Նոր Սահմանադրության պայմաններում ՀՀ գլխավոր զինվորական պաշտոնյան ԳՇ պետն է. Շարմազանովը պատասխանել է Սամվել Բաբայանին
Հայաստանի նոր Սահմանադրության պայմաններում զինվորական գլխավոր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, իսկ պաշտպանության նախարարի առջև ծառացած են ոչ պակաս կարևոր խնդիրներ՝ ռազմաքաղաքական դիվանագիտություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակումը ճիշտ չէ:
«Բնականաբար, դա պարոն Բաբայանի կարծիքն է, որն արտահայտելու իրավունք նա ունի:
Սակայն մենք էլ ունենք մեր կարծիքը: Նոր Սահմանադրության պայմաններում գլխավոր զինվորական պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, որը բավականին լուրջ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ զինվորական է»,- նշեց Շարմազանովը:
Նա համոզված է, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բոլորի օժանդակությամբ կիրականացնի իր առջև դրված պարտավորությունները, իսկ Սամվել Բաբայանը, գուցե, տարիներ անց փոխի իր դիրքորոշումը: