Բաժիններ՝

«Հայաստանը խաչմերուկում է, որ պետք է վեկտորը որոշել և հասկանալ` ուր ենք գնում». Աշոտ Խուրշուդյան

Նյու Յորքում օրերս «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ն անցկացվեց «Հայաստանը` որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո։ Այս համաժողովն այնքան էր կարևորվում, որ դրա առաջին` լիագումար նիստին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ համաժողովի նպատակն է` բարձրացնել Հայաստանի և երկրի գործարար միջավայրի մասին իրազեկվածությունը, ներկայացնել Հայաստանի առկա ներդրումային հնարավորությունները և առևտրային ռեժիմները, կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների ու անդրազգային կորպորացիաների հետ: Թե ի՞նչ արդյունավետություն կունենա այս համաժողովը, որքանո՞վ կարող է Հայաստանը ստանձնել  «դարպասի»  դերը, ու ի՞նչ նպաստ կարող է այս ամենին բերել ՀՀ նորաթուխ կառավարությունը, զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

– Հայաստանի ներդրումային միջավայրն այսօր ինչպիսի՞ն է, և կարո՞ղ է արդյոք Հայաստանը դարպաս հանդիսանալ մեծ շուկաներ մուտք գործելու համար։

– Հայաստանը որպես խաչմերուկ ներկայացնելը նոր չէ, և Հայաստանը միշտ է այդպես փորձել ներկայանալ աշխարհին` ներդրումներ ներգրավելու համար։ Ուղղակի, եթե առաջ ներկայանում էր` որպես Արևելք-Արևմուտք խաչմերուկ, Ասիան և Եվրոպան կապող գեղարվեստորեն, գեղեցիկ հնչող նախկին Մետաքսե ճանապարհի կարևոր կետում գտնվող երկիր, այսօր մի փոքր փոփոխություն կա, և ներդրումային այդ համաժողովում փորձ արվեց Հայաստանը ներկայացնել` որպես դարպաս դեպի Եվրասիական շուկա։ Մեր տարածաշրջանում մի յուրահատկություն կա` թուրքերը, վրացիները և ադրբեջանցիները գրեթե նույն կերպ են ներկայացնում իրենց երկրները, այսինքն` Արևելք-Արևմուտքի խաչմերուկ, և այլն։

Մեր դեպքում մենք այդքան էֆեկտիվ չէինք կարողանում այդպես ներկայանալ, որովհետև կար Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գիծը, բայց այսօր իրավիճակն այնպես է փոխվել, որ ԵՏՄ անդամ լինելով` այո, այդ դարպասն ինչ-որ առումով ունենք։ Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է այն օգտագործենք։

Այդտեղ կա 2 խնդիր. նշում եք ներդրումային միջավայրը, բայց առաջնային ամենամեծ խնդիրը Ռուսաստանն է։ Գիտենք` այսօր Արևմուտքն ինչպես է վերաբերվում Ռուսաստանին` պատժամիջոցներ և այլն, այսինքն` քաղաքական գործոնը կարող է շատ մեծ խոչընդոտ կամ փոփոխության դեպքում դրական ազդակ հաղորդի, և Հայաստանը նման դեր ստանձնի։ Դա այսօր ավելի մեծ գործոն է, քան Հայաստանում գործող ներդրումային միջավայրը։ Եվ այդ համաժողովին փորձ արվեց օգտվել մի իրավիճակից, երբ ամբողջ աշխարհում լճացման ժամանակաշրջան է, սպառումն անկում է ապրում, զուտ արտադրելը բավարար չէ, արտադրության մեջ ներդրում չեն անում, անգամ կանգնեցնում են արտադրությունները, ինչը նշանակում է` շատ մեծ փողեր կան, որ չգիտեն` ուր ներդնել։ Ճգնաժամերի ժամանակ այդ խնդիրը միշտ ծագում է։

Բայց այդ ճգնաժամը նաև Ռուսաստանում է։ Այսինքն` այսօր այս պահին անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեծ գումարներ արագ կգան։ Սակայն տնտեսությունն այնպիսի բան է, որ ճգնաժամից, ռեցեսիայից հետո աճ է սկսվում։ Եթե այսօր մենք կարողանայինք ապագա աճի առումով ծրագիր ներկայացնել 2-5 տարվա կտրվածքով, ապա, այո, հնարավոր կլինի հիմա ներդրումներ ներգրավել։ Բայց ես չեմ պատկերացնում դա` զուտ ներդրումային միջավայրի հաշվին, այլ այս պահին դրանք բանակցություններով բերված ներդրումներ կարող են լինել միայն։

– Կառավարության փոփոխությունն ինչպե՞ս է ազդում ներդրողների վրա, արդյոք նրանց վստահությունն ավելի մեծանո՞ւմ է այս կառավարության պայմաններում։

– Կառավարությունը դեռևս ծրագիր չի ներկայացրել, դժվարանում եմ ասել, բայց արված հայտարարություններից նկատվեց մի կարևոր բան` դեպի բիզնեսն ուղղված ինչ-որ խոսքեր, օրինակ` մաքսային սահմանին պետք է ոչ թե նախօրոք սահմանված գներով որոշվի ապրանքի գինը, այլ` ըստ հաշիվ-ապրանքագրի։ Իմանալով պետական բյուրոկրատիան և բյուջեի շատ լարված իրավիճակը, դա նշանակում է, որ կառավարությունը հակված է ինչ-որ առումով աջակցել բիզնեսին, բայց դա հեշտ չի լինի, որովհետև սոցիալական շատ խնդիրներ ունենք։ Հասկանալու համար, թե այդ դիլեման ինչպե±ս կլուծի կառավարությունը, կսպասեմ նրա ծրագրին։

– ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել, ազատ է գործելու, սակայն որքանո՞վ այդ ազատությունը կտարածվի օլիգարխների և արտոնյալների վրա, որոնք անկաշկանդ գործում են ստվերում։

– Գիտեք, ստվերն այնքան էլ խնդիրների աղբյուրը չէ։ Հայաստանի հմնական խնդիրն այդ առումով դատական համակարգն է։

– Բայց դատական համակարգն էլ ենթակա չէ վարչապետին։

– Այո, դիլեման հենց դա է։ Այսինքն` ստեղծված օրվանից ՀՀ-ի և° բոլոր նախագահների, և° կուսակցությունների օրոք ես այդ պատասխանը չեմ լսում` ինչպե՞ս ստանալ անկախ, արդար և պրոֆեսիոնալ դատական համակարգ, բայց միակ լուծումը դա է։ Եթե դու ուզում ես ունենալ օրինական դաշտ, պետք է ոչ միայն պարզապես օրինական աշխատես, այլ ունենաս դատական համակարգ, որն անօրինականի դեպքում համապատասխան պատիժներ կկիրառի։ Դա է, այլ լուծում չկա։ Եվ եթե մենք ուզում ենք Հայաստանում ստվերից ազատվել, խնդիրները լուծել, առաջին հերթին` պետք է ունենանք այդ դատական համակարգը։ Հակառակ պարագայում մի ուժը պարզապես այլ ուժի դեմ կպայքարի։

Զավեշտալի կարող է հնչել, բայց նույն օլիգարխները պետք է ունենան դատական համակարգով պաշտպանվելու իրավունք, որովհետև կարող է նրանց դեմ քաղաքական ուժ կիրառվի, և խնդիրը ոչ թե նրանց օրինական աշխատելը լինի, այլ ընդհանրապես վերացնելը` որպես տնտեսական սուբյեկտ։ Դա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը ես 1-2 օրում չեմ պատկերացնում, բայց այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսել։

Ցանկացած երկրում, եթե ինչ-որ մեկը ներդրում է ցանկանում անել, առաջին հերթին` նայում է, թե ինչպես է սեփականության իրավունքը պաշտպանվում։ Մենք մինչև հիմա այդ չարաբաստիկ ՙհանրային շահի՚ անվան տակ մարդկանց ունեցվածքը վերցնելու պրակտիկայից նույնիսկ չենք հրաժարվում։ Գոնե ցուցադրական հրաժարվեն, ասեն` վերջ, այդ պրակտիկան այլևս չի կիրառվում, օրենքն ավելի խստացնեին, մինչդեռ օրենքից որոշ դրույթներ տարվեցին Սահմանադրություն, և ավելի մեղմացվեց սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, քան նախորդ Սահմանադրությունում էր։ Դրանք կարևոր ազդակներ են, և խոշոր ներդրողն առաջին հերթին` նայում է այդ տեսակի ռիսկերին, որովհետև նույնիսկ քաղաքական շատ ուժեղ կայունություն ունեցող երկրներում քաղաքական փոփոխություն լինում է, և այդ ժամանակ է, որ իրավական դաշտն ու դատական համակարգն են դառնում գործարարի միակ աջակիցը։

– Թե՛ նախորդ, թե՛ այս կառավարության ժամանակ նշվում է, որ կա քաղաքական կամք, տրված են խնդիրները լուծելու ազատություններ, բայց ինչպես Հովիկ Աբրահամյանի կառավարությանը չհաջողվեց հավասար պայմաններ ապահովել դաշտում, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ, առնվազն ֆորմալ առումով, քիչ ժամանակ ունի գործելու և ինչ-որ դրական արդյունքներ ստանալու համար։ Ի՞նչ հույսեր կարելի է կապել այս կառավարության հետ։

– Մենք հավասար դաշտն ենք ասում, բայց մենք այլ նախադեպ ենք ունեցել, երբ ճգնաժամից առաջ և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Տիգրան Սարգսյանի կառավարությունները սկսեցին աջակցել բիզնեսին։ Խոսքն արդեն հավասար դաշտի մասին չէ, այլ կառավարությունը սկսեց միջամտել, և մեծ ծավալով վարկերի, հարկային արտոնությունների տրամադրման պրակտիկան շարունակվեց բավականին երկար ժամանակ։ Երբ երկրորդ ճգնաժամը եղավ, բոլոր նրանք, որ խոստացել էին այդ գումարներով աշխատատեղ ստեղծել և այլն, ավտոմատ կերպով երկրորդ անգամ ընկան փոսը, խնդրեցին նորից հետաձգել ժամկետները, և այլն։

Ցավոք, այդ պրոցեսները, ինչպես հայտարարվեց 2009 թվին, այդպես էլ թափանցիկ չեղան, մենք այդպես էլ հաշվետվություններ չստացանք` բիզնեսին տրված այդ միլիոնավոր դոլարներն իրենց նպատակին ծառայեցի՞ն, թե՞ ոչ։ Բյուջեում տեսնում ենք` վարկերի մի մասը մարվում է, բայց ի±նչ արդյունք տվեցին դրանք։ Եվ խոսքը ոչ թե հավասար հնարավորությունների մասին էր, այլ բիզնեսը փրկելու` կառավարության միջամտության։ Մենք 2 ուղի ունենք` կա°մ նույն ճանապարհով շարունակենք, կա°մ կանգնեցնենք։ Վերջինը վտանգներ է պարունակում, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ կարող են սնանկանալ, բայց հարկատուների հաշվին բիզնես պահելն այնքան էլ արդյունավետ չէ։

– Նաև արտաքին պարտքի։

– Այո, և այսօրվա Հայաստանը նման է հիվանդի, որին շատ հակաբիոտիկներ են տվել, լավացել է ինչ-որ առումով, օրինակ` կառուցվածքային, բայց մեր օրգանիզմն այդ դեղամիջոցներից շատ թույլ վիճակում է։ Ինչպե՞ս վերադառնալ նորմալ կյանքի այդքան խնդիրներից հետո, որովհետև, օրինակ, այդքան արտաքին վարկեր բերեցինք, մի մասը տվեցինք բիզնեսին, մի մասն էլ օգտագործվեց ֆիսկալ միջոցով տնտեսության պահանջարկը մեծացնելու համար, բայց այլևս չենք կարող այդ ծավալի վարկեր վերցնել, մեր օրգանիզմը` մեր տնտեսությունը, արդեն ինքնուրույն պետք է շարունակի գործել։ Թե ինչպե՞ս շարունակի, այս հարցի պատասխանը կառավարությունը պետք է տա` ձեր նշած հավասարության սկզբունքո՞վ, թե՞ փորձելու է միջամտել աջակցության տեսքով։ Բայց եթե մեկին աջակցում ես, ավտոմատ կերպով մյուսներին չես աջակցում։

Աջակցությունը գեղեցիկ է հնչում, բայց այն նաև անհավասար է։ Այդ անհավասարությունն արդա՞ր է, թե՞ ոչ, երկրորդ հարց է։ Կամ կարող է կառավարությունը հայտարարել, որ այլևս չի աջակցելու, մրցակցային միջավայր է ստեղծելու, բիզնեսն ինքնուրույն թող աճի և շարունակի գործել, կամ էլ, օրինակ, տնտեսությունում սնանկացումը շատ հաճախ համարվում է առողջացման մեխանիզմներից մեկը։ Մենք այդ խաչմերուկում ենք, որ պետք է վեկտորը որոշենք և հասկանանք` ուր ենք գնում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս