Բաժիններ՝

Գազի ռիսկը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ Արցախում տեղի ունեցած համատեղ ասուլիսին, ինչպես և սպասվում էր, հերթական անգամ բարձրացվեց գազի սակագնի նվազեցման հարցը։ Լրագրողները հերթական անգամ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վնասով աշխատող «Գազպրոմ-Արմենիան» սակագինը նվազեցնում, և արդյո՞ք դրա դիմաց ապագայում որևէ գույք կրկին չենք զիջելու այս ընկերությանը։

ՀՀ վարչապետը, այս հարցին ի պատասխան, հիշեցրեց այն 4 աղբյուրները, որոնք «Գազպրոմ-Արմենիային» թույլ են տալու սակագին նվազեցնել (գազի տարանցման գնի նվազեցում, վարկային պարտավորությունների թեթևացում, էժան գազի հաշվին սպառման ծավալների և եկամուտների աճ, «Գազպրոմի» կողմից սակագնի նվազեցման ռիսկն իր վրա վերցնելու  պատասխանատվություն)։

Մեր դիտարկմանը, թե մոտիվացիան պարզ չէ (որովհետև նույն քայլերը, բացի սակագնի նվազեցումից, «Գազպրոմ-Արմենիան» կարող էր կատարել և դրա հաշվին վնասը փակել՝ առանց սակագին նվազեցնելու), վարչապետը պատասխանեց.

«Շուկայի նվազեցման խնդիր կա, տնտեսական աշխուժացման խնդիր կա: Մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցել ենք՝ որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես, որպես վարչապետ, շահագրգռված եմ բիզնեսին մաքսիմալ առավելություն տալ, բայց որևէ ընկերության հաշվին ես դա անել չեմ կարող, որովհետև դա նշանակում է՝ մեկին խեղդեմ, մյուսին՝ անհասկանալի է՝ կլավացնե՞մ, թե՞ չէ: Ասել եմ՝ եկեք նստենք թուղթ ու գրիչով մտածենք. ձեր շուկան կրճատվում է, տնտեսական ակտիվությունը պակասում է, շուկայի  կրճատման դեպքում դուք ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք, որովհետև քիչ ծավալի վրա ձեր մարժան պետք է մեծանա: Շատ տրամաբանական, բիզնես-տրամաբանական առաջարկ ենք արել»:

Վարչապետը սակագնի նվազեցումն անվանեց էքսպերիմենտ, որի հաջողությունը կախված է նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի։

«Եթե էքսպերիմենտը հաջողվի, շուկան մեծանա, եթե «Գազպրոմ-Արմենիան» և իր հիմնադիրը տեսնեն, որ շուկան արձագանքում է և մեծանում է, այդ էքսպերիմենտը կշարունակենք», – ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ շատ պարզ է, և որևիցե գաղտնիք չկա։

Ավելին, ասածն առավելի ընկալելու համար Կ. Կարապետյանը օրինակ բերեց իր առջև դրված բաժակով.

«Այս բաժակից ես կարող եմ 10 հատ վաճառել՝ հատը 1 ռուբլով։ Հիմա ասում եմ՝ եկեք գինը 0.97 ռուբլի սահմանենք, և այդ դեպքում կարող է վաճառենք 12 կամ 14 հատ։ Մարժայի մեջ 0.03-ով քիչ կլինի, բայց  ծավալի մեջ՝ եկամուտն ավելի շատ կլինի։ Բիզնես տրամաբանությո՞ւն է»։

Այո, այն, ինչ ասում է Կարեն Կարապետյանը, իրոք տրամաբանական է։ Ավելին, դա վաղուց հայտնի տնտեսագիտական ճշմարտություն է, որը կոչվում է՝ պահանջարկի օրենք։ «Այլ հավասար պայմանների դեպքում ապրանքի գնի նվազումը բերում է պահանջարկի ավելացման, և հակառակը»,- ասում է այդ օրենքը։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ այլ հավասար պայմաններ։ Օրինակ, եթե բնակչության ճաշակը փոխվի, և մոդայիկ դառնա հեղուկը շշից խմելը, ապա բաժակի գնի նվազեցումը, հնարավոր է, չտա սպասված արդյունքը։ Գազի գնի դեպքում, որպեսզի էքսպերիմենտն աշխատի, պետք է այլ հավասար պայմանների ազդեցությունը թույլ լինի։ Օրինակ, բենզինի գինը չպետք է նվազի, որովհետև, եթե բենզինի գինը շարունակի նվազել, ապա ԱԳԼՃԿ-ներում գազի սպառումը կնվազի։ Այլ պայմաններից են նաև՝ փոխարժեքը, բնակչության թիվը, գնողունակությունը և այլն։

Կհաջողվի՞ էքսպերիմենտը, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես ներկայացվում է։

Այսպես, «Գազպրոմ-Արմենիան» Հայաստանի ամենալուրջ ընկերություններից մեկն է, որն ունի որակյալ աշխատակազմ, բարձր վարձատրվող մենեջմենթ։ Դրան գումարեք նաև սեփականատեր ընկերությանը՝ «Գազպրոմին»` իր հսկայական աշխատակազմով և թոփ-մենեջմենթի աստղաբաշխական աշխատավարձերով։ Հավանակա՞ն է, որ «Գազպրոմում» որևէ մեկի մտքով անցած չլիներ գնի իջեցման միջոցով եկամուտն ավելացնելու հնարավորությունը։ Թերևս՝ ոչ։

Այս «ոչ»-ն անուղղակիորեն հաստատեց նաև Կարեն Կարապետյանը. մեր դիտարկմանը, որ կառավարությունն է բիզնեսին հուշում օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ճանապարհը, վարչապետը պատասխանեց. «Ոչ թե հուշել ենք, այլ բանակցել ենք, քննարկել ենք և պատրաստ ենք ցանկացած բիզնեսմենի հետ խոսել… »:

Հիմա գանք հաջորդ հարցին։ Կա՞ ռիսկ, որ այդ էքսպերիմենտը կարող է չհաջողվել։ Այո։ Ու քանի որ «Գազպրոմ-Արմենիան» չէր մտնում այդ ռիսկի տակ, կարելի է ենթադրել, որ այդ ռիսկը մեծ է։ «Գազպրոմ-Արմենիան»  և նրա սեփականատեր ընկերությունը կառավարության հետ բանակցելուց հետո համոզվեցին ռիսկի գնալ։ Կարեն Կարապետյանի օգտագործած «բանակցել» բառը նշանակում է՝ համոզել։ Կառավարությունը ոչ թե «Գազպրոմին» հուշել է կամ համոզել, որ սակագինն իջեցնելով կարելի է շահել (այդ հաշվարկը «Գազպրոմում» հիանալի կկատարեն), այլ համոզել է՝ ռիսկի դիմել։

Գաղտնիք, ինչպես ասում էր վարչապետը, իրոք չկա: Փոխարենը՝ կա մտավախություն՝ «Գազպրոմը» ռիսկի է գնում։ Իսկ դա մտահոգիչ է, որովհետև փորձը ցույց է տվել, որ անկախ հայտարարություններից, «Գազպրոմը» Հայաստանի հետ հարաբերություններում կա՛մ ռիսկի չի գնում, կա՛մ ռիսկի բեռը վերջում մնում է բնակչության ուսերին՝ ավելի բարձր սակագնի կամ զիջվող գույքի տեսքով։

Հուսանք, որ այս անգամ էքսպերիմենտը կստացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս