
Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ Ֆրանսիան Ղազախստանի հիմնական և հուսալի գործընկերն է Եվրոպական միության շրջանակներում։
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ նախկինում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունները շոշափելի արդյունքներ են տալիս տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում։ Մշակութային և հումանիտար կապերը նույնպես արդյունավետորեն զարգանում են։
Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահները նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական հրատապ հարցերի շուրջ։
Հանդիպումից հետո Մակրոնը Տոկաևի հետ բանակցություններն արդյունավետ է որակել՝ բարձր գնահատելով Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ամուր գործընկերությունը։
«Մենք, ինչպես միշտ, հրաշալի հանդիպում ունեցանք։ Ես սիրում եմ Ղազախստանը։ Նախագահ Տոկաևն իմ մեծ ընկերն է, և մենք խոսեցինք տարածաշրջանի, հիմնական մարտահրավերների և մեր համատեղ հիանալի համագործակցության մասին։ Դա հիանալի հանդիպում էր», – նշել է նա։