2015 թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել. ԱՎԾ ներկայացուցիչ

2015 թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել։ 2014 թվականի համեմատ այն նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով և կազմել 29․8 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության գիծը չի հաղթահարել: Այս մասին այսօր հայտարարել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը։

2015 թվականին Հայաստանի աղքատության մակարդակը դեռ չի նվազել 2008 թվականի աղքատության մակարդակից։ Տարբերությունը 2.2 տոկոսային կետ է, իսկ ծայրահեղ աղքատությանը`0.4 տոկոսային կետ:

Ինչպես ներկայացրեց Դ. Մարտիրոսովան, 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ։

«2015 թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, այդ թվում ծայրահեղ աղքատներ ՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մարտիրոսովայի խոսքով` 2015-ին աղքատության մակարդակն ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի չնչին է՝ 29.4% և 30.4%:

«2008-2015 թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է համապատասխանաբար 1.8 և 2.9 տոկոսային կետ: Ըստ տարածաշրջանների՝ մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 25%, և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում»,- ասաց ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետը:

Նրա տեղեկացմամբ, աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում` 45 տոկոս:

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ծրագրերի համակարգող Ալեքսան Հովհաննիսյանը տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքների նկատմամբ տարեցտարի տեսնում է աճող հետաքրքրություն, ինչն ըստ նրա նաև նշան է ԱՎԾ-ի կողմից շատ լավ աշխատանքի կատարման: Հովհաննիսյանի խոսքով` այդ տվյալները շատ օգտակար են բոլորի համար, իրենց քաղաքականությունների և ռազմավարությունների վերանայման և ճշգրտումներ կատարելու համար: «Տարածաշրջանում առաջին անգամ ներդրվեց բազմաչափ աղքատության վերլուծությունը: Այն հնարավորություն է տալիս տարբեր ոլ որտներում ավելի թիրախավորված քաղաքականության ներդրման»,-նշեց Ալեքսան Հովհաննիսյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի խոսքով` աղքատության տարբեր սահմանումներ կարելի է տալ: «Վերջին հաշվով, այն կարիքները բավարարելու կարողություն է»,-ասաց նա:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում երեխաները շարունակում են մնալ աղքատության ռիսկային խմբերում: Նրա խոսքով՝ դա շատ վտանգավոր է, քանի որ հետևանքները ոչ միայն այդ պահին են նկատելի, այլ նաև երկար ժամանակ անց: «Մինչև 2030 թվականը պետք է նվազեցնել աղքատությունը, այստեղ շեշտված են երեխաները: Հետազոտության ընթացքում կիրառվել են նոր մեթոդաբանություն և վերլուծություններ: Ընդ որում, պարտադիր չէ, որ աղքատությունը նյութական լինի: Հաշվի են առնվել նաև կենսապահովման պայմաններն ու մի շարք այլ գործոններ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը միակ երկիրն է, ուր աղքատությունը չափվում է նման մեթոդաբանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս