«Թուրքիայի իշխանություններին ձեռնտու չէ ԼՂ հակամարտությանը միջամտելը, և նրանք դա լավ են հասկանում». Ջենգիզ Աքթար

«Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում  միջամտել ԼՂ հակամարտությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի հնարավոր միջամտությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Հիշեցնենք, որ օրերս Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, թե  Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արգելափակումից դուրս բերելու առումով:

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արգելափակումից դուրսբերումը՝ ապահովելով բնականոն տնտեսական համագործակցություն, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում,- լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը, ապա հավելել,- Մեզ մոտ այնպիսի զգացողություն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացն առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով: Դա է կյանքը: Տեսնենք՝ ինչպես կստացվի»։  Ջենգիզ Աքթարը նշեց, որ այս հայտարարությունը պետք է ընդամենը դիտարկել ռուս-թուրքական մերձեցման ֆոնի ներքո։

Այսինքն, ըստ նրա՝ սրանով Ռուսաստանը փորձում է Թուրքիայի իշխանություններին ցույց տալ, որ չկա տարածաշրջանում մրցակցություն Ռուաստանի և Թուրքիայի միջև, ավելին, Ռուսաստանը ձգտում է Թուրքիային ներգրավել հակամարտությունների կարգավորման գործընթացում, ինչը հաստատում է միջնորդ երկրների գերակա դիրքը տարածաշրջանում։ Սակայն, նրա դիտարկումների համաձայն՝ պետք է հիշել, որ այս հայտարարությունը տեղի է ունենում Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի շարունակվող լուրջ անհամաձայնությունների պայմաններում, ինչը հուշում է, որ Ռուսաստանի այս առաջարկն անկեղծ չէ։

«Եթե կա համագործակցության ցանկություն մի հակամարտության շուրջ, ապա ենթադրաբար պետք է լիներ նաև սիրիական հակամարտության շուրջ։

Բայց Ռուսաստանը նույնիսկ դիվանագիտական հայտարարությամբ չի հանդես եկել, քանի որ շատ լավ է հասկանում այդ առաջարկի անիրագործելիությունը և այն, որ դրան երբեք չի համաձայնի հակամարտող Հայաստանը։ Ռուսաստանը փորձում է իր խաղն առաջ տանել, բայց ոչ այնքան վարպետորեն»,- նման կարծիքով հանդես եկավ թուրք հրապարակախոսը։ Վերջինս մեկնաբանեց նաև հարցը, թե որքանով է Թուրքիան հետաքրքրված ԼՂ հակամարտությանը միջամտելու հեռանկարով։

«Թուրքիայի ներկայիս իշխանությունները, չնայած ես մշտապես նրանց քննադատում եմ, չեն ցանկացել երբևէ միջամտել ԼՂ հակամարտությանը։ Եթե ժամանակ առ ժամանակ նույնիսկ թուրք պաշտոնյաները հակահայկական հայտարարություններով են հանդես գալիս, ապա դա պետք է ընկալել թուրք-ադրբեջանական հարաբերությունների դիտանկյունից:

Թուրքիան ունի որոշակի կախվածություն Ադրբեջանից, կան խորը հարաբերություններ, որոնք ստիպում են, որպեսզի Թուրքիան իր աջակցությունը հայտնի  Ադրբեջանին ԼՂ գործընթացում։

Մյուս կարևոր պատճառն այն է, որ Թուրքիան այսօր չափազանց շատ խնդիրներ ունի՝ հակամարտություններ, որոնք թույլ չեն տալիս նրան կենտրոնանալ Ադրբեջանի խնդիրների վրա, Թուրքիայի խնդիրներից մեկը նաև Հայաստանի հետ չկարգավորված հարաբերություններն են ու հայ-թուրքական փակ սահմանը, Արևմուտքի հետ վատթարացած հարաբերությունները, քրդական հարցը, սիրիական հակամարտությունները։ Այս ամենը թույլ չի տա Թուրքիային, ցանկության դեպքում նույնիսկ, միջամտել Ղարաբաղյան գործընթացին կամ քայլեր թելադրել Ադրբեջանին, որոնք բացարձակապես Թուրքիայի շահերից չեն բխում»,- ասաց Ջենգիզ Աքթարը։

Վերջինս այն համոզմանն է, որ Ադրբեջանի քայլերը համաձայնեցված չեն Թուրքիայի հետ։ «Թուրքիայի ներկայիս իշխանություններին ձեռնտու չէ ԼՂ հակամարտությանը միջամտելը, և նրանք դա լավ են հասկանում»,- նկատեց թուրք փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս