«Իմ սադիստ ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ իմ սրտի նոպայի գնով ստանալ իր ուզած տեսարանը». դերասան Դավիթ Հակոբյան
«Կյանք ու կռիվը» կունենա նաև հեռուստատեսային տարբերակ
Ֆիլմ, որն առաջին իսկ կադրից բռնում է հանդիսատեսի բաց նյարդն ու բաց չի թողնում մինչև վերջին տիտրը: Ֆիլմ, որը հեռու է պսևդոհայրենասիրությունից և լի է մարդասիրությամբ և ուրեմն՝ հայրենասիրությամբ: Ֆիլմ, որը մեկանգամյա դիտման համար չէ, այլ կերպարներով և հերոսներով հարուստ մի աշխարհ, որտեղ դու տեսնում ես քեզ, ինձ, նրանց՝ մեզ:
«Յուրաքանչյուր հասարակության ներսում երիտասարդությունն ամենաընկալողունակ, ամենաակտիվ հատվածն է, որը լիիրավ ընդունակ է ինչ-որ բան փոխելու: Մերօրյա երիտասարդները ոչ միայն կարողանում են հմտորեն շրջանցել դժվարությունները, այլև հակված են նորի ստեղծմանը, նրանք բազմակողմանի զարգացած են, ձգտող, իսկ ամենակարևորը՝ արարող:
Մերօրյա հայ երիտասարդը ջանում է լինել մրցունակ, պայքարող: Պայքարող՝ իր իրավունքների, շահերի ու հայրենիքի համար: Եվ հենց այս երիտասարդության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում տեղի կունենա Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի հանդիպում և քննարկում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Հենց այդ քննարկումների ժամանակ էլ պարզվեց, թե ինչո՞ւ են որոշ տեսարաններ նկարահանել շտապօգնության մեքենայի գաղտնի ներկայությամբ, ի՞նչ տեսարաններ են հանվել ֆիլմի վերջնական տարբերակից և, որ ամենակարևորն է, բոլոր նրանց համար, ովքեր անչափ սիրեցին այս ֆիլմը՝ շուտով ֆիլմն ունենալու է հեռուստատեսային տարբերակ ևս:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ուսանողներին իր խոսքն ուղղեց «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը: Նա պատմեց, թե առհասարակ ինչպես է ծնվել ֆիլմը, և կիսվեց ուսանողների հետ, թե մինչ օրս ո՞րն է եղել «Կյանք ու կռիվ» ֆիլմի ամենապատասխանատու ցուցադրությունը:
«Իմ սերունդ այն սերունդն է, ով իր կրթությունը հիմնականում ստացել է ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում: 90-ականների սկզբին փոխվեց ամեն բան: Փոխվեց երկիրը, փոխվեցին մարդկանց փոխհարաբերությունները, և փոխվեց խաղաղ իրականությունը: Սկսվեց պատերազմ, և մեր ընկերներից շատերը գնացին ռազմադաշտ: Ես, իմ ընկերների հետ, «կռվում էինք» մեկ այլ դաշտում:
Մենք խաղում էինք КВН: Եվ խոսքով, հումորով հաղթելով՝ մենք տալիս էինք էներգիա մեր հայրենակիցներին: 25 տարի աշխատելով Հայաստանում, իսկ «Շարմ» ընկերությունն արդեն 25 տարեկան է, մեզ մոտ կար զգացողություն, որ ինչ-որ մի շատ կարևոր բան մենք չենք տվել մեր սերնդին: Եվ մենք որոշեցինք նկարահանել ֆիլմ՝ նվիրված մեր բոլոր ընկերներին և այն սերնդին, որ կռվեց 90-ականներին և կյանքի գնով հաղթանակ նվիրեց մեզ այսօր: Ֆիլմը նվիրված է նաև մեզ, որ կարողացանք վերապրել այն ամենը, ինչ մեզ հետ տեղի ունեցավ պատերազմի տարիներին և հետո:
Ամենասարսափելին ինձ համար դա ֆիլմի ցուցադրությունն էր Ղարաբաղում: Քանի որ նրանք ուղիղ խոսող, շիտակ մարդիկ են, և նրանց կարծիքից էր կախված, թե որքանով էր ֆիլմն անկեղծ: Շատ կարևոր էր ինձ համար, թե ինչպիսին կլինի նրանց կարծիքը ֆիլմի ցուցադրությունից հետո: Ի ուրախություն ինձ՝ կարծիքները դրական էին: Եվ այսօրն էլ ֆիլմի համար պատասխանատու օր է, քանի որ երիտասարդները հասարակության ամենապահանջկոտ, ամենաանկեղծ մասն են կազմում: Եվ թե որքանո՞վ լավ կընդունվի ֆիլմը Ձեր կողմից և որքանո՞վ ֆիլմը կօգնի Ձեզ՝ կողմնորոշվելու հետագայում, մեզ համար կլինի լավագույն գնահատականը»,- նշեց նա:
Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ուսանողների հետ անկեղծացավ, որ գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը ֆիլմի նկարահանման ընթացքում ինչ-որ պահ «ցնդել» էր: «Մեկ էլ տեսար՝ գիշերը ժամը 3-ին հեռախոսիդ հաղորդագրություն է գրում՝ իր կերպարի վերաբերյալ առաջարկներով, մտքերով, ասելիքով… Ա՛յ տղա, թող քնեմ…»,- պատմում էր ռեժիսորը:
Հարցին, թե ո՞րն է եղել ամենադժվար պահը նկարահանման ընթացքում, դերասան Դավիթ Հակոբյանը պատասխանեց.
«Դա այն տեսարանն էր, որտեղ ես խնդրել էի ռեժիսորին, որ նա թույլ տա ինձ այդ կադրում մի քիչ երկար մնալ. դա այն տեսարանն է, որտեղ ես պարզապես նայում եմ իմ չկայացած հարսին: Մի գաղտնիք էլ բացեմ: Մի տեսարան կար, որտեղ չէի նկարահանվի, եթե իմանայի, թե ի՞նչ էր ինձ սպասում բակում: Հոգեբանորեն չէի կարող նկարահանվել: Չգիտեմ, թե ո՞վ ասել էր ռեժիսորին, որ ես ժամանակին սրտի խնդիր եմ ունեցել: Սուտ բան է՝ կինս է լուրեր տարածել: Ինձ արգելել են ծխել:
Ինչևէ, կռվի տեսարանը նկարահանելիս, որտեղ ես թոռանս հետ կռվում էի, պարզվել է, որ շտապօգնության մեքենա է եղել ներքևում, որովհետև իմ սադիստ ռեժիսորը պատրաստ էր նույնիսկ իմ սրտի նոպայի գնով ստանալ իր ուզած տեսարանը: Բայց մարդասիրական քայլ արել էր, շտապօգնության մեքենա էր կանչել»:
Դերասան Հայկ Պետրոսյանն իր կամքից անկախ՝ բացահայտեց այն տեսարանը, որը կտեսնենք միայն «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստատեսային տարբերակում, և առհասարակ այն փաստը, որ ֆիլմը կունենա հեռուստատեսային տարբերակ ևս:
«Ֆիլմի հեռուսատատեսային տարբերակում կտեսնեք այն տեսարանը, որը շատ դժվար էր ինձ համար, որը, սակայն, դուրս հանվեց ֆիլմի էկրանային տարբերակից: Տեսարան, որտեղ ջղայնացած Լևոնը գալիս է Տիգրանի մոտ և ասում. «Չես ուզո՞ւմ հաշտվես այն մտքի հետ, որ Աննան իմ կինն է»: Մի խոսքով, ասում է՝ յան տուր է՛լի, ապեր:
Ասում է, որ սա միայն Տիգրանի կռիվը չէ, այլ ինքը ևս կռվում է՝ զենք, դեղամիջոցներ է ուղարկում… Եվ այդ ընթացքում նաև ներողություն են խնդրում միմյանցից, հաշտվում են: Այսինքն՝ մի տեսարան, որտեղ պետք է կռվելուց մինչև հաշտեցում՝ անկեղծ խաղալ, և, որ դա չլինի շինծու: Երկու րոպեում՝ տարբեր էմոցիաներ, շատ բարդ է խաղալ: Ընդհանրապես պարոն Մկրտչյանը մի այնպիսի զարմանալի կարողություն ունի՝ նկարահանումից առաջ քեզ հետ խոսում է բոլորովին այլ թեմաների շուրջ, իսկ երբ հայտնվում ես կադրում, ունենում ես այն տրամադրությունը, որը պետք է տվյալ տեսարանի համար: Ես իրոք չգիտեմ, թե ինչպե՞ս է նա դա անում»,- պատմում է Հայկը:
Գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի համար ամենադժվար տեսարանները նրանք են, որտեղ պետք է պարզապես զրուցել, որ այդ զրույցի անկեղծությունը լինի 100 տոկոսանոց:
«Ինձ համար բարդ էր սեր խոստովանելու տեսարանը եկեղեցու բակում: Երկու օր նկարել ենք, երկու անգամ, և ըստ իս՝ երկրորդ օրն առավել համոզիչ էր»,- նշեց նա:
Ի դեպ, դերասան Սամվել Թադևոսյանին կարելի է լիիրավ համարել «կինոյի միջի տղա», որին սիրահարված է ֆիլմը դիտող իգական սեռի մեծամասնությունը: Հենց նրանք էլ գրեթե «բոյկոտում» էին իրենց հարցերով թե՛ ռեժիսորին, թե՛ դերասանուհուն: Դժգոհությունները վերաբերում էին, թե ինչո՞ւ դերասանուհին չսպասեց և ամուսնացավ Տիգրանի ընկերոջ հետ, ինչո՞ւ Տիգրանը միայն վերջում համարձակվեց սեր խոստովանել, և, ի վերջո, ի՞նչ պարտադիր էր, որ նա մահանար… Դե իսկ սելֆիների տեղատարափը «կինոյի միջի տղայի» հետ սկսվեց այն պահից ի վեր, երբ աղջիկները զգացին, որ գլխավոր դերակատարն «իրենց տիրապետության տակ է»:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն անկեղծացավ՝ նշելով, որ ամենաբարդն այն տեսարաններն էին, որտեղ կադրում 200 հոգի մարդ կար:
Մեր հարցին՝ փորձե՞լ է ճշտել 90-ականների և ապրիլյան պատերազմի մասնակիցներից, թե որքանո՞վ է ճիշտ, անկեղծ այն պատերազմը, որը ներկայացված է էկրանին, ռեժիսորը պատասխանեց.
«Համենայն դեպս, բոլոր այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնք կռվել են, տեսել են այդ սարսափը և նայել են ֆիլմը, ինձ չեն ասել, որ՝ գիտե՞ս, սուտ է, կեղծ է: Մենք փորձել ենք անել լավագույնը: Կարող է և՝ 100 տոկոսով չի ստացվել այնպես, ինչպես եղել է ռազմի դաշտում՝ 90-ականներին, համենայն դեպս, մենք փորձել ենք լավագույնս ներկայացնել: Եվ, ի վերջո, պետք է հիշել, որ սա կինո է»:
Հարցին, թե ֆիլմում պայթեցված ուղղաթիռներն իրակա՞ն էին, թե՞ սպեցէֆեկտներ, ռեժիսորը կատակով պատասխանեց.
«Հենց անգործ նստած սուրճ էինք խմում, զանգում էինք «Շարմ» ընկերություն, խնդրում էինք, որ մի հատ թարմ ուղղաթիռ ուղարկեն՝ պայթեցնենք, զբաղվենք»:
Լուսանկարները՝ «Շարմ հոլդինգի»