Բաժիններ՝

Հեքիաթ բյուջեի մասին

Լինում է, չի լինում, մի սովորական մարդ՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացի։ Ողջ կյանքը պետական հիմնարկում աշխատած, աշխատավարձով ապրած ազնիվ մարդ։ Մի օր այս մարդու հիմնարկը փակվում է, ինքը մնում է անգործ։ Մի քանի ամիս փորձում է աշխատանք գտնել, սակայն՝ ապարդյուն։ Իսկ վերջին, սև օրվա համար պահած խնայողություններն ուր որ է՝ կվերջանան։

Կնոջ հետ նստում են ու խելք-խելքի տալիս՝ ինչ կարելի է անել։ Հիշում է, որ վերջերս ինչ-որ առիթի էր ու այնտեղ տեսավ իր վաղեմի ծանոթին՝ ընտիր հագնված, «ջիփով» ու հաստ ոսկյա շղթայով։ Հիշում է, որ ընդհանուր ծանոթից հետաքրքրվեց՝ սա ինչո՞վ է զբաղվում, որ էդպես «թռփոշացել է», մի ժամանակ հացն ապառիկով էին գնում։ «Գյուղատնտեսությամբ է զբաղվում, ելակ է աճեցնում»,- պատասխանել էր ընդհանուր ծանոթը։

Կինը միտքը հասկանում է ու ընդդիմանում՝ դու ո՜ւր, ելակն ո՜ւր, չէ՞ որ ողջ կյանքդ գյուղատնտեսության հետ չես ունեցել։ Սակայն մնում է անդրդվելի՝ ինքը՝ բարձրագույն ավարտած մարդ, ելակ աճեցնելն ի՞նչ է, որ չկարողանա։ Մնում է նախնական կապիտալի հարցը լուծի՝ հողի, սածիլների, պարարտանյութի ու մնացած բաների համար։

Հաջորդ օրը գնում է, բնակարանը գրավադրում և բանկից վարկ է վերցնում։ Մինչև վարկը ստանալը հասցնում է գյուղատնտեսությունից հասկացող մի քանի հոգու հետ զրուցել ու այդ թեմայով մի քանի հոդված կարդալ ինտերնետից։ Վարկը ստանալուց հետո փակում է կողքի խանութներին ունեցած մանր-մունր պարտքերը, մի հարմար տեղ հող է վերցնում ու մեծ սպասումներով լծվում ելակ աճեցնելու գործին։ Ամենակարևորը չմոռանանք. իր ծախսերից դուրս՝ ձեռքին մնում է մոտ 3000 դոլար գումար։ Այդ գումարով էլ մի հին մեքենա է գնում։  Ինքն իրեն համոզում է, որ մեքենան ոչ թե «թիթիզություն» է, այլ անհրաժեշտություն` ելակի գործի մեջ։

Բերքը նախատեսվածից քիչ է լինում, շահույթը՝ նույնպես։ Նորընծա հողագործը հազիվ յոլա է գնում. կարողանում է սեփական ծախսերը փակել և վարկի տոկոսները։ Արդեն սկսում է կասկածել՝ միգուցե չարժե՞ր մեքենա վերցնել ու լրացուցիչ ծախսերի տակ ընկնել՝ ԱՊՊԱ, գույքահարկ, ընթացիկ վերանորոգում և, իհարկե, ՃՈ տուգանքները։

Հաջորդ տարի եղանակն իդեալական է ու առատ բերք է խոստանում։ Մեր հերոսը ոգևորված օրերն է հաշվում, որ ելակը վաճառքի հանի։ Մեքենայով տուն գալիս մտքում հաշվում է ստացվելիք շահույթն ու ժպտում։ Նրան իր երազներից կտրում է ետևից եկող ամենագնացը, որ բարձր ազդանշանով նրան հորդորում է աջով վարել, և կտրուկ վազանց է անում։ «Հիմա որ մեքենաս լավը լիներ, հո սիգնալ չէ՞ր տա»,- մտածում է նա, ու տեղում մի փառահեղ միտք է նրա գլխում ծագում։ Հարևան Մացակն իր «ջիփը» վաճառում է. մի քիչ հին է, բայց հո՞ «ջիփ» է։ Կարելի է համոզել՝ իր մեքենան տալ, վրայից էլ՝ փող ավելացնել։

Մացակը, հակառակի պես, համաձայնում է։ Պայմանավորվում են, որ պակասող 3000 դոլարը կտա 1-2 ամսից՝ ելակը վաճառելուց հետո։

Գալիս է սպասված ժամանակը։ Ոգևորված վաճառքի է հանում իր ելակն ու պարզում, որ բերքի շատ լինելու պատճառով՝ ելակի գինը կտրուկ նվազել է։ Փաստի առաջ է կանգնում։ Մեքենայի պարտքն ու վարկի տոկոսը մարի, տակը բան չի մնա։ Մացակի պարտքն էլ՝ վրադիր։

Ի՞նչ է անում նա։  Գնում մեկ ուրիշ բանկից էլ է վարկ վերցնում՝ մեքենան գրավ դնելով։ Մի մասով հարևանի պարտքն է մասամբ փակում, մնացածով պարարտանյութ ու սածիլներ գնում ու շարունակում զբաղվել ելակի գործով։

Այս անգամ ամեն ինչ ավելի անհաջող է ստացվում՝ կարկուտը փչացնում է ամբողջ բերքը։ Հուսալքված՝ չգիտի ինչ անել։ Տունը՝ գրավի տակ, մեքենան՝ գրավի տակ, Մացակը… Փող չկա, և ամենավատը՝ ելք չկա։

Մի «ելք» ամեն դեպքում գտնում է՝ կրկին պարտք վերցնել։ Երրորդ բանկը հրաժարվում է վարկ տալ. գրավ դնելու բան չունի, կայուն եկամուտ չունի, վարկային բեռն էլ առանց այդ էլ ծանր է։ Ստիպված՝ տոկոսով պարտք է վերցնում ծանոթներից մեկից։ Փակում է բանկերին ունեցած ժամկետանց մարումները։ Ծայրը ծայրին հասցնելու համար սկսում է ելակի գործից հետո բոլորից թաքուն գիշերը տաքսի վարել: Տաքսի վարելու համար էլ մի ձեռք նորմալ հագուստ է գնում. ո՞վ կնստի իր մեքենան, եթե ղեկին քրջոտ շորերով մեկը լինի։

Աշխատում է առավոտից երեկո, գլուխ չի պահում։ Բայց ծայրը ծայրին հազիվ է հասցնում։

Ու մի օր, երբ տաքսու ղեկին է լինում, զանգահարում է ընկերը, թե՝ տղերքով հավաքվել ենք, արի մի բաժակ բան խմենք։ Չուզենալով՝ գնում է, բայց մեկ-երկու բաժակից հետո տրամադրությունը մի քիչ բացվում է, սկսում է ասել-խոսել, պատմել, թե իր «ջիփով» անցած շաբաթ քանի րոպեում Սևանից քաղաք մտավ։

Ու նկատում է, որ սեղանի մյուս ծայրին նստած հին ծանոթներից մեկն իրեն նայելով՝ ինչ-որ բան է հարցնում ընկերոջից։ Չի լսում, բայց հստակ գիտի հարցն էլ, պատասխանն էլ՝ «Ի՞նչ է անում»: «Ելակի գործ»։

Ընկնում է մտքերի ու հիշողությունների մեջ։ Դառն իրականության մասին միտքը ճանապարհին ուղեկցում է նրան. «ելակի գործ անող», ով առավոտից երեկո աշխատում է ու պարտք է՝ բանկերին, հարևանին, ուրիշներին…

Տուն է գալիս արդեն սթափ։ Կինը հիշեցնում է, որ հաջորդ շաբաթ իրենք հարսանիքի են հրավիրված, իսկ ինքը նորմալ շոր չունի։ Ինքը կնոջը համոզում է, որ հիմա նոր հագուստ գնելու ժամանակը չի։  Կինը տեղի չի տալիս ու ասում է, որ իր մորաքրոջ հարևանի փեսան խանութ ունի, որտեղից կարող է հագուստ գնել՝ փողը հետո տալու պայմանով։ Ավելին, կարող է ամուսնու ու երեխաների համար էլ մի բան վերցնել։

Մի պահ քիչ է մնում գայթակղությանը չդիմանա, բայց պատուհանից փչող սառը քամին սթափեցնում է նրան։ Հիշում է, որ դեմը ձմեռ է, ու մեքենան ձմեռային անվադողեր չունի։ Իսկ առանց ձմեռային անվադողերի՝ ինքը չի կարողանալու տաքսի վարել ու յոլա տանել ընտանիքը։ Կնոջը մի կերպ համոզում է, որ ինքն այսօր ստիպված է զոհաբերել հագուստ, կոնֆետ, միս ու նման ապրանքներ գնելը, որպեսզի վաղն ավելի վատ չլինի։ Որ վաղը կարողանան ապրել։ Որովհետև «ելակի գործն» այնքան էլ շահավետ չի, ինչպես սկզբից թվում էր։

Իսկ ի՞նչ կապ ուներ այս տարօրինակ հեքիաթը՝ մեր իրականության ու վերնագրի հետ։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր անդրադառնալով այն հարցին, որ հաջորդ տարվա բյուջեով թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, ասել է. «Հեգելն ասել է՝ պետք է ինչ-որ բան զոհաբերես, որ մեկ այլ բան ձեռք բերես։ Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որը կարճաժամկետ կարող էի անել, բայց հետագայում արդար չէի լինի, որովհետև մյուս տարիներին տնտեսական աճը կվտանգեի»:

Կարճ ասած՝ մենք պետական մակարդակով վերջին տարիներին կոնկրետ խրվել ենք «ելակի» մեջ։ Ու ելակի փոխարեն՝ իրականում ուրիշ բան ենք աճեցրել՝ պարտքը և դրա դիմաց վճարվող տոկոսները։

Մենք էլ արդարանում ենք, որ այլ տարբերակ չունեինք, քան շարունակ պարտք անելը։ Ու երբ մեզ ասում են՝ ի՞նչ եք արել մի քանի միլիարդ դոլարի վարկերով, ի՞նչ օգուտ եք տվել, պատասխանում ենք՝ եթե պարտք չանեինք, այսօր շատ ավելի վատ կլիներ։

Չնայած, մտքում հասկանում ենք, որ վատը հենց այսօր է՝ թոշակի ու աշխատավարձի աճի զոհաբերության տեսքով։  Միակ հույսն այն է, որ այլևս «ապառիկով հագուստ» չենք գնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս