«Այս պահին մենք բժշկական սխալի եզրույթի վերաբեյալ քննարկումներ պետք է սկսենք». Առողջապահության փոխնախարար
«Այս պահի դրությամբ, երբ կանոնակարգման դաշտը լիարժեք չէ, և՛ պացիենտները, և՛ բժիշկները տուժում են այս ոչ կանոնակարգված դաշտից»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հիվանդանոցներում որքանո՞վ են պահպանվում պացիենտների և բժիշկների իրավունքները՝ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այդ առումով և՛ պացիենտները, և՛ բժիշկները խոցելի են. «Բայց, իհարկե, առողջապահական համակարգը գործում է մեր պացիենտների համար՝ մարդկանց առողջության պահպանման, բարելավման նպատակներով, դրա համար մեր գերակա խնդիրն այս պահին պացիենտի իրավունքների պահպանման խնդիրն է»:
Լրագրողի հարցին, թե «բժշկի սխալ» ասվածը ՀՀ օրենսդրության մեջ որպես եզրույթ չկա, նախարարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ այնպես, ինչպես դեղերի օրենքի դեպքում եղավ, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Դուք այս հարցն ուրիշ ձևով կտայիք, եթե տեսնեիք, որ ամբողջ աշխարհում կան եզակի երկրներ, որտեղ սահմանված է այդ եզրույթը: Պետք է նայել շատ ուշադիր, թե իրականում ինչպես է այդ եզրույթն աշխատում: Երբ խոսում ենք բժշկական սխալի մասին, դա մենք խոսում ենք այն սխալի մասին, որ բժիշկն իր նորմալ գործունեության աշխատանքի ընթացքում իրականացնում է մի գործառույթ, որը բերում է վատ արդյունքի, դա կարող է ոչ միայն մահվան դեպք լինել, այլև առողջության կորուստը, շեղումները: Ձևակերպել բժշկական սխալը՝ որպես հատուկ կատարված գործողություն, դա մենք ունենք, դա քրեորեն պատժելի արարք է: Ինչ վերաբերում է եզրույթին, մենք պատրաստվում ենք մեծ քննարկումներ սկսել, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ լրագրողները նաև մասնակից լինեն այդ գործընթացին: Այս պահին, այո, մենք բժշկական սխալի եզրույթի վերաբերյալ քննարկումներ պետք է սկսենք, ես չգիտեմ՝ դա ինչո՞վ կավարտվի, արդյ՞ոք մենք այդ եզրույթը վերջնական կընդունենք, օրենսդրորեն կամրագրենք, թե՞ կթողնենք մեկ այլ դաշտի կարգավորման»: