Ընտրությունների ժամանակ տեսանկարահանումը պետք է իրականացնի մասնագիտացված կազմակերպությունը ՀՀ ողջ տարածքում
ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ԱԺ-ում ավելի վաղ քննարկվել է էլեկտրոնային նախնական գրանցման համակարգը ներմուծելու հնարավորությունը, որի հետ կապված կան տեխնիկական բնույթի խոչընդոտներ։
Ըստ նրա՝ քաղաքական ուժերը, որոնք համաձայնության էին եկել նախկինում, մեկ անգամ ևս քննարկեցին հնարավոր մոտեցումները և նպատակահարմար համարեցին հանդես գալ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման այլ, նոր գործիքներ ներդնելու նախաձեռնությամբ։ «Ադյունքում, մի շարք մոդելներ քննարկելուց հետո որոշեցինք կանգ առնել հետևյալի վրա։ Նախևառաջ վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը, և ստորագրած ցուցակները (այն ցուցակները, որտեղ ընտրություններին մասնակցողները դրել են իրենց ստորագրությունը) առանձին փաթեթավորվելու են, ներկայացվելու են առանձին տարածքային ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12-ից, սկսելու են սքանավորման գործընթացը, ամբողջովին սքանավորելու են, և այդ ցուցակները պետք է 24 ժամվա ընթացքում սքանավորված վիճակով հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի առանձին բաժնում։
Ընդ որում, դրանք պետք է պարունակեն թե՛ համապատասխան ընտրական տարածքի, թե՛ ընտրական հանձնաժողովի համարը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ սա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն երկար քննարկումներից հետո հանգել են այն եզրակացության, որ այս փուլում, հատկապես երբ նախնական գրանցման հետ կապված անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ էին առաջացել, վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ շատ կարևոր է, և այս մեխանիզմի ներդրումը և սկզբունքի խախտումը պակաս կարևոր են։
Երկրորդ խումբ հարցերը, ըստ Դավիթ Հարությունյանի, վերաբերում են այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելուն։ Նրա խոսքով՝ այստեղ պետք էր գտնել ճիշտ հավասարակշռությունը. մի կողմից՝ որպեսզի նման անհիմն դիմումներ ներկայացնելու արդյունքում չձախողվի ողջ գործընթացը, մյուս կողմից՝ ներմուծվեն որոշակի մեխանիզմներ, որպեսզի պարզ դառնա, թե այդ դիմումներն ինչպես պետք է քննարկվեն։ Ըստ նրա՝ դիմումների քննարկման համար շատ սեղմ ժամկետ է սահմանված. Ընտրական օրենսգրքում ընտրական ցանկացած դիմում շատ սեղմ ժամկետում պետք է քննվի, և այստեղ միշտ չէ, որ հնարավոր է հասնել օբյեկտիվ ճշմարտությանը։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են ներմուծել որոշակի կանոններ, որոնք վերաբերում են զուտ ընտրական գործընթացներին։ Նրա խոսքով, ըստ կանոնների՝ նման դիմում ստանալու դեպքում, եթե դրանք համապատասխանում են օրենքով սահմանված ձևական պահանջներին, պետք է ուսումնասիրվի առաջին հերթին՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Նրա խոսքով՝ տվյալները, որոնք առկա են այդ համակարգում, չեն կարող համարվել 100 տոկոսով վստահելի այն տեսանկյունից, որ հնարավոր լինի միանշանակորեն պնդել՝ անձը գտնվում է ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խոսքով՝ այնուամենայնիվ դիմումների առկայության դեպքում համակարգը պետք է օգտագործվի, և դրանում առկա ողջ տեղեկատվությունը հասանելի լինի դիմումի քննարկման ժամանակ։
«Եթե պարզվեց, որ ըստ այդ համակարգի՝ անձը չի գտնվել ՀՀ-ում այդ պահին (նորից եմ կրկնում՝ դա չի նշանակում, որ անձը 100 տոկոսով չի գտնվել, դա նշանակում է՝ ամենայն հավանականությամբ չի գտնվել), և չկան այլ ապացույցներ, որոնք վկայակոչում են, որ իրականում անձն է անձամբ քվեարկել, ապա զուտ ընտրական գործընթացների տեսանկյունից կհամարվի, որ այդ անձի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե ինչ եզրակացության ենք հանգում, բոլոր նմանատիպ դիմումներն ուղարկվելու են իրավապահ մարմիններին։
Որպեսզի չչարաշահվի նման դիմումներ ներկայացնելու իրավունքը, սահմանվել են հակակշռող մեխանիզմներ՝ քրեական պատասխանատվություն սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությունով հայտարարություն տալու համար, և այլն։
Մյուս խումբ հարցերը, Դավիթ Հարությունյանի խոսքով, վերաբերում են տեսանկարահանմանը։ Նա ասաց, որ իրենք հանգել էին այն եզրակացության, որ դա չի կարող իր վրա վերցնել պետությունը՝ նման գործիքակազմ չունենալու պատճառով, և լուծումը, որին համաձայնեցին ԱԺ 5 խմբակցությունները, հետևյալն է՝ ֆորմալ առումով գնում իրականացվում է կառավարության անունից, և գնումների կազմակերպման գործընթացում երկու կարևոր մարմին է գործում՝ գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատուն և գնահատող հանձնաժողովը։ Այդ երկու լիազորությունները վերապահվելու են համատեղ, եռակողմ հանձնաժողովին, որը ստեղծվելու է հավասար ներկայացուցչությամբ՝ քաղաքացիական հասարակություն, ընդդիմադիր խմբակցություններ և իշխանություն։
Ըստ նրա՝ տեսանկարահանումը պետք է իրականացնի մասնագիտացված կազմակերպությունը ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով ուղիղ հեռարձակում, ինչպես նաև արդյունքների արխիվացում։