Էլինար Վարդանյանը՝ ընտրություններից առաջ «անվստահության» մթնոլորտ ստեղծող մեխանիզմների մասին
«Այսօր քննարկվող նախագիծն իրենից ներկայացնում է այն փոփոխությունները, որոնց մասին այս ամբիոնից խոսել են բազմաթիվ պատգամավորներ, «Համախմբում» կուսակցության իմ գործընկերները, խոսել եմ ես»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ընտրական ցուցակների հրապարակայնությունն այն կարևոր գործիքներից, մեխանիզմներից է, որը հնարավորություն կտա բացառելու ընտրությունների ընթացքում իրականացվող կեղծիքների մի որոշակի զանգվածը։
«Բայց արդյոք այս գործիքն ապահովելո՞ւ է իրապես թափանցիկ ընտրությունների իրականացում, արդյոք այս գործիքն այսօր հնարավորությո՞ւն է ընձեռելու, որ բացառենք այն, որ ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումներով, իհա՛րկե ոչ։ Երեկ այս ամբիոնից Դավիթ Հարությունյանը բավականին լուրջ հիմնավորումներ բերեց հօգուտ այս նախագծի, իհա՛րկե, չհամաձայնել այդ հիմնավորումների հետ հնարավոր չէ, բայց Դավիթ Հարությունյանը, նաև այստեղ նստած յուրաքանչյուր պատգամավոր գիտեն, որ, բացի այս մեխանիզմներից, գոյություն ունեն բոլորովին այլ մեխանիզմներ, որոնք ընտրություններից առաջ իրապես ազդում են ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա։ Երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձում ես հանդիպում կազմակերպել որևէ թաղամասի բնակիչների հետ, և թաղամասի բնակիչները դուրս չեն գալիս հանդիպման՝ հիմնավորելով, որ որևէ մականունավոր թաղային հեղինակություն պարզապես թույլ չի տալիս իրենց ներկա գտնվել այդ հանդիպմանը, կարծում եմ՝ այդ մեխանիզմն այդ խնդրի դեմ պայքարելու հնարավորություն չի ընձեռելու»,- հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընտրությունները կեղծելու գործիքները տարբեր են, և դրանք կիրառվում են արդեն իսկ նախորդ օրվա ընթացքում, և դա իր ազդեցությունն է ունենում ընտրությունների հանդեպ վստահության նկատմամբ. «Երեկ այս ամբիոնից հայտարարվում էր, որ անհիմն հայտարարությունները կարող են խարխափել ընտրությունների հանդեպ վստահությունը, ես կարող եմ դրա դեմ բերել հակափաստարկ։ Մարդկանց մոտ անվստահությունը պայմանավորված է ոչ թե անհիմն բերված հայտարարություններով, այլ մարդիկ ընտրությունների նկատմամբ անվստահություն ունեն այն գործոններով, որ տեղի են ունենում նախորդ օրերի ընթացքում»։
Է. Վարդանյանի խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ մեր ընտրական համակարգն այն համակարգը չէ, որի մասին շուրջ երկու տարի խոսում էին՝ պայմանավորելով սահմանադրական փոփոխությունների հետ. «ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումները մարդկանց թույլ տվեցին հասկանալու, որ, երբ ընտրություններից հետո արդեն իսկ ընտրված մարդկանց նկատմամբ կիրառում են ինչ-որ մեթոդներ, որպեսզի իրենց ձայները վերցնեն, կլինի դա ահաբեկչություն, կաշառել, ինչ-որ կերպով ազդեցություն, նշանակում է՝ ունենք խնդիր քաղաքական ընտրական մշակույթի հետ։ Այս ձևով ոչնչացվում է քաղաքական համակարգը»։