Բաժիններ՝

Մի քանի ամիս հետո բժիշկների կողմից հոգեմետ դեղերի և նարկոտիկների նշանակման կարգերը կպարզեցվեն

«Հատկապես՝ պացիենտ-բժիշկ, բժիշկ-հարազատներ հարաբերությունների մեջ սուբյեկտիվ շատ խնդիրներ են առաջանում. կարծում եմ՝ այդ հարաբերություններն ավելի կանոնակարգված լինելու խնդիր մենք ունենք»,- այսօր Հայաստանում առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այն իրավական դաշտը, որ պետք է ձևավորվի, պետք է թույլ տա և՛ պացիենտներին պաշտպանված լինել, և՛ բժիշկներին իրենց իրավունքները պաշտպանել. «Այս թնջուկի մեջ ամբողջությամբ իրավունքի գերակայության ապահովումը մեր գերակա խնդիրներից մեկն է»։

Փոխնախարարն ընդգծեց, որ հիմա Առողջապահության նախարարությունում ձևավորվել է փոքր, բայց «գործուն» աշխատանքային խումբ. «Մենք վերանայում ենք այն բոլոր դրույթները, որ ունենք կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով սահմանված հոգեմետ դեղերի և նարկոտիկների նշանակման կարգերի առումով, որովհետև շատ հաճախ այդ կարգերի մեջ կան մեծ սահմանափակումներ, բժիշկները ոչ հաճախ է, որ նշանակում են այդ դեղերը։ Մենք փորձում են հիմա պարզեցնել այդ կարգերը, հնարավորություն տալ բժիշկներին այս դեղերի նշանակման ավելի լայն դաշտ կիրառել՝ որպես բժշկական կարիքի գնահատում, դրա հիման վրա ցավամոքիչ դեղերի նշանակումը պետք է խթանվի։ Նորից իրավական դաշտի խնդիր է, ու այդ ճանապարհով գնում ենք»։

Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր ասել էր, որ ամոքիչ բժշկության ռազմավարությունն արդեն կառավարությունում է։  Խոսելով այն մասին, թե ե՞րբ այն գործնական կիրառության մեջ կդրվի՝ փոխնախարարը հստակեցրեց, որ դա 2-3 ամիսների խնդիր է. «Այն բազմաթիվ քննարկումներ, փորձաքննություններ է անցել. բավականին առաջադեմ ու հետաքրքիր ռազմավարություն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս