2015 թվականին աղքատության մակարդակը գնահատվել է 29.8%
2015թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016 զեկույցից։ 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով: Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 41698 դրամ), շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 34234 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015-ի համար՝ ամսական 24109 դրամ):
Շատ աղքատների (տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.4%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց:
Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:
2015թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 310 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 հազար մարդ: Ինչպես երևում է գծապատկերից, 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է (առանց ծայրահեղ աղքատների), իսկ 2.0 %-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ է:
Աղքատության մակարդակի տարբերությունը 2015թ.-ին ըստ քաղաքային (29.4%) և գյուղական բնակավայրերի (30.4%) չնչին է: Միաժամանակ աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (25.0%) և երկրի այլ քաղաքներում (34.4%) չափազանց մեծ է: 2015թ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ.-ի մակարդակին 0.4 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 2.2 տոկոսային կետով (կամ 8.0 %-ով):
Միևնույն ժամանակ, ճգնաժամից հետո, շատ աղքատների մակարդակը 2008թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով: 2015թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 4.7%` 2008թ.-ի 5.1%-ի համեմատ (նվազումը` 0.4 տոկոսային կետ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.3 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (նվազումը ` 0.1 տոկոսային կետ):