Տաղ հակակոռուպցիոն կամ եղծ ընծայոց

Առջևում Ամանորյա տոներն են։ Դրանց նախորդելու են Ծննդյան տոները, որոնք կաթոլիկները նշում են մի քանի օր շուտ։ Հայաստանում ևս կաթոլիկներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան։ Մինչև ամանորյա տոները կան էլի բազմաթիվ մանր, սակայն ոմանց համար՝ կարևոր տոներ։ Մասնավորապես՝ բազմաթիվ բարձրաստիճան և միջին ու միջինից ցածր աստիճանի պաշտոնյաների ծննդյան տարեդարձներ են լինելու, որոնք նրանց հարազատների, բարեկամների ու հատկապես ենթակաների համար իսկական տոներ են՝ դրանից բխող բոլոր հոգեպարար ու նյութական հետևանքներով։

Ամանորյա ու Ծննդյան տոները հայ իրականության մեջ կարևոր են ու տեղ ունեն այնքանով, որ դրանք ընծայատու ու նվերընդունիչ տոներ են։ Իսկ որքան բարձր է նվերի հասցեատերոջ պաշտոնը, ու որքան մեծ են նրանից նվիրողի ունեցած սպասելիքներն ու հաշվարկները, այնքան ավելի թանկարժեք է ընծան։ Պատկերացրեք՝ Ամանորյա ուրախ տրամադրություն, և նախարարի տան դուռը թակում է նրա փոխնախարարը, կամ վարչության պետի դռան համեստ զանգը սեղմում է նրա տեղակալը… վարչապետի ու նախագահի առանձնատներին հասանելիության նկարագրությունը տեխնիկական ու հասկանալի պատճառներով չենք ներկայացնում, բայց կարելի է պայմանականորեն պատկերացնել, որ դա տեղի է ունենում թիկնազորի պետի, պետի տեղակալի, ավագ թիկնապահի ու ավագ թիկնապահի տեղակալի ու վերջինիս տեղապահի դռները թակելու ճանապարհով։

Եվ ուրեմն, Ամանոր, բարձր տրամադրություն, ու ղեկավարի Ամանորն ու հատկապես Սուրբ Ծնունդը շնորհավորելու է գնում նրա տեղակալը, ում համար այցը ոչ թե տոնական է, այլ աշխատանքայինից ավելի աշխատանքային, քանի որ կարող է ապավինել ղեկավարի տոնական տրամադրությանն ու իրեն տեղավորելով այդ տրամադրության մեջ՝ ցրցամ տալ պաշտոնի բարձրացման, ատկատի ստացման կամ աներորդուն իր տեղակալ նշանակելու թեմաները։ Այսինքն՝ տեղակալի համար նման այցը խիստ աշխատանքային է, իր հետ տարված նվերն էլ՝ իսկական ներդրում։

Եվ ահա, նման պայմաններում տեղի է ունենում շնորհավորում։ Ենթակայի կողմից։ Ղեկավարին։ Համապատասխան նվերով։ Ոչ առանձնապես մեծ։ Ասենք, Այվազովսկիի կտավ՝ պատից կախելու համար, կամ Սվարովսկիի ադամանդաշար վզնոց՝ ղեկավարի կնոջ վզին փարելու համար, կամ, ասենք, մի քանի թղթի կտոր, ընդամենը մի քանի բաժնետոմս՝ որևէ աֆրիկյան հանքի կամ արաբական նավթահորի սեփականաբաժնությունը հավաստող։ Հնարավոր են նաև ավելի մանր նվերներ՝ նոր սերնդի որևէ «Ռոլս-Ռոյսի» կամ «Մազերատիի» բանալիների տեսքով, անգամ փոքրիկ մի սափոր, որը պատկանել է ընդամենը Մերիլին Մոնրոյին կամ որևէ արևելյան քրմուհու ու գնվել է որևէ աճուրդում ընդամենը մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգով…

Տոներն ու ծննդյան տարեդարձները, այսպիսով, ունեն քանդաշինիչ նշանակություն։ Քանդում են կոռուպցիայի դեմ պայքարի առասպելը՝ շինելով, սակայն, առանձին հայորդիների կա՛մ կարիերան, կա՛մ բիզնեսի ապագայի պայծառացումը։ Տոներն այն միջավայրն են, որը փոխելու մասին այդքան գեղեցիկ ու վստահ խոսում է վարչապետը՝ կոռուպցիայի դեմ պայքար ծիրին մեջ։ Նա, սակայն, առանձնապես չի մասնավորեցնում ու չի դետալացնում այդ պայքարի համար անհրաժեշտ քայլերը՝ չիջնելով կամ չբարձրանալով «միջավայրը փոխելու» մասին բարեհունչ արտահայտության մակարդակից։

Չի մասնավորեցնում, որովհետև իրատես է այնքան, որ չի կարող խոստանալ վերացնել բոլոր ղեկավարների ու ենթակաների շփումներն ու փոխայցերը, սանիկների գոյությունն ու կնքահայրերի նշանակումը։ Նա չի կարող հայտարարել, որ արգելելու է Հայաստանի պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին, օրենսդիրներին ու գործարարներին՝ ապրել, քանի որ Հայաստանում վերնախավ կոչվող հավաքականության կյանքը սկսվում ու բովանդակվում է հենց վերը նշված նվերամաղարիչային փոխշահավետությամբ։ Վարչապետն արդարաբար չի հայտարարում, որ վերացնելու է պետական տոնացույցը ու բոլոր պաշտոնյաների կենսագրությունները պակասեցնելու է մեկ օրով՝ դրանցից հանելով ծննդյան օրերը, ու չի հայտարարում, որ պաշտոնյաների զավակներին արգելելու է մկրտվել ու ամուսնանալ ու հռչակել կնքահայրեր ու կնքամայրեր։

Վարչապետը հաճելիորեն ազնիվ է։

Տեսանյութեր

Լրահոս