Բաժիններ՝

«Կրկին սխալ անելու իրավունք չունենք, մեկի պոչը բռնելը սխալ է». Գագիկ Մակարյան

Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո տնտեսական աճի հեռանկարների վատթարացում է արձանագրել՝ կապված 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշների հետ: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս հայտարարեց, որ 2017թ. տնտեսական աճն ավելի բարձր կինի, քան այս տարի, և արտաքին բարենպաստ ազդակների արդյունքում՝ մյուս տարի սպասումները դրական են լինելու։ Կառավարության և ԿԲ սպասումների նման հակասությունն առաջին անգամ չէ և նախկինում էլ է եղել։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում դրական կանխատեսումներ արեց. «Ես կարծում եմ, որ մեր տնտեսական վիճակը կլավանա։ Չնայած որոշակի բացասական տվյալներ կան, բայց զուտ այդ թվերով չպետք է շարժվենք, քանի որ զուտ հոգեբանական մթնոլորտն է փոխվել, աշխուժացում եմ տեսնում գործարարների մեջ, և, ինձ թվում է, որ ռիթմը պահելով՝ այս տարի և մյուս տարի լավ ցուցանիշներ կունենանք։ Ընդ որում՝ ես դա միայն նոր կառավարության հետ չեմ կապում։ Ռուսաստանն առողջանում է, և բավականին արագ տեմպերով, վերջերս Աբել Աղանբեկյանն էլ իր ելույթում դա ասաց, որ ընդամենը 3 տարի հետո Ռուսաստանը բավականին լուրջ տնտեսական աճով՝ մոտ 4%, կգնա առաջ։ Ընդ որում՝ ՌԴ-ն բավականին ֆունդամենտալ քայլեր է անում, այնտեղ կան լուրջ խնդիրներ՝ բիզնեսի, գումարների արտահոսք, բայց ամեն դեպքում առողջացում ևս գնում է։ Դա են վկայում նաև ԱՄՀ-ի զեկույցները, որ Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ է առողջանում, քան ենթադրվում էր։ Ուղղակի պետք է հույս ունենանք, որ ֆորսմարժորային երևույթներ և գլոբալ սրումներ չեն լինի»։

Գ.Մակարյանը նշեց, որ ինքը հայ արտադրողների հետ կապ մեջ է, և նրանք բավականին վերականգնում են իրենց ծավալները։ Ըստ նրա՝ եթե 2014-15 թթ. անհաջող էին, ապա հիմա դրական միտումներ կան։ Միության նախագահի խոսքով՝ արտադրողների եկամտաբերության մարժան դեռևս ցածր է մնում, այսինքն՝ իրենք չեն կարողանում նախկին մինչճգնաժամային գներով վաճառել, բայց քանակների ավելացման շնորհիվ կարողանում են մի փոքր բալանս պահել. «Ընդ որում՝ այստեղ շատ կարևոր է, թե ինչպես մենք կբալանսավորենք մեր հարաբերությունները դրսի հետ։ Քանի որ ԵԱՏՄ-ի օրենքներով ենք սկսում շարժվել, ԵՄ-ից ներկրումը մի քիչ թանկացել է, այդ պատճառով ծավալները մի քիչ կրճատվել են։

Պետք է բալանսը պահենք ու այդ ապրանքները ԵԱՏՄ-ից, հատկապես՝ Ռուսաստանից ներկրենք, որովհետև ՌԴ-ն պայման է դրել արտասահմանյան շատ մատակարարների հետ, որ նրանք ռուբլիով մատակարարեն, և դա ավելի էժան է ստացվում։ Դրա համար հիմա էքսպանսիա կա, որ Ռուսաստանից ավելի էժան ապրանքներ են գալիս Հայաստան, այդ թվում՝ տեխնիկա, մթերք և այլն։ Եթե ֆորմալ նայենք՝ ժողովրդի տեսանկյունից, որ գների էժանություն կա, որը նաև բիզնեսին է լավ, դա և՛ դրական և՛ բացասական կողմեր ունի։ Բացասականն այն է, որ մեր տեղական արտադրողները մի քիչ նեղվում են, գուցե որոշները փակվեն, չդիմանան մրցակցությանը, իսկ դրականն էլ այն է, որ ժողովուրդն է շահում և բիզնեսի այն մասն է շահում, որ ՌԴ-ից հումք է ներկրում»։

Գ.Մակարյանի կարծիքով՝ պետական մարմինները պետք է հաշվարկներ անեն, միտումները գնահատեն՝ ընդհանուր այս իրավիճակում մենք գլոբալ առումով շահելո՞ւ ենք, թե՞ տուժելու։ Ըստ նրա՝ սա կառավարության խնդիրն է, որ ոչ թե՝ տարվա վերջում պատճառաբանություններ բերվեն, թե ինչու չստացվեց, այլ հիմա կանխատեսումները ճիշտ տան և որոշեն քայլերը, թե ինչպես պաշտպանվենք, օրինակ՝ ներքին կարգով ԵԱՏՄ-ի հետ որոշ պրոցեսներ սառեցնենք։

Գ.Մակարյանը շատ կարևորեց, որ այս տարվա վերջում ստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Կրկին սխալ անելու իրավունք չունենք, քանի որ մեկի պոչը բռնելը սխալ է, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Ընդ որում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ն գրեթե միայն ՌԴ-ի հետ է համագործակցում, Բելառուսի, Ղազախստանի հետ հարաբերությունները չենք զարգացնում»։

Ըստ նրա՝ ԿԲ-ի գնահատականները կապված են դրամավարկային քաղաքականության հետ. «Արտահանման ծավալներն աճում են, բայց դրանց մեծ մասը գնում է ՌԴ, և ռուբլի է գալիս, նաև տրանսֆերտներն են ռուբլով, և եվրոյի ու դոլարի ծավալը մեզ մոտ նվազում է, գազի դիմաց վճարում ենք դոլարով, և այլն։ Եթե մեզ մոտ արտաքին պարտքի ծավալը հասել է կրիտիկական մակարդակի, տարվա վերջին, ենթադրվում է՝ կլինի 5.9 մլրդ կամ ՀՆԱ 54%-ը, գուցե ԿԲ-ն այդ կանխատեսումով է դիտարկել, որ մենք սահմանափակենք պարտքեր վերցնելը։ Կա նաև երկրորդ խնդիրը՝ շատ մեծացել է ոչ միայն արտաքին պարտքը, այլ նաև կազմակերպությունների պարտքը, որովհետև վարկերը չեն կարողանում վերադարձնել։ ՀԲ-ից կամ ԱԶԲ-ից ստացված ՓՄՁ վարկերի վերադարձելիությունն է հարցականի տակ, և բանկերում հսկայական գումարի անշարժ գույք կա, այսինքն՝ բանկերը պայթելու վիճակին են հասել, դրանք լեփ-լեցուն են գույքով և պարտավորություններով, որոնք ձեռնարկությունները չեն կատարում։ Այդ կանխատեսումը, հավանաբար, նաև դրա հետ է կապված։ Բայց այս խնդիրները կարելի է չեզոքացնել, եթե կառավարությունը, որ սկսել է հիմա ակտիվ աշխատել և նոր տրամադրություններ է հաղորդում բիզնեսին և, բիզնեսների հետ հանդիպելով՝ փորձում է իր ծրագիրն օպտիմալ կազմել, հակաշոկային քայլեր իրականացնել, դա կարող է դրական ազդեցություն ունենալ։ Եվ բիզնեսը կարող է զարգանալ ու վարկերն ավելի լավ մարել, կամ համաներման մեխանիզմ դրվի, որ բիզնեսը շունչ քաշի։ ԿԲ-ն անելիք ունի, որ բանկերի կողմից հաշվարկած վարկային տույժ-տուգանքները ներվեն բիզնեսին, օրենսդրական փոփոխություներ արվեն, որ կապանքները մի քիչ ազատ արձակվեն։ Լավ է, որ ԿԲ-ն ռիսկերը տեսնում է, բայց պետք է նաև քայլեր անի»։

Գ.Մակարյանը մատնանշեց մեկ այլ խնդիր ևս՝ բանկերում ավանդներ դնելն այժմ ավելի շահութաբեր է, քան այսօրվա բիզնես պայմաններում բիզնեսով զբաղվելը, որովհետև այսօր բիզնեսը 3-4% շահութաբերությամբ է աշխատում, իսկ քաղաքացին կամ բիզնեսը 10-11%-ով ավանդ են դնում բանկում, բանկն էլ 15-18%-ով վարկ է տալիս. «Այսօր ո՞ր բիզնեսն ունի 10% եկամտաբերություն։ Գրեթե ոչ մեկը։ Այսինքն՝ մենք արհեստականորեն հուշում ենք բիզնեսին՝ բիզնեսով չզբաղվել, ավանդ դնել և 10% շահույթ ստանալ։ Բայց դա սխալ է, և պետք է այդ ուղղությամբ քայլեր անեն ԿԲ-ն, Ֆինանսների նախարարությունը, կառավարությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս