«Որքանով ԱՄՆ-ին կհաջողվի ստիպել Ռուսաստանին խաղալ ամերիկյան կանոններով». Մեհրաբյան

168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, ՄԱՀՀ-ի ասոցիացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողովը։ Ինչո՞վ նշանավորվեց այս գագաթաժողովը ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների, մասնավորապես~ Հայաստանի համար։

– Դրա լավագույն գնահատականն առաջինը բարձրաձայնեցին ռուսական իշխանամետ ԶԼՄ-ները, հենց հաջորդ օրը, իսկ բուն հանդիպման ժամանակ՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այսինքն, ընդհանուր առմամբ՝ «լեռը մուկ ծնեց», ռուսներին մեծ հաշվով չհաջողվեց իրականացնել իրենց մտահղացումը, այսինքն, ՀԱՊԿ անդամ-պետություններին ներքաշել ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ իր դիմակայության մեջ, նույնիսկ քարոզչական մակարդակում: Չստացվեց լուծել նույնիսկ պարզ ընթացակարգային խնդիրներ, ինչպես գլխավոր քարտուղարի հարցը, այն շարունակեց «մնալ» պարոն Բորդյուժայի ուսերին, և ճռճռան հռետորաբանության հետևում այդպես էլ չերևաց, թե ինչ էր իրենից ներկայացնում Հայաստանի «նախագահությունն» այդ անիմաստ կառույցում, որը փոխանցվեց Բելառուսին, և պարզ չէ, թե ինչ, ինչպես և ինչու է անելու առաջիկա տարվա ընթացքում Բելառուսը: Համենայնդեպս, Հայաստանի հարկատուներին, որոնց գրպանի հաշվին այդ հավաքը կայացավ, դժվար թե հասկանալի լինի, թե դրա իմաստը որն էր, բացի Ռուսաստանի՝ սեփական «կարևորությունն» ընդգծելուց:

– Ըստ մի շարք գնահատականների՝ այս միջոցառումը ևս մեկ անգամ բացահայտեց կառույցի անարդյունավետությունը՝ դրանում ներգրավված բոլոր երկրների անվտանգության մարտահրավերներին պատասխանելու հարցում։ Այնուամենայնիվ, նույն գնահատականների համաձայն, թերագնահատել ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի համար չի կարելի։ Ի՞նչ դերակատարություն ունի ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության, պաշտպանության գործում, և ի՞նչ գործառույթներ պետք է իրականացներ, որ չի իրականացնում։ Այս կոնտեքստում կխնդրեմ գնահատել նաև ՀԱՊԿ-ի անդրադարձը ԼՂ հակամարտությանը, որքանո՞վ էր գոհացնող հայտարարությունը։

– Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում ենթարկվում է նույն տրամաբանությանը, ինչ անդամակցությունը ռուսական գերակայության հաստատման ցանկացած այլ կառույցում: Այսինքն, անդամակցելը ոչ թե խնդիրները լուծելու համար է, այլ նրա համար, որ Մոսկվան հանկարծ խնդիրներ չստեղծի, ինչը ներկայիս դրությամբ կարող է սպառնալիքի վերածվել Հայաստանի համար: Հայաստանի անվտանգության և պաշտպանության հարցերը մասամբ լուծվում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարթության վրա, որը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ: Իսկ թե որքան կապ չունի՝ ցույց տվեց քառօրյա պատերազմը: Մենք տեսանք, որ դաշնակից չունենք: Կասկած չունեմ, որ այդ պատերազմը չէր լինի, եթե մեր «ռազմավարական դաշնակիցը» մի քանի միլիարդի հարձակողական զենք չվաճառեր Ադրբեջանին, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ: Էլ որտե՞ղ է մնում ՀԱՊԿ-ն: Այո՛, իհա՛րկե աբսուրդի դաշտում:

– Երևանյան գագաթաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման գործում։ Սա ի՞նչ ուղերձ էր Թուրքիային և Հայաստանին։

– Այստեղ որևէ նոր բան չկա: Մոսկվան երբեք չի՛ թաքցրել իր ցանկությունը՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան գործարքի հարթություն: Ընդ որում, Մոսկվայի այդ անթաքույց ձգտման վրա «խաղում» է Բաքուն, և այդ «խաղում» նրան սատարում է Անկարան: Հիշեցնեմ նաև, որ Երևանյան գագաթաժողովին, և դրա շրջանակներում՝ Լավրովի՝ Ձեր վկայակոչած հայտարարությանը հաջորդեց Մարիա Զախարովայի նույնաբովանդակ հայտարարությունը: Ընդ որում, տիկին Զախարովան դա ասաց, երբ Հայաստանի ԱԳ փոխնախարար Քոչարյանն արտահայտել էր Երևանի մոտեցումը: Այն է. Թուրքիան պետք է հնարավորինս հեռու մնա Ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Այսինքն, Մոսկվան շարունակում է իր երկդիմի խաղը. աջ ձեռքով նա «կառուցողական» թատրոն է ցուցադրում Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում, իսկ ձախով՝ նախ՝ զինում Ադրբեջանին, խրախուսում Բաքվի մաքսիմալիստական և լկտի պահվածքը, և Անկարայի հետ միասին փորձում վիժեցնել Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հռետորական հարց. ինչո՞ւ իրականություն չեն դառնում Վիեննայի պայմանավորվածությունները, մի՞թե Ալիևն ինքնագլուխ կարող է դա շրջանցել, եթե չունենա իր մեջքին Մոսկվայի սատարումը: Շեշտեմ, ոչ թե Անկարայի, ինչի մասին շատ է սիրում խոսել ռուսական քարոզչությունը Հայաստանում, այլ հե՛նց Մոսկվայի:

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ է կատարվում կարգավորման գործընթացում։ Օրերս Ադրբեջանի նախագահը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական ԶԼՄ-ներից մեկին՝ նշելով, որ փոխզիջում հնարավոր է. «ԼՂ-ն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»։ Իր հերթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը վերջերս նշել էր, թե պետք է վերանայվեն այն փոխզիջումները, որոնք տեղ են գտել Մադրիդյան սկզբունքներում։ Ինչի՞ մասին են վկայում կողմերի նման դիրքորոշումները։

– Ալիևը նաև ուշագրավ հայտարարություն է արել Բաքվում, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ընդ որում, դատելով, դրան հաջորդած՝ ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցից, որտեղ նա բողոքում է Արևմուտքից և գովաբանում Պուտինի «արժանապատվությունը և ծայրահեղ ազնվությունը», դժվար չէ եզրակացնել, որ այդ ստիպողն Արևմուտքն է՝ հակառակ Ռուսաստանի դիրքորոշման: Ալիևն առաջարկում է «ինքնավար հանրապետություն» Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ին, որտեղ մեծացել է մի սերունդ, որը ոչ միայն չի տեսել, այլև չի էլ ուզում տեսնել և նույնիսկ լսել «Ադրբեջանի կազմի» մասին: Դա ունի շատ պարզ բացատրություն: Երբ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մի քանի տուն մի քանի ժամով հայտնվեցին Քառօրյա պատերազմի ժամանակ «Ադրբեջանի կազմում», ապա բոլորը տեսան, թե ինչ պատահեց այն ծերունիների հետ, որոնք չէին հասցրել հեռանալ… Հետևաբար, ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի՛: Եվ բողոքելու փոխարեն պարոն Ալիևը վաղ թե ուշ չի կարող չհաշտվել այդ մտքի հետ: Պետք է բոլորին պարզ լինի, որ ցանկացած այլ որոշում, ԼՂՀ անկախությունից բացի, կնշանակի հարյուր տարի առաջվա ողբերգության կրկնություն, ինչը հայ ժողովուրդն ուղղակի չի հանդուրժելու ոչ մի դեպքում, և Բաքուն ուղղակի բախվելու է աշխարհի բազմամիլիոն հայության կողմից միահամուռ ցասմանը և արժանանալու է անխուսափելի պատժին:

Եթե Մոսկվան խոսում է «ինչ-որ միջանկյալ» կարգավիճակի դիմաց հինգ շրջաններից հայկական զորքերի դուրսբերման մասին, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ առաջ ընկնելով՝ հայտարարում, թե Մոսկվայի հետ այդ հարցում «արդեն պայմանավորվել են», ինչն ուղղակի ծիծաղելի է, ապա Արևմուտքում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, թե՛ քաղաքական վերնախավերում, թե՛ հասարակություններում, ձևավորվել է այն համոզմունքը, որ Ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման ճանապարհն անցնում է ԼՂՀ անկախության լիակատար ճանաչման «միջով»: Եվ հենց դրանի՛ց է բողոքում Ալիևը:

Մինչ տարեվերջ, ըստ ամենայնի, սպասվում է նոր ակտիվ փուլ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որի ընթացքը կախված կլինի նրանից, թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի ստիպել Ռուսաստանին՝ խաղալ ամերիկյան կանոններով: Մասամբ դա հաջողվեց Վիեննայի հանդիպմանը: Սակայն, ցավոք, այլ առաջնահերթություններ ի հայտ եկան միջազգային հարաբերություններում՝ Սիրիա, Ուկրաինա, ներգաղթյալների խնդիր և այլն:

Եվ Ռուսաստանին մասամբ հաջողվեց լղոզել Վիեննայի արդյունքները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմամբ, փորձելով շեշտել նաև սեփական նշանակությունը, որից հետո, կարծես, գործընթացը սառեցվեց: Իսկ հիմա գործընթացը գնում է դեպի նոր ակտիվացում, Ալիևը նույնիսկ բարեհաճել է համաձայնել նոր հանդիպման Սերժ Սարգսյանի հետ:

– Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների կասեցումը սիրիական ճգնաժամի շուրջ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ԱՄՆ համագործակցության, ինչպես նաև՝ շփման գծում տիրող իրավիճակի վրա։

– Սիրիական ճգնաժամը վերաճել է հումանիտար աղետի, չորս միլիոնանոց Հալեպը, որտեղ բազմահազար հայ համայնք կար, վերածվել է ավերակների, որտեղ ծվարած մարդիկ շարունակում են անխնա սպանվել ռուսական ռմբակոծությունների և Մոսկվայի խամաճիկ Ասադի հանցագործ ռեժիմի գործողությունների պատճառով: Բնականաբար, Վաշինգտոնում եկան վերջապես այն համոզմանը, որ Ռուսաստանը ներխուժել է Սիրիա ոչ թե միջազգային հանրության համար խնդիրներ լուծելու, այլ խնդիրներ ստեղծելու համար, և Մոսկվան Սիրիայում ոչ թե պրոբլեմի լուծում է, այլ ինքնին պրոբլեմ: Այն էլ՝ մեծ պրոբլեմ: Եվ Մոսկվան հաշվի է նստում ոչ թե հորդորների, այլ իրողությունների հետ, այսինքն, նրա համար սահմաններն անցնում են ոչ թե բարոյական և հումանիստական արգելքներով, այլ այնտեղով, որտեղ նրան վճռականորեն զսպում և սահմանափակում են: Ներկայումս ակտիվորեն խոսվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր՝ «սիրիական փաթեթի» մասին, Մոսկվայի գործողությունները որակվում են՝ որպես ռազմական հանցագործություն, որն անհրաժեշտ է դիտարկել Հաագայի Միջազգային քրեական դատարանում:

Բնականաբար, այս մթնոլորտը չի կարող նպաստավոր համարվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բացի դրանից, ԱՄՆ նախագահական ընտրությունները, Օբամայի ժամկետի լրանալը, նոր կառավարության ձևավորումը, դրան հաջորդող հարյուր օրը՝ այդ ամենը ժամանակ է պահանջելու և ենթադրում է որոշակի «անցման շրջան» գոնե մինչև հաջորդ տարվա ապրիլ, ինչն օբյեկտիվորեն նվազեցնում է հնարավոր դիվանագիտական «ճեղքումների» հավանականությունն առաջիկայում, նշածս ժամանակահատվածում: Մյուս կողմից, դա հնարավորություն է տալիս Հայաստանին կենտրոնանալ ներքին ռեսուրսների բարելավման վրա, անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրները լուծելու վրա, «ներքին մաքրության» աշխատանք տանելու վրա:

Տեսանյութեր

Լրահոս