն ուղարկած մեր պաշտոնական նամակին, որտեղ խնդրում էինք դեմ առ դեմ հարցազրույց կազմակերպել ոլորտի պատասխանատու պաշտոնյայի հետ, խայտառակ պատասխան ստացանք. նրանք պարզապես, բառի բուն իմաստով, «ցրեցին» նախարարի տեղակալ տիկնոջից՝ Արև Սամուելյանից հարցազրույց վերցնելու մեր դիմումը:

Մի քանի օր մտածելուց հետո, «168 Ժամի» էլեկտրոնային փոստին անստորագիր մի նամակ եկավ, որտեղ գրված էր՝ մեջբերում ենք բառացի. «ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, հետևաբար, հարցման պատասխանը ներկայացնում ենք գրավոր»:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տիկին Սամուելյանը ոչ նոյեմբերի 5-ին, ոչ դրանից հետո չի բացակայել աշխատանքից, ավելին՝ աշխատել է բուռն աշխատանքային գրաֆիկով, մասնակցել խորհրդակցությունների, ինքն անցկացրել խորհրդակցություններ ու ներնախարարական ժողովներ: Եվ հետո, ո՞րն է ստելու իմաստը, չէ՞ որ մարդն աշխատանքի է գալիս, և, ինչպես ժողովրդական ասույթն է վկայում՝ մախաթը պարկում չեն պահի:

Փոխնախարարին աշխատավայրում տեսնում և նրա հետ են առնչվում գերատեսչության զգալի թվով աշխատակիցներ, ովքեր նաև պարբերաբար, սեփական կամքով և հայեցողությամբ կիսվում են մեզ հետ ներնախարարական «խժդժություններով», այդ թվում նաև՝ աշխատանքին ներկայացած կամ բացակայած աշխատակիցների մասին հստակ ինֆորմացիաներով:

Նախարարության պատասխանատուները գուցե ավելի անկեղծ ու ազնիվ գտնվեին և միանգամից ասեին, որ տիկին Սամուելյանը «168 Ժամին» և 168.am-ին հարցազրույց տալու ցանկություն չունի, կամ էլ՝ սպասվելիք հարցերի պատասխանը չունի:
Ինչևէ, նախարարության գրավոր 1-ին պատասխանից (շեշտում ենք՝ առաջին, որովհետև դրան հաջորդեց 2-րդ, 3-րդը) հետո սկսվեց իսկական զավեշտը: Նախ՝ մենք ոչ մի հարցում չէինք էլ ուղարկել, որին «մեծահոգաբար» որոշել էին պատասխանել գերատեսչության մտահոգ, բայց անհայտ անձինք: Կարելի էր ենթադրել, որ մեր խորաթափանց նախարարությունը կարողացել էր հեռվից հեռու կարդալ մեր մտքերը:

Մեզ հետաքրքրում էր 2014թ. համալիրի տարածքի ուսումնասիրությունը, բայց իրենց պատասխանից պարզվեց, որ 2011թ.-ին նույնպես քարանձավի եռաչափ մոդելավորում են արել` հաշվելու համար դրա ծավալները, հետո 2013թ. պետական բյուջեի միջոցներով ամրակայման նախագիծ է մշակվել, որը ներկայացվել է կարծիքի սեփականատիրոջը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Իրենց պաշտոնական գրության մեջ նախարարության ներկայացուցիչները նշել էին, որ Մայր Աթոռից ստացվել է դրական պատասխան, դիտարկմամբ` «ավելի խորն ուսումնասիրել քարանձավի ժայռաբեկորների ֆիզիկական վիճակը»: Այս պատասխաններից հետո առերես հարցազրույցն ուղղակի անխուսափելի էր: Ի վերջո, գերատեսչության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի ղեկավարը մեզ ավետեց հարցազրույցի մասին: Մեր մտքով անգամ չէր անցնի, թե ի՜նչ էքստրեմալ իրավիճակում էինք հայտնվելու:

Մեր հարցերին պատասխանելու համար լիազորել էին նախարարի խորհրդական Ստեփան Ղազարյանին, ով, սակայն, մեր հանդիպման ընթացքում (հանդիպման ողջ ընթացքում ձայնագրիչը միացված է եղել), չգիտես՝ հուզմունքի՞ց, թե՞ անտեղյակությունից, այդպես էլ ոչ մի հարցի վերաբերյալ կապակցված հստակ միտք անգամ չարտահայտեց:

Ստիպված էինք մեր հարցադրումները գրավոր հանձնել գերատեսչության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի ղեկավար տիկին Սերոբյանին, ով օրեր անց մեզ մի պաշտոնական գրություն ուղարկեց, ապա խնդրեց այն համարել անվավեր՝ սևագիր օրինակ, ու հիմք չընդունել: Պահելով լրագրողական էթիկայի կանոնները՝ այս պահին մեջբերումներ չենք անի սևագիր նամակից, բայց մի հարց այդուհանդերձ ուզում ենք ուղղել այդ նախարարության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնին՝ դուք մի՞շտ եք, ձեր ձևակերպմամբ՝ «սևագիր» տարբերակները «սխալմամբ» ուղարկում լրագրողներին, թե՞ այստեղ էլ ինչ-որ բան այն չէ:
Ինչևէ՝ վերջապես, մի երկու օր անց, նախարարությունն ուղարկեց մի պատասխան, որտեղ սրբագրել էին սխալմամբ ուղարկված սևագիր տարբերակը: Անդրադառնանք պատասխաններին կետ առ կետ.

– Ի՞նչ նպատակով է Մշակույթի նախարարությունը նախատեսել Օհանավան գյուղի Սբ. Հովհաննավանք վանական համալիրի տակ գտնվող քարանձավի ուսումնասիրությունը, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել ուսումնասիրությունների արդյունքում:

– Համաձայն տեխնիկական բնութագրի պահանջների` կատարվել են հորատման աշխատանքներ` գրունտներում առկա դատարկությունների կամ հրաբխային խարամների և ավազների կուտակման տեղամասերը հայտնաբերելու և բնութագրելու նպատակով: Արդյունքում, պարզվել է, որ հուշարձանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, ստորգետնյա ջրերը մինչև 12 մետր խորության հորատանցքում չեն բացահայտվել, սակայն առկա էին ֆիզիկա-երկրաբանական պրոցեսներ, որոնց կանխման նպատակով առաջարկվել է ձեռնարկել և իրականացնել ինժեներական միջոցառումներ:

Նախարարության հարգելի պատասխանատուներ, ո՞րն է եղել այդ աշխատանքների նպատակը, արդյո՞ք ի սկզբանե նախատեսված չի եղել ինժեներական միջոցառումների իրականացում (ձեր պատասխանից դա է ենթադրվում): Դա նշանակում է, որ ինժեներաերկրաբանական և գեոդեզիական ուսումնասիրության և դրա արդյունքում` առաջարկ կատարելու համար կարելի՞ է արդյոք պետական բյուջեից ծախսել 4 մլն 500.000 ՀՀ դրամ, և, եթե այդուհանդերձ քարանձավի տարածքում ուսումնասիրություն կատարվել է, խնդրում ենք հայտնել նաև՝ ուսումնասիրվե՞լ է արդյոք նաև քարանձավի ներսային հատվածը: Խնդրում ենք տրամադրել աշխատանքային խմբի աշխատանքների ավարտի ու վիճակի գնահատման մասին եզրակացությունը, ինչպես նաև նշել, թե ովքե՞ր են ստորագրել կատարողական ակտը, դրանից հետո նախատեսվե՞լ է արդյոք ամրակայման, վերականգնման աշխատանքների իրականացում, թե՞ ոչ:

Եթե իսկապես կատարվել են այդ աշխատանքները, ապա ի՞նչ հաճախականությամբ, քանի՞ օր է տևել, ինչո՞ւ Սբ. Հովհաննավանքի քահանան կամ այլ աշխատողներ, տեղաբնակներ գոնե մեկ անգամ չեն տեսել այդ մասնագետներին, կամ գուցե աշխատանքներն իրականացվել են միայն գիշերայի՞ն ժամերին (տեղեկացնենք, որ լրագրողական հարցախույզի ընթացքում պարզվել է, որ տեղացիներն ընդամենը մեկ անգամ են տեսել քննարկում և հարցում կատարող մարդկանց):

Խնդրում ենք պատասխանել նաև հարցին, թե ինչպե՞ս են կատարվել, ձեր ձևակերպմամբ՝ «12 մետր խորությամբ հորատանցքում աշխատանքները, գուցե իսկապե՞ս աշխատել են գիշերը` գաղտագողի, կամ փաստաթղթերում արձանագրել են պարզապես այն, ինչ ցանկացել են:

Ենթադրվում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պետք է որ մասնագիտական եզրակացություն կազմվեր: Խնդրում ենք տրամադրել նշված մասնագիտական եզրակացությունը, ավարտական ակտը, այլ ոչ թե նշել, թե ում կողմից է թողարկվել տարածքի հետազոտական աշխատանքների փաթեթը կամ ընդունվել այն:
Հարգելի Մշակույթի նախարարություն, «168 Ժամին» ուղղված ձեր առաջին գրավոր պատասխանում նշված է, որ 2013թ. մշակվել է ամրակայման նախագիծ, որը ներկայացվել է սեփականատիրոջը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Խնդրում ենք տրամադրել նախագիծը, առկայության դեպքում՝ նաև Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից ուղարկված պատասխանը: Սբ. Հովհաննավանք վանական համալիրը, Ձեր ձևակերպմամբ, ընդգրկված է «հրատապ միջամտության կարիք ունեցող հուշարձանների ցանկում»: Ինչպե՞ս է Մշակույթի նախարարության կողմից կանխվելու այդ վտանգը մինչև սեփականատիրոջ պարտականությունները կատարելը:

Ի պատասխան` եկեղեցու վթարային վիճակում գտնվելու մեր հարցադրմանը, հայտնել եք, որ «ամրակայվել ու վերականգնվել է գավիթն ու անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` իր սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործելու նպատակով»: Խնդրում ենք հայտնել` արդյո՞ք ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ «հրատապ միջամտության կարիք ունեցող» եկեղեցում անվտանգության կանոններն ապահովված են:

Ըստ Ձեր կողմից ուղարկված պաշտոնական գրության՝ հուշարձանի վերականգնման ուղղությամբ տարվող տարբեր բնույթի աշխատանքների համար վճարվել է 7.400.000 դրամ: Դիցուք հավատում ենք, սակայն խնդրում ենք պատասխանել՝ ի՞նչ աշխատանքներ են հետևել եռաչափ մոդելավորման աշխատանքներին, որի համար այդքան գումար է ծախսվել: Խնդրում ենք ներկայացնել այն արձանագրությունը, որի տակ ստորագրել են ոլորտի մասնագետները, կամ առաջարկներ ու կարծիքներ են հայտնել:

Հաջորդ հարցի պատասխանը ձեր տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ավետում է այն մասին, որ քարանձավի ամրակայման նախագծային փաստաթղթերի մշակման համար հատկացվել է 1.800.000 դրամ: Կատարվե՞լ են արդյոք այդ աշխատանքները, ի՞նչ փուլում են դրանք, կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ե՞րբ են տրամադրվել դրանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և ինչպիսի՞ն է վերջինիս պաշտոնական տեսակետն այդ առիթով, եթե դրանք ևս առկա են, ապա խնդրում ենք տրամադրել մեզ:

Ըստ ձեր պատասխանի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «պայման» էր առաջադրել՝ ավելի խորությամբ ուսումնասիրել կառույցի վիճակը: Խնդրում ենք հստակեցնել, եթե կա նման ուսումնասիրություն, ապա ինչո՞ւ է այն համարվել մակերեսային, և, եթե այն կատարվել է թերացումներով, ապա ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդունվել պետական բյուջեի նախագիծը:

Խնդրում ենք նաև տրամադրել այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիտարկումը, ինչպես նաև՝ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի՝ այդ առիթով տված եզրակացությունը, գիտամեթոդական խորհրդի նիստի սղագրությունը նույնպես:
Ինչ վերաբերում է վանական համալիրի տարածքում կատարված շինարարական աշխատանքների թույլտվությանը: Բառացի մեջբերելով ձեր պաշտոնական պատասխանը, այն է՝ Սբ. Հովհաննավանք վանական համալիրի տապանատան վերականգնումից գոյացած շինարարական աղբի հեռացումից հետո բացվել է քայքայված սալահատակը, որը վերականգնվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից, նախապես կազմած թերությունների ակտի հիման վրա, որի դեպքում շինարարական թույլտվություն չի պահանջվում:

Հարց է ծագում՝ ի՞նչ է ենթադրում ձեր պատասխանը` տապանատան վերականգնման թույլտվություն այնուամենայնիվ չի՞ տրամադրվել, կամ արդյո՞ք մեր հուշարձանների տարածքներում հաճախ են շինարարական աղբի հեռացումից հետո բացվում սալահատակները: Հնարավո՞ր է արդյոք սալիկապատում իրականացնել կամ տապանատան երկաթյա թիթեղից ծածկ կառուցել՝ առանց Մշակույթի նախարարության համապատասխան թույլտվության:

Մշակույթի նախարարության հարգելի չինովնիկներ, մեր հարցադրումները միտված են մի պարզ պատասխանի լուսաբանմանը. ի վերջո, նպատակայի՞ն է ծախսվել արդյոք «Գնումների մասին օրենքի» համաձայն՝ վերոհիշյալ աշխատանքները կատարելու համար վերջին տարիներին պետական բյուջեից վճարված 7.400.000 դրամը, որից, ըստ ձեր ուղարկած պաշտոնական պատասխանի՝ եռաչափ մոդելավորման համար ծախսվել է 900.000 դրամ, քարանձավի ամրակայման նախագծային փաստաթղթերի մշակման համար՝ 1.800.000 դրամ, իսկ 4.500.000 դրամ ծախսվել է ինժեներաերկրաբանական և գեոդեզիական ուսումնասիրություններն իրականացնելու համար, թե՞ դրանք փոշիացվել են: Այստեղ, թերևս, մեկ այլ հարց է ծագում՝ եթե Մշակույթի նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ աշխատանքների կատարման համար պետական բյուջեից տրամադրված ընդհանուր գումարը կազմել է 7.400.000 դրամ , ապա որտե՞ղ է անհետանում ամենապարզ մաթեմատիկական հաշվարկներով՝ ընդհանուր գումարից դուրս մնացած 2.000.000 դրամը:

Հնարավոր է, որ հարցերի շարքն այսքան երկար չլիներ, եթե նախարարության ամենաբարձր էշելոններում գտնվողները ցանկություն ունենային, կամ, ավելի ճիշտ` առաջնորդվելով «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ պատասխանեին մեր հարցերին դեմ առ դեմ: Թեև ասում են, որ այս գերատեսչությունում բուն աշխատանքային պարտականություններով զբաղվելուն խանգարում է ավանդական դարձած «աշխատաոճը»` մութ սենյակում սև կատու փնտրելու անվերջ փորձերը, ավելի պարզ` գերատեսչության ղեկավարի կողմից յուրայինների մեջ դավաճան գտնելու ու բարձրաձայն աղաղակելու ոչ մի կերպ չհաջողվող ցանկությունը:

Մշակույթի նախարարության վերադաս և ստորադաս աշխատակազմի հարգելի ներկայացուցիչներ, վերջին անգամ ենք հիշեցնում՝ լրագրողներն իրենք են իրենց հետաքննական նյութի տերը, ի տարբերություն՝ ստալինյան ժամանակաշրջանի ձեր գորշ պատկերացումների:

Տեսանյութեր

Լրահոս