
«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը կարգավորել է Սահմանադրական խորհրդի որոշման հետ հակասությունները». ֆրանսիացի սենատոր

Ֆրանսիայի «Հավասարության և քաղաքացիության» օրենքում փոփոխությունների միջոցով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը հնարավոր է եղել դուրս բերել խոսքի ազատությանն առնչվող խնդիրների հետ բախումից, որոնք 2012թ-ի փետրվարին նշվել ե;ն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ օրենքի վերաբերալ քննարկումների ժամանակ հանդես է եկել Օ դը Սենը ներկայացնող կոմունիստ հանրապետականների խմբակցությունից սենատոր Բրիժիթ Գոնթիե-Մորենը:
«Այս նոր օրենքը կոչված է հանդարտեցնելու երբեմն մասնատված հասարակությանը: Օրենքի այս հոդվածն Ազգային ժողովում ընդունվել է միաձայն, այն առնչվում է ճանաչված բոլոր ցեղասպանություններին, այդ թվում 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը, որը ճանաչվել է 2001թ-ին»,- նշել է Բրիժիթ Գոնթիե-Մորենը
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ են սահմանում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթե համապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60 պատգամավորներ: