«Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը որոշ նոր շեշտադրումներ պետք է մտցնի»

«168 Ժամի» զրուցակիցն է 1993-1999թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 2001-2005 թթ. ՀՀ ԱԳ փոխնախարար, 2005-2008-ին` Իտալիայում Հայաստանի դեսպան, ներկայումս Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը, ով օրերս Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ներկայացրեց «Ինքնիշխանություն փրկության համար և ԼՂ հակամարտությունը» («Remedial Sovereignity and the Karabakh conflict») թեման։

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

– Բնականաբար, ներկայումս ես բանակցությունների օրակարգին ծանոթ չեմ։ Կարող եմ ասել հետևյալը` ապրիլյան պատերազմից հետո ամբողջովին փոխվել է ԼՂ հակամարտության էությունը։ Չեմ ցանկանում քննարկել հայկական կողմի դիմակայությունը, հայ երիտասարդության հերոսական դրսևորումը, որն առանձնահատուկ երևույթ էր, ինչը զարթոնք առաջացրեց, որն էլ, ցավոք սրտի, տևեց մի քանի օր։ Ես նկատի ունեմ քաղաքացիական հասարակությանը, իշխանությանը, բոլոր կողմերին։ Բայց ես ցանկանում եմ խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին, Ադրբեջանը գործում է բացարձակապես այլ սցենարով, այդ սցենարը, եթե փորձեմ համեմատություններ անել կամ զուգահեռներ անցկացնել, ինձ հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Ալիևի վերաբերմունքը։ Դա արդեն բոլորովին այլ մակարդակ էր։

Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայր Ալիևի ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք եղել շատ վատ երևույթների, բայց նման տեսակի դրսևորումներ այն ժամանակ չեն եղել։ Ներկայումս տեղի ունեցողը ոչ միայն շատ վատ, այլև պրիմիտիվ և քարանձավային մակարդակի քաղաքականություն է։

– Հաշվի առնելով այդ ամենը` ի՞նչ շեշտադրումներ պետք է անի հայկական դիվանագիտությունը։

– Ես չէի ասի, որ պետք է փոխվի դիվանագիտությունը կամ դիվանագիտական գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ճիշտ, անհրաժեշտ ձևաչափ է, մենք կարող ենք փոքր-ինչ ավելի գոհ լինել, կամ քննադատել այդ խմբի գործունեությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն ձևաչափ է, այլև ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն։ Սա այն ձևաչափն է, որտեղ Ադրբեջանն ունի սահմանափակ հնարավորություններ։ ՄԱԿ-ում, որտեղ Ադրբեջանը փորձում էր տեղափոխել կարգավորման գործընթացը, կան ավելի լայն հնարավորություններ Ադրբեջանի համար, սակայն` ոչ այնքան արդյունավետ մեխանիզմներ հակամարտության կարգավորման համար։

Մենք տեսել ենք ՄԱԿ-ի միջամտությունն աբխազական հակամարտությանը, որն ավարտվեց առանց որևէ արդյունքի։ Բայց ՄԱԿ-ում կան Իսլամական կոնֆերանսի պետություններ, և այդ փաստը փորձ է արվել օգտագործել Ադրբեջանի կողմից։ Որոշ շեշտադրումներ, իհարկե, պետք է փոխվեն, որովհետև այսօր, կարծում եմ, այս ամենը մեզ պետք է հուշի, որ միջազգային ատյաններում համապատասխանաբար սկսենք բարձրացնել հետևյալ գաղափարները` «Ճանաչում` հանուն փրկության», «Ինքնիշխանություն` հանուն փրկության» և «Ադրբեջանի կազմից դուրս` հանուն փրկության»։ Այս գաղափարները պետք է աշխատեցնենք, և մեր փաստարկները պետք է հիմնվեն միջազգային նոր իրողությունների, մարտահրավերների վրա։ Իհարկե, մենք միշտ պնդել ենք, շարունակում ենք պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրոնական հակամարտություն չէ։

Ադրբեջանն էր փորձում այս ամենին կրոնական բնույթ հաղորդել։ Հայաստանը կամ Ղարաբաղը դրա մասին երբեք չեն խոսում, քանի որ հասկանում էին, որ ընդհակառակը, սա նույնիսկ էթնիկական հակամարտություն չէ, սա միջազգային իրավունքի, ֆիզիկական անվտանգության, ազատ ապրելու վրա հիմնված հակամարտություն է։ Մենք մշտապես շատ լավ հարաբերություններ ենք ունեցել մուսուլմանական աշխարհի հետ, մասնավորապես Իրանի հետ` փայլուն հարաբերություններ, արաբական երկրների հետ, բայց Ադրբեջանը միշտ փորձել է Իսլամական կոնֆերանսի շարքում, նաև տարբեր ատյաններում կրոնական համերաշխության միջոցով ստեղծել տպավորություն, որ կա կրոնական հակամարտություն։

Ներկայումս, կարծում եմ, որ մենք, շարունակելով պնդել, որ սա կրոնական հակամարտություն չէ, պետք է նաև փորձենք զուգահեռներ անցկացնել այսօրվա ահաբեկչական խմբավորումների` ԻՊ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև։ Երբ մենք այսօր Արևմուտքում խոսում ենք բուն արարքների մասին, որ ապրիլին Ադրբեջանը հարձակվեց, Ղարաբաղը փորձեց իրեն պաշտպանել, դա մեծ ուշադրություն չի գրավում, այո, հակամարտություն է, որը սառեցված իրավիճակում չէ։

Բայց երբ դու սկսում ես խոսել հակամարտության ձևի մասին, և այն, թե ինչ է արել Ադրբեջանը ոչ միայն այս բռնկման ժամանակ, այլև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, Ալիևի ագրեսիվ հայտարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ։ Երբ այս ամենը միևնույն փաթեթի մեջ է ներկայացվում, դու կարող ես ստեղծել նոր իրավական հիմք, և դա պետք է լինի, կարծում եմ, մեր շեշտը։ Սա իմ մասնավոր, ակադեմիական կարծիքն է։

– Տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հետ մեկտեղ` խոսեցիք հումանիտար բաղադրիչ ավելացնելու մասին։ Ի՞նչ է դա ենթադրում։

– Հենց այն, ինչից խոսեցի։ Մեկն առանց մյուսի չի լինում։ Ես խոսեցի խղճի միջազգայնացման մասին։ Որքան էլ տարօրինակ է հնչում, դա միջազգային նորմ է դառնում։ Դա Քոֆի Անանի կողմից առաջին անգամ հնչեցված մի բան էր, որը գալիս է այս նոր նորմի հետ միասին։

– Ձեր առաջարկած շեշտադրումներն ի՞նչ արդյունավետություն կունենան Ռուսաստանի ներկայիս հավակնությունների պայմաններում։ Հայաստանում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, բավականին լուրջ անվստահություն կա հակամարտության գոտում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ։

– Այո, բայց Ռուսաստանը նույն բանը փորձում էր անել Ղրիմի դեպքերի ժամանակ։ Ղրիմի դեպքում չկար ֆիզիկական վտանգ։ Բայց, երբ նույն բանն անում էր Վրաստանի դեպքում, մասնավորապես, Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում, նրա քայլերն արդարացված էին այդ տեսակետից, եթե նա ավելի հեռու չգնար։ Բայց ֆիզիկական անվտանգության տեսանկյունից արդարացված էին, որովհետև կար գոնե ժողովրդի դժգոհությունը, և Ռուսաստանը միջամտեց այդ ժամանակ, որպեսզի գոնե միջազգային հանրությունն այդպես ընկալի։ Թեև այդպես չընկալեց, որ կար վտանգ, Ռուսաստանը փորձեց ֆիզիկական անվտանգություն ապահովել։ Ռուսաստանը մի շարք այդպիսի հակամարտություններ ունի։ Ռուսաստանը, որքան էլ տարօրինակ է հնչում, փորձում էր օգտագործել նույն փաստարկները Ղրիմի արշավի ժամանակ, ինչ մենք Ղարաբաղի առաջին տարիներին։ Չեմ կարծում, որ այս պատճառով Ռուսաստանում կարող ենք խնդիր ունենալ։ Դա, կրկին ասեմ, անձնական կարծիք է։

Տեսանյութեր

Լրահոս