Արտագաղթ. ինչի՞ մասին են հուշում թվերը
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
Մենք առանձնացրել ենք դրանցից մեկը, որը, կարծում ենք, մեզ համար ամենամտահոգիչ ցուցանիշներից մեկն է։ Խոսքը վերաբերում է Հայաստանից մեկնած և 2015 թվականի վերջի դրությամբ չվերադարձած բնակիչներին։ Այլ կերպ ասած, արտագաղթին։ Հերթով անդրադառնանք։
Ո՞ւր են մեկնում հայաստանցիները
2012-2015թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2015թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած ՀՀ քաղաքացիների մեկնման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Սա գաղտնիք չէր, սակայն ԱՎԾ-ն հերթական անգամ հաստատում է դա՝ ներկայացնելով նաև կոնկրետ տվյալներ։
Այսպես, 2012-2015թթ. 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2015թ. դրությամբ, դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 11.9 %-ը գտնվել են ՀՀ տարածքում՝ ք.Երևանում, ՀՀ մարզերում, 13.0%-ը` ԼՂՀ-ում, իսկ 75.1%-ի՝ գտնվել են այլ երկրներում, այդ թվում՝ գերակշիռ մեծամասնությունը եղել են Ռուսաստանի Դաշնությունում՝ 71.6% (նկար 1):
2012-2015թթ. 3 ամսից ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում (առանց ներհանրապետական տեղաշարժերի) ներգրավված և 2015թ. դրությամբ դեռևս արտերկրներից չվերադարձած տ/տ անդամների շուրջ 56.4%-ի ՀՀ-ից բացակայելու տևողությունը կազմել է 4-12 ամիս, իսկ 43.6 %-ինը` մեկ տարի և ավելի:
Ինչու են մեկնում
Այս հարցում էլ, իհարկե, որևէ գաղտնիք չկա. հիմնականում մեկնում են՝ դրսում աշխատելու համար։ Սակայն կան նաև այլ պատճառներ։ Պաշտոնական վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալ անվերադարձ մեկնածների որոշման վրա ազդող հիմնական պատճառները։
2012-2015թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2015թ. դրությամբ դեռևս չվերադարձած անձանց 68.2%-ը մեկնել է աշխատելու։ Ընդ որում, ևս 2.8%-ը մեկնում են աշխատանք փնտրելու նպատակով։ 3.5%-ը Հայաստանից հեռացել են ընտանեկան պատճառներով, 2.8%-ը՝ ուսման կամ վերապատրաստման նպատակներով (նկար 2)։
Զեկույցը բացարձակ թվեր չի ներկայացրել, փոխարենը նշել է, թե ինչպիսին է բաշխվածությունը մարզերի միջև՝ 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ մեկնած 15 տարեկան և բարձր տարիքի անձանց առումով։
Մենք տվյալները վերածել ենք գծապատկերի, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։
Որ մարզերից են ավելի շատ արտագաղթում
Այս մասը, թերևս, ամենահետաքրքիրներից է, և մենք մի քիչ աշխատել ենք ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշների վրա, որպեսզի պատկերն առավել պարզ լինի։
Այսպես, ԱՎԾ զեկույցում բացարձակ թվեր ներկայացված չեն։ Փոխարենը՝ նշել է, թե ինչպիսին է բաշխվածությունը մարզերի միջև՝ 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ մեկնած 15 տարեկան և բարձր տարիքի անձանց առումով։
Մենք տվյալները վերածել ենք գծապատկերի, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։
Նշված ժամանակահատվածներում անվերադարձ մեկնած մեր հայրենակիցների 18.5%-ը Շիրակի մարզից է։ Այսինքն՝ Շիրակի մարզն արտագաղթի առաջատարն է։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (16.2%), իսկ Երևանը երրորդն է՝ 10.1%:
Մեկնածների թվի մեջ տեսակարար կշռով վերջին տեղերում են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, համապատասխանաբար՝ 2.7% և 2.4% (նկար 3):
Սակայն այս թվերը թույլ չեն տալիս ամբողջական պատկերը հասկանալ։ Հասկանալու համար, թե որ մարզերն են, այսպես ասած, ավելի հակված արտագաղթի, պետք է հաշվի առնել նաև նրանց բնակչության թիվը։ Ասենք, եթե 1000 բնակիչ ունեցող A քաղաքից արտագաղթել են 100 հոգի, իսկ 500 բնակիչ ունեցող B քաղաքից՝ 70 հոգի, ապա B քաղաքն ավելի շատ է հակված դեպի արտագաղթը (գնացողների կշիռը բնակչության մեջ A քաղաքում 10% է, B քաղաքում՝ 14%)։
Այս տրամաբանությամբ՝ հաշվենք արտագաղթին հակվածությունը ՀՀ առանձին մարզերի համար։
Նախ, քանի՞ հոգի են անվերադարձ մեկնել յուրաքանչյուր մարզից։ Այս տվյալը, ինչպես նշեցինք, ԱՎԾ-ն չի տրամադրում, այն միայն կշիռներն է նշում։ Սակայն պետական մեկ այլ կառույցի՝ ՀՀ Պետական միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2012-2015թթ. Հայաստանից մեկնողների և ժամանողների սալդոն բացասական է՝ -159100 մարդ (2012 թվականին՝ -42800 մարդ, 2013-ին՝ -31200 մարդ, 2014-ին՝ -41700 մարդ, 2015-ին՝ -43400 մարդ)։ Այս թվերի մեջ մտնում են նաև օտարերկրյա քաղաքացիները, սակայն, ամեն դեպքում, դրանք կարելի է հիմք վերցնել՝ արտագաղթի մոտավոր պատկերը հասկանալու համար։
Արտագաղթածների այս թիվը (159100-ը) բաշխենք՝ ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տոկոսների, և կստանանք, թե յուրաքանչյուր մարզից քանի հոգի են անվերադարձ մեկնել 2012-2015 թվականների ընթացքում։
Պատկերը ներկայացված է աղյուսակում (նկար 4)։ Ինչպես տեսնում եք, Շիրակի մարզից մեկնել է ավելի քան 29 հազար մարդ, Լոռու մարզից՝ մոտ 25.8 հազար։ Երևանից՝ 25.6 հազար։
Հիմա անցնենք վերջին՝ ամենահետաքրքիր մասին. համադրենք այս թվերը յուրաքանչյուր մարզի բնակչության թվի հետ (որպես հիմք վերցվել են պաշտոնական վիճակագրության տվյալները՝ 2015 թվականին ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ)։ Ստացված պատկերը կարող եք տեսնել նկար 5-ում։
Առաջատար երկուսը նույնն են՝ Շիրակի մարզը և Լոռու մարզը։ Շիրակից անվերադարձ մեկնողները բնակչության 12.19%-ն են, Լոռու մարզից՝ 11.55%-ը։ Իսկ ո՞ւր կորավ երրորդ տեղում հայտնված Երևանը։ Այն հայտնվել է ամենավերջում. 2012-2015 թվականների Երևանից անվերադարձ մեկնածների թիվը մայրաքաղաքի բնակչության 2.38%-ն է կազմում, որն ամենացածրն է մարզերի մեջ։
Փոխարենը՝ երրորդ տեղում հայտնվել է Արագածոտնի մարզը, որտեղից մեկնել է բնակչության մոտ 9%-ը։
Այս գծապատկերն անուղղակիորեն նաև այլ բանի մասին է վկայում։ Ավելի շատ արտագաղթում են այն բնակավայրերից, որտեղ սոցիալական պայմաններն ավելի ծանր են, գործազրկության մակարդակը բարձր է, տնտեսական ակտիվությունը՝ ցածր, և այլն։ Այսինքն՝ սրանով կարելի է նաև պատկերացում կազմել, թե որ մարզերում է վիճակն ավելի տանելի, և՝ հակառակը։
Ստացվում է՝ ամենածանր վիճակում է Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզը (որը մեկնողների բացարձակ թվով՝ վերջին տեղում էր)։
Փոխարենը՝ Սյունիքի մարզից քիչ են արտագաղթում, ինչը, թերևս, պայմանավորված է մարզում գործող հանքարդյունաբերական ընկերություններով (ի դեպ, միջին աշխատավարձը պաշտոնական տվյալներով ամենաբարձրը հենց Սյունիքի մարզում է)։
Դե, իսկ ամենաբարվոք վիճակում, իհարկե, Երևանն է։ Անվերադարձ մեկնածներն այստեղ բնակչության 2.4%-ն էլ չեն կազմում։ Բացի այդ, մայրաքաղաքն իր արտագաղթը փոխհատուցում է մարզերից ներգաղթով։
Իհարկե, կարելի է համարել, որ սա բնական է, սակայն մյուս կողմից՝ պատկերն անուղղակիորեն է տնտեսական ակտիվության ու ռեսուրսների՝ Երևանում կենտրոնացվածության մասին։