Բաժիններ՝

«Սա առաջին լուրջ հնարավորությունն է` ճեղքել էներգատրանսպորտային շրջափակումը»

Մեր զրուցակիցն է Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանը

– Պարոն Մարջանյան, հոկտեմբերի 30-ին հայկական պատվիրակությունը մեկնում է Իրան` գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Ի՞նչ է սա ենթադրում, ի՞նչ ակնկալել այդ բանակցություններից:

– Ակնկալիքները բնական են, որպեսզի հիմք դրվի Հայաստանին և Հայաստանի միջոցով տարանցիկ Վրաստանին գազի մատակարարումների համար` ինչպես գազ՝ ընդդեմ էլեկտրականության, այնպես էլ՝ ուղղակի Հայաստան գազի մատակարարումների առումով: Եթե այդ ծրագիրը հաջողի, կնշանակի, որ դա, կարելի է ասել, մեր տարածաշրջանի համար պատմական նշանակության ձեռքբերում է, որը կճեղքի Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը:

– Շատ է քննարկվել, որ Հայաստան-Իրան գազատարի տրամաչափը փոքր է և տարանցիկության համար պիտանի չէ:

– Փոքր է, քան նախատեսված էր, բայց խնդիրն այն է, որ անցած 5 տարիների ընթացքում այն շահագործվել է իր հնարավորությունների 30%-ի չափով: Մենք ստանում էինք մոտ 0.5-1 մլրդ խմ գազ, բայց կարող էինք առնվազն 2-2.5 անգամ ավելի ստանալ: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում այդքան բավարար չափով արտադրող հզորություններ չկային, և այդ պատճառով մենք եղած գազատարն օգտագործում էինք դրա հզորության 30-35%-ով:

– Այսինքն, այժմ դա բավարար կլինի՞ տարանցիկություն ապահովելու համար:

– Եթե խոսքը գնում է Վրաստանին մոտ 0.5 մլրդ խմ ծավալով գազ հասցնելու մասին, այդ թիվը մի քանի անգամ նշել էին մեր վրացի գործընկերները, որ իրենց այդքան ծավալի գազ է պակասում, ապա, այո, լրիվ բավարար կլինի: Իսկ եթե խոսքը գնում է ավելի լայնածավալ ծրագրի մասին, ենթադրենք՝ 1.5 մլրդ խմ-ից ավելի, և հետագայում՝ Վրաստանով, Սև ծովով դեպի Եվրոպա, և այլն, ապա այդ դեպքում անհրաժեշտ կլինի ավելի մեծ տրամաչափի գազատար:

– Տեսակետ կա, որ իրանական գազը մատակարարվելու է Հայաստանին, իսկ Վրաստանը դրա փոխարեն՝ ստանալու է ռոսական գազը:

– Դա աշխատող սխեմա է, տարբերակներից մեկն է, այն քննարկվել է և սեղանի վրա է: Դա կնշանակի, որ մենք շարունակում ենք փոխանակման, սվոփ կոչեցյալի տրամաբանությունը:

– Ռուսաստանից կախվածությունն այդ դեպքում ավելի չի՞ մեծանում: Փաստորեն, կրկին ամեն ինչ պայմանավորվում է «Գազպրոմով»:

– Ոչ թե «Գազպրոմով», այլ «Գազպրոմն» արդեն մտնում է բազմակողմ հարաբերությունների մեջ, ինչը շատ լավ է: Չէ՞ որ այդ ծրագրում «Գազպրոմը»` Հայաստանի, Վրաստանի և Իրանի հետ, հանդիսանում է քառակողմ համաձայնագրի կողմ, ինչը բավականին լուրջ պարտավորություններ է առաջացնում: Արդյոք Հայաստանը գտնվո՞ւմ է «Գազպրոմից» մենաշնորհային կախվածության մեջ, և միակ բանը, որ թուլացնում էր այդ կախվածությունը, դա Իրանի հետ «գազ՝ ընդդեմ էլեկտրականության» ծրագիրն էր: Այժմ այս քառակողմ համաձայնագրով առկա իրավիճակի ազատության աստիճանն ավելանում է, որովհետև հիմա Հայաստանը գազ կստանա նաև «գազ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի» բանաձևից դուրս: Այսինքն` շրջանակներն ընդլայնվում են, և բոլոր դեպքերում՝ սա քայլ առաջ է՝ առկա իրավիճակի համեմատ: Բայց իրատես լինենք, սա չի նշանակի՝ նոր հավասարազոր գազի մատակարարի հայտնություն: Բոլոր դեպքերում մոտակա ժամանակներում այդպես չի լինի:

– Փաստորեն, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հենց այս համաձայնագրի՞ հետ կապված էր Հայաստանում:

– Այդ նպատակով և դրանից ենթադրյալ նպատակով` ճշգրտել գազի սակագնային հնարավորությունները, որից այստեղ բարելավումներ կարելի է ակնկալել: Բայց այստեղ մի լուրջ խնդիր կա, որ Հայաստանի ներսում սակագնի գոյացման մեխանիզմը` թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում, բավականին անթափանց է, բավականին արխաիկ մեթոդներ են կիրառվում, մոտեցումներն առնվազն 10-15 տարով հնացած են, թվերը հիմնավորված չեն: Կարճ ասած` այստեղ հայկական կողմի բացթողումները շատ մեծ են, և պետք է մենք ինքներս կարգի բերենք մեր սակագնային համակարգը:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ-ում հայտարարեց, որ գազի սակագինը՝ մինչև հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը, հնարավոր է, իջեցվեն: Ըստ էության, ստացվում է, որ այս տարածաշրջանային համագործակցության շրջանակներում է մեզ մոտ գազի գինն իջնելու:

– Ասում եք` իջնելու է, բայց ստացվում է «ցիրկ»: Ստացվում է, որ մինչ այժմ այդ գինն ավելի բարձր էր, քան պետք է լիներ, ստացվում է, որ ոչ մեկը հստակ չի տիրապետում գործող միտումներին և հստակ թվաբանությանը: Այս պահին կասկածում եմ, որ որևէ մեկը հստակ պատասխանի, թե ինչպիսին են մեխանիզմները, և ինչպիսին պետք է լիներ խելամիտ սակագինը գազի այս կամ այն գնի դեպքում՝ մեր սահմաններից դուրս կամ հենց սահմանին: Դրա մեջ է խնդիրը, որ հստակություն չկա: Եվ այսպիսի անորոշ պայմաններում հայտարարել, որ կարելի էր իջեցնել, կարելի էր բարձրացնել, դա բացարձակ լուրջ տպավորություն չի թողնում: Եթե կարելի էր իջեցնել, ապա ինչո՞ւ չէր իջեցվում, երբ գազի գինն իջնում էր ամենուրեք, կամ ընկնելուց ինչքա՞ն պետք է իջնի: Հստակություն է պետք: Անորոշության մեջ պահել մի ամբողջ հանրապետություն՝ ուղղակի անթույլատրելի է:

Ծավալների առումով Հայաստանը ստանում էր այն, ինչ կարող էր ստանալ, և ինչ անհրաժեշտ էր Հայաստանին, իսկ գնի առումով, կարծում եմ՝ գոնե սահմանի վրա խելամիտ գին էր: Արտառոց բան այդտեղ չկա: Այլ խնդիր, որ մեր հասարակության համար գազն ու էլեկտրաէներգիան դառնում են շատ թանկ: Ընդ որում` այստեղ նորից նրբություն կա. դրանք դառնում են շատ թանկ ու անմատչելի ոչ թե՝ բացարձակ իրենց արժեքներով, այլ՝ համեմատած միջին հայկական ընտանիքի երաշխավորված եկամուտների հետ: Համաշխարհային բանկը մի թիվ էր հրապարակել, որ կոմունալ վճարները կազմում են հայկական ընտանիքի եկամուտների մոտ 10%-ը: Կարծում եմ` այստեղ մեր գործընկերները շատ կոպիտ սխալ են թույլ տվել: Իրականում այդ մասնաբաժինը շատ ավելին է:

– Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան քառակողմ համաձայնագրի պայմանները որքանո՞վ են բարենպաստ մեզ համար:

– Այդ հարցի անկեղծ պատասխանը հետևյալն է` ժամանակը ցույց կտա, որովհետև մանրամասներին շատ քիչ մարդ է տիրապետում, իսկ բանակցությունների ընթացքին` ավելի քիչ մարդ: Մի բան ակնհայտ է, որ սա առաջին լուրջ հնարավորությունն է` ճեղքել էներգատրանսպորտային շրջափակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս