
«Մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես միշտ ասում եմ ընկերներիս՝ եկեք նշենք իրար ծնունդները, երեխաների հարսանիքները, թոռների կնունքները, պարզապես հանդիպենք՝ պարտադիր չէ ճոխ սեղանների շուրջ: Եթե դա չանենք, ապա կհանդիպենք հոգեհանգստից հոգեհանգիստ, թաղումից թաղում: Որովհետեւ նման տեղեր մենք պարտավոր ենք գնալ, իսկ ահա, ուրախ առիթներով, կարծես թե, պարտավոր չենք հանդիպել: Եվ քանի որ իմ եւ իմ հասակակիցների տարիքն «այնքան էլ» պատանի չէ, պարզ է, որ տխուր առիթներն ավելի շատ լինեն, քան ուրախները: Կարեւոր է, որ առաջինները չստվերեն երկրորդներին: Բայց ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու: Գուցե հենց այդ պատճառով է, որ մեզանում իսկական, «անկեղծ» տոները քիչ են:
Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում՝ «բա էս երկրում…», «բա էս խեղճ ժողովուրդը…», «բա էս իշխանությունը…» փաստարկների սովորական հանգերգով:
«Հելոուին» տոնողներին մեր եկեղեցականները դատափետում են՝ այդ տոնը դիտարկելով իբրեւ ինչ-որ սատանայական, դիվային երեւույթ: Այդ «սեւ հումորը», ճիշտն ասած, իմ սրտով էլ չի: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է մեր երիտասարդների մի մասը տրվում այդ խաղին: Հավանաբար, դրա մեջ կա մի բան, որը մեր հասարակությունում պակասում է. այդ խաղում երեւի կան տարրեր, որոնք իրենց կյանքն ավելի բազմազան են դարձնում: Շատ խիստ դատելու փոխարեն պետք է մտածել այլընտրանքի մասին: Թե չէ՝ մեր «ազգային» ծիսակարգից կմնա միայն մեռելոցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: