«Թրամփի հաղթանակը հաստատապես վատ հետևանքներ կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի համար». Ստյոպա Սաֆարյան

«Եթե Թրամփի գործոնից մի կողմ անցնենք, որ մի քիչ այլ մտածողության, բիզնեսի մարդ է, ամեն ինչ ավելի շատ բիզնես տրամաբանությամբ է նայում, բայց Հանրապետական կուսակցության օրոք, համենայնդեպս, Կովկասում ամերիկյան քաղաքականության համար Հայաստանը չկարևորված երկիր էր: Հանրապետական կուսակցության առանցքը Կովկասում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տանդեմն էր: Դա բերում էր շեշտադրումների փոփոխության, Հայաստանի մեկուսացմանը ռեգիոնալ ծրագրերի մեջ, Ղարաբաղյան խնդրում էլ ավելի կարևորվում էր Ադրբեջանը, ինչը մեզ ստիպում էր ավելի շատ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից: Տեսեք՝ ինչքան բացասական հետևանքներ էր բերում. ոչ միայն մեր հակառակորդ պետությունն էր ավելի մեծ կշիռ ստանում Վաշինգտոնի վարչակազմի համար, այլ նաև այդ վախը մեզ ստիպում էր՝ մեծ եղբոր փնտրտուքով ավելի մեծ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներին, ըստ որոնց՝ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը, նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան Հանրապետական վարչակազմը նաև Իրանի հետ կապված կոշտ դիրքորոշում ուներ, որն ազդում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա. «Նախընտրական շրջանում Թրամփն էլ ասում էր, որ միջուկային համաձայնագիրն Ամերիկայի պատմության վատագույն համաձայնագրերից մեկն է, այսինքն՝ եթե նա վերանայի իր մոտեցումներն Իրանի նկատմամբ, և Իրան-ԱՄՆ հարաբերությունները նորից գնան անվստահության տիրույթներ, դա ևս ազդելու է մեզ վրա: Մի խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը մեզ սպառնում է ավելի խոր մեկուսացումով և ավելի մեծ կախվածությամբ Ռուսաստանից: Իսկ սա հաստատապես վատ հետևանքներ կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի համար»:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Կովկասի մասին Թրամփը գրեթե ոչինչ չի ասել, բայց երբ խոսել է Իրան-Ռուսաստան հարաբերություններից, տեսնում ես, թե դա մոտավորապես ինչպես է ազդելու. «Եթե Թրամփն ասում է, որ Պուտինի հետ համագործակցի, համաձայնում է, որ աշխարհի մի հատվածը Պուտինին է պատկանում, իսկ աշխարհի մի հատվածը մեր հատվածն է: Սա արդեն նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության խուսանավելու կարողությունները և պատուհանները փոքրանում են: Թրամփը չի ասել, որ չի ճանաչում Պուտինի կայսերապետական ամբիցիաները: Հիլարի Քլինթոնն ու դեմոկրատական վարչակազմն էլ երբեք չեն բացառել Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց նրանք ասել են, որ օրինական պետությունների իշխանություններին ճնշելու փորձերը չեն ճանաչի, ինչպես՝ Ղրիմը, Ուկրաինան և այլն: Այսինքն՝ նրանք սկզբունքային դիրքորոշում ունեն, և Հիլարի Քլինթոնի կոնցեպցիան ասում էր, որ այդ հարցերում չեն փոխի իրենց դիրքորոշումները, այլ հարցերում գուցե համագործակցեն: Թրամփի դեպքում դեռևս մեծ է անորոշությունը՝ ինչպե՞ս է ռուս-ամերիկյան համաձայնությունը կայանալու, ինչի՞ շուրջ, արդյո՞ք ճանաչվելու են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում կամ այլ տեղում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավարը, սակայն, նկատեց, որ և՛ Հիլարի Քլինթոնի, և՛ Դոնալդ Թրամփի դեպքում չպետք է մի բան մոռանալ. «Նախընտրական քարոզչության մթնոլորտը չի կարող համարվել հետագայում քաղաքական կուրսի կողմնորոշիչ: Այնպես չէ, որ Թրամփը միայնակ կարող է անել այն, ինչ խելքին փչում է, որովհետև ամերիկյան պետությունը, այնուամենայնիվ, համակարգ է, բայց բոլոր դեպքերում՝ այս թեկնածուի քաղաքական շեշտադրումներն առանձնապես որևէ լավ բան չէին խոստանում  Հայաստանի համար: Քլինթոնի դեպքում, երբ նա պետքարտուղար էր, մենք տեսել ենք, որ ի վերջո 2 անգամ այցելել է Հայաստան, ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության հուշահամալիրում, նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց և ակնհայտ Թուրքիայի վրա ճնշման գործիքներ ստեղծելու հեռահար նպատակով, այսինքն՝ մի բան, որը նաև մեր շահերից էր բխում»:

Տեսանյութեր

Լրահոս